Ինչ է կրթությունը, ինչպիսին այն պետք է լինի և որն է իրական գիտելիքը

Ինչ է կրթությունը, ինչպիսին այն պետք է լինի և որն է իրական գիտելիքը

www.artyomlevonyan.com-ը գրում է․

 Բոլորը պարբերաբար լսում են ու գիտեն, որ կրթությունը շատ կարևոր է, որ այն անհրաժեշտ է, դա սրա-նրա հիմքն է և բազմաթիվ այսպիսի հայտարարություններ, որոնք  անիմաստ են ու ոչինչ չեն փոխում: Պատճառն այն է, որ ասողներն ու այդպես մտածողները շատ հազվադեպ են բացատրում, թե ինչու է դա կարևոր: Մենք կրթությունը դիտարկում ենք, որպես աշխատանք ունենալու կամ փող աշխատելու միջոց: Հենց այդ պատճառով մենք ավելի ու ավելի շատ ենք հանդիպում մարդկանց, որոնք հիանալի մասնագետներ են, սովորել են լավագույն համալսարաններում, բայց այդքանը: 

Դրան զուգահեռ տեխնոլոգիաները ստեղծել են մի իրավիճակ, որը թույլ է տալիս  գումար աշխատել նաև առանց կրթության կամ առանց մասնագիտության: Միաժամանակ մենք տեսնում ենք բազմաթիվ հաջողակ մարդկանց, որոնք  չունեն կրթություն, բիզնեսով են զբաղվում և շատ ավելի հաջողակ են ու հարուստ: Այսօր կան համաշխարհային մասշտաբի «ինֆլյուընսըրներ», որոնք ուղիղ ասում են՝ կրթություն ընդհանրապես պետք չէ: Օրինակ նայեք բիզնեսմեն WCIT Yerevan-ի բանախոս Գարի Վայներչակի վիդեոները. Նա գրեթե անընդմեջ պնդում է այդ տեսակետը: 

Խնդիրն այն է, որ այդտեղ կա ճշմարտություն: 

Կա ճշմարտություն, քանի դեռ մենք կրթություն ստանում եք միայն փող աշխատելու, սոցիալական դիրքի կամ մասնագետ լինելու նպատակով: Կա ճշմարտություն քանի դեռ պետությունը կրթությունն ու մարդուն դիտարկում է որպես տնտեսության համար հումք: Այդտեղ կա ճշմարտություն, որովհետև կրթական հաստատություններն ու կոնգլոմերատները ավելի ագրեսիվ են դարձել  գաղափարախոսությունների առաջխաղացման հարցում: Եվ գլխավորը նրանք մեր աշխարհայացքը լայնացնելու փոխարեն այն սեղմում են, «փոքրացնում», վատ իմաստով «գաղափարականացնում»:

Մենք կրթության մասին չենք ասում գլխավորը. կրթությունը ձևավորում է մեր վարքը,  ազդում է մեր ճիշտ կամ սխալ որոշումների կայացման վրա՝ սոցիալական ու քաղաքական էֆֆեկտ է ունենում: Չենք ասում, որ կրթությունը ուղիղ կապ ունի մեր բարեկեցության հետ, բայց այդ կապը պայմանավորված չէ զուտ լավ կամ վատ, պահանջված-կամ չպահանջված մասնագետ լինելու հետ: Կրթությունը գրեթե ուղիղ ազդում է մեր որոշումների կայացման վրա: Դա էլ մեր կյանքի որակի, արարքների, հաջողությունների, ձեռքբերումների ու, ի վերջո, իմաստավորված ապրելու կարողության վրա: Ահա, ըստ իս, կրթության առաջնային ու առաջնահերթ նպատակը:

Այժմ բոլորը խոսում են, որ տեխնոլոգիաները, ռոբոտիզացիան վերացնելու է բազմաթիվ մասնագիտություններ: Արդեն հիմա բազմաթիվ մարդիկ կորցնում են իրենց աշխատատեղերը՝ տեխնոլոգիական նորարարությունների ու մեքենաների փոխարինման արդյունքում: Միաժամանակ ստեղծվում են բազմաթիվ նոր մասնագիտություններ: Սակայն ժամանակակից մարդը այլևս չի կարող սահմանափակվել միայն այս կամ այն բանի նեղ իմացությամբ:

Խոսքը կրկին վերաբերում է  ճիշտ ու սխալ որոշումներին: Ինֆորմացիայի մեծ հոսքը այսօր թույլ չի տալիս կողմնորոշվել, նույնիսկ ստուգել որևէ բանի ճշտգրտությունը: Նույն բանի մասին մենք ինտերնետում կարող ենք գտնել երկու միմյանց հակասող տեսակետներ ու երկուսն էլ կլինեն «փաստարկված ու ճշգրիտ»: Հենց այդ պատճառով անհրաժեշտ է «լայն կրթություն», որտեղ աշակերտը, ուսանողը կձևավորի առաջին հերթին աշխարհի մասին ամբողջական պատկերացում: 

Այսօրվա կրթությունը մասնատված է: Երբ անհատը ֆրագմենտար պատկերացումներ ունի աշխարհի մասին նրան հեշտ է դրդել այս կամ այն գործողության, նրան դժվար է կայացնել ճիշտ որոշումներ, նրան հեշտ է դարձնել տնտեսության կցորդ, հեշտ է մանիպուլացնել: Գիտելիքը չի կարող կտրված լինել ու լինել միայն այս կամ այն բանի մասին: Այն պետք է փոխկապակցված լինի, պետք է իմանալ, հասկանալ, կարողանալ տեսնել, գտնել պատճառահետևանքային կապերը: Որտեղ չկան ու չեն երևում այդ կապերը, որտեղ չկա հնարավորինս ամբողջական պատկերը այնտեղ չկա գիտելիք:

Ավելին՝ այստեղ