«Նորք» ինֆեկցիոնում պահվող կասկածյալները վախենում են վարակվելուց

«Նորք» ինֆեկցիոնում պահվող կասկածյալները վախենում են վարակվելուց

Քաղաքացիները, որոնք ջերմություն ունեն, այս օրերին կարող են խուսափել դիմել բժշկի, քանի որ բուժհաստատությունում կորոնավիրուսով վարակվելու վախ կա: Վարակված լինելու մեջ կասկածվող մի քաղաքացի այսօր դիմել էր hraparak.am-ին, խոստովանելով, որ գտնվում է «Նորք» ինֆեկցիոն կլինիկայի ընդհանուր պալատում և վախենում է վարակվել մյուս կասկածյալներից:  
Նա ասաց, որ ունեցել է ջերմություն, դիմել է բժշկի, հանձնել է կորոնավիրուսի ախտորոշման թեստ և այս պահին «Նորք» ինֆեկցիոնում սպասում է պատասխանի, միևնույն պալատում գտնվելով այլ անձանց հետ: «Նրանց, ովքեր սպասում են թեստի պատասխանին, լիարժեք չեն մեկուսացնում, - ասաց քաղաքացին, - թեստը հաստատելուց հետո են լրիվ մեկուսացնում, բայց, ասենք, 6 հոգու մի պալատում են պահում, մի քանիսի թեստը գալիս ա դրական, մյուսներինը դեռ չկա, կարող է, բացասական լինի, բայց էդ ընթացքում մարդիկ կվարակվեն իրարից»: 
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի ընդունարանից մեր հարցմանը պատասխանեցին, որ նման բան հնարավոր չի: «Բոլոր կասկածյալներին պահում են առանձին»:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսնակ Ալինա Նիկողոսյանը սակայն, մեզ հետ զրույցում հնարավոր համարեց, որ  կասկածյալներին միմյանց հետ պահեն մի պալատում, քանի որ տեղի խնդիր կա: Միաժամանակ նա վստահեցնում է, որ վարակվելու վտանգը հիվանդանոցում բացառվում: «Հաստատված դեպքերով անձանց առանձին են պահում, իսկ նրանց, ովքեր կասկածվում են, սկզբում առանձին էին պահում, իսկ հիմա, քանի որ տեղերի խնդիր կա, հնարավոր է, որ իրար հետ էլ գտնվեն նույն վայրում»: Արդյո՞ք այս դեպքում վարակվելու լրացուցիչ օջախ չի ստեղծվում: 
«Դա օջախ չի կարող ստեղծել, իհարկե: Օջախը ստեղծվել էր, օրինակ, նշանդրեքի դեպքում, արտադրամասի դեպքում, օջախը դա է: Սրանք առանձնակի դեպքեր կարող են լինել, բայց պետք է գիտակցել, որ այս պահին կա տարածության խնդիր, ու բժիշկները բոլոր նորմերը հաշվի են առնում ու հաստատ չեն նպաստի, որ դեպքերը շատանան», - վստահեցնում է խոսնակը: Նույնիսկ, եթե մարդիկ մի պալատու՞մ են պահվում: «Մի մետր հեռավորությունը, այսինքն, սոցիակլական հեռավորությունը ամեն դեպքում պահպանվում է», - պատասխանեց Ալինա Նիկողոսյանը.