Ուզում էին դուխով երեւալ, իրականում «դուշով» իմիջ ստեղծեցին

Ուզում էին դուխով երեւալ, իրականում «դուշով» իմիջ ստեղծեցին

Մի քանի օր ուշացումով Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Իլհամ Ալիեւի հարցազրույցին, որտեղ վերջինս հերթական լկտի, սուտ հայտարարություններն է արել Հայաստանի հասցեին։ Արդյո՞ք Փաշինյանը եւ իր թիմը հասկացել են, որ Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատել հնարավոր չէ, եւ այդ արձագանքը հենց դա է նշանակում։ Փորձեցինք այս հարցը պարզել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀԿ անդամ Հայկ Մամիջանյանի հետ։ 
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Ադրբեջանի նախագահ Ալիեւը հայտարարել էր, թե Երեւանը «հին ադրբեջանական քաղաք» է, եւ որ այն Հայաստանին «հանձնելը» պատմական հանցագործություն էր, որ Ջերմուկն էլ է ադրբեջանական եւ անունն Իստիսու է։ Նա եւս մեկ անգամ խոսել էր, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի մասին։ Սպառնացել էր, որ եթե Հայաստանը կարգի բերի իր բանակը եւ սպառազինվի, իրենք թույլ չեն տալու, որ ստանալու են Տավուշի գյուղերը եւ այլն։ Ի պատասխան այս սպառնալիքներին եւ ցինիզմին՝ Փաշինյանը Գավառում ընդամենը հայտարարեց․ «Ադրբեջանից վերջին շրջանում հնչող հայտարարությունները համարում եմ լրջագույն հարված խաղաղության գործընթացին»։

- Շատերի համար անսպասելի էր Փաշինյանի անգամ այսչափ մեղմ արձագանքն Ալիեւին։ Ըստ Ձեզ, ինչո՞ւ այս պահին որոշեց արձագանքել Ալիեւին։

- Քաղաքական պրոցեսները պետք է ամբողջության մեջ գնահատել։ Փաշինյանի՝ Գավառում արած հայտարարությունը խիստ ուշացած էր եւ բացարձակ ոչ համաչափ՝ Ալիեւի արած հայտարարությունների համեմատ։ ԱԺ-ում էլ Ալեն Սիմոնյանի կողմից արված հայտարարությունները փաստացի արդարացնում էին Ադրբեջանի ռազմատենչ, ագրեսոր հռետորիկան՝ պատճառաբանելով, թե իբրեւ ժամանակին մենք ենք այդպես խոսել եւ այսօր դրա պատասխանն ենք ստանում։ Հաշվի առնելով նաեւ այս հանգամանքները՝ ես չեմ մեկնաբանի Փաշինյանի ասածները։ Դա հենց իրենց ցանկությունն է, որ իրենք իբրեւ օրակարգ թելադրեն, ստեղծեն դուխով տղաների իմիջ։ Չնայած բոլորն արդեն լավ հասկացել են, որ Փաշինյանն առավելագույնը «դուշով» տղա է։

- Մամուլում շրջանառվում են լուրեր, թե Փաշինյանը ցանկանում է այս տարի գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որից առաջ նաեւ ցանկանում է իրականացնել սահմանադրական փոփոխություններ։ Սահմանադրական փոփոխություններ անցկացնելու մասին հայտարարեց նաեւ արդարադատության նախարարը՝ վերջերս տված մամուլի ասուլիսի ժամանակ։ Փաշինյանի քայլերում Դուք տեսնո՞ւմ եք նման ցանկություն՝ անցկացնել արտահերթ ընտրություններ։

- ՀՀԿ-ն բազմիցս հայտարարել է, ես եւս վերահաստատում եմ, որ Փաշինյանն ունակ չէ անցկացնել արդար, թափանցիկ ընտրություններ ցանկացած պահի։ Ասածիս վառ օրինակը ՏԻՄ-երում անցկացված ընտրություններն են՝ Վանաձորում, Երեւանում, եւ այսպես շարունակ կարելի է թվարկել շարքը, որոնք անցել են բազմաթիվ խախտումներով, եւ նաեւ Վանաձորում ընտրված համայնքապետը մինչ այս պահը գտնվում է կալանքի տակ։ Ցանկացած պահի, երբ անցկացվեն ընտրություններ Փաշինյանի հետ, այն լավ բանի չի տանելու։ Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումներ անցկացնելուն, պետք է նշեմ, որ գործող Սահմանադրությունը նոր է, կարճ ժամանակ է, որ գործում է, եւ վաղ է գնահատականներ տալ՝ արժե՞ սահմանադրական փոփոխություններ անել, թե՞ ոչ։