Պետության լավությունը՝ որպես «տժվժիկ» երիտասարդ ընտանիքների կոկորդին

Պետության լավությունը՝ որպես «տժվժիկ» երիտասարդ ընտանիքների կոկորդին

Կառավարությունը հայտարարում է, որ իր առաջնային խնդիրը ժողովրդագրական կայունության եւ զարգացման ապահովումը, ծնելիության խթանումն է: Գործնականում, սակայն, ոչ թե ժողովրդագրական կայունության ու զարգացման մասին է մտածում, այլ բանկերի, ոչ թե ծնելիությունն է խթանում, այլ բանկերի զարգացումը: Կառավարությունն ամեն ինչ անում է բանկերի համար, իսկ բանկերը «թքած ունեն» նրա վրա բարձր տեղից եւ անգամ տարրական վստահություն չունեն կառավարության նկատմամբ:

Երևանի բնակիչ Ա. Կարապետյանի օրինակը բերենք: Նա կառուցապատողից փորձում էր բնակարան ձեռք բերել: Այս դեպքում, պետությունը ամեն ամիս Կարապետյանի եկամտահարկի չափով պետք է փոխհատուցեր նրա հիփոթեքի տոկոսները: «Ենթադրենք, 7 տոկոսով տուն վերցրեցինք կառուցապատողից, - պատմում է երիտասարդ կինը, - Բանկը գիտի, որ դու եկամտահարկով ես վերցնում, որ քո եկամտահարկի չափով պետությունը երեք ամիսը մեկ փոխհատուցելու է վարկի տոկոսները: Բայց բանկը հաշվի չի առնում, որ դու եկամտահարկով ես տուն առնում: Ասենք, ես ամիսը պետք է 200 հազար դրամ վճարեմ բանկին, որից 80 հազարը՝ վարկի տոկոսը,  պետությունը ետ է վերադարձնում իմ վճարած եկամտային հարկից: Բանկը նայում է, թե ես կարո՞ղ եմ այդ 200 հազարը մուծել, թ՞ե ոչ: Բանկը հաշվի չի առնում, որ այդ 200 հազար դրամի մեջ ես 120 հազարն եմ մուծում, ոչ թե 200 հազարը, ու ինձ կարող է փող չտալ»:  Ստացվում է, որ բանկը չի վստահում պետությանը, չի հավատում, որ պետությունը կայուն գործընկեր է, որը ամեն ամիս կտա իր հասանելիք 80 հազարը և ինքն իրեն երաշխավորում է հաճախորդի հաշվին: Բանկային մասնագետները սրան առարկում են, ասելով, որ երիտասարդ ընտանիքը առնվազն 15 տարով է վերցնում վարկը, և այս 15 տարում կարող են նորից օրենքներ փոխվել: Ի դեպ, պետությունը եկամտահարկը վերադարձնում է  երեք ամիսը մեկ, իսկ սա նշանակում է որ առաջին երեք ամսվա վարկի մարման գումարը կառուցապատողից բնակարան գնած երիտասարդ ընտանիքը պետք է իր գրպանից տա: 

Երիտասարդ եւ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2020-2023 թթ․ պետական աջակցության ծրագիրը լավ քողարկված ֆիկցիա է, երիտասարդներին ու նրանց ծնողներին ստրկացնելու հաշվին բանկերի բարեկեցությունն ապահովելու տարբերակ:
Ավելի հստակ հասկանալու համար լսեցինք մայրաքաղաքում երկրորդային շուկայից բնակարան գնել ցանկացողներին: Այդ գույքը, ինչպես հայտնի է, մեծ պահանջարկ ունի հիպոթեքի շուկայում, քանի որ կառուցապատողից Երեւանում բնակարան գնելը քչերին է հասու: Ահա, թե ինչ է գրված կառավարության ծրագրում երկրորդային շուկայից գույքի ձեռքբերման պայմանների մասին. «Ծրագրի շրջանակներում հիպոթեքային վարկը տրամադրվում է նվազագույնը 10 տարի մարման ժամկետով երկրորդային շուկայում՝ առավելագույնը 9.5 տոկոսով, որից պետությունը սուբսիդավորում է Երեւանում 2 տոկոսային կետի չափով, այսինքն` վարկառուի համար վարկի տոկոսը կազմում է առավելագույնը 7,5»: 

Սա միայն ընդհանուր մասն է: Գործնականում բազմաթիվ պայմաններ կան, որոնք հաճախ հնարավոր չէ կատարել: Առաջինը կանխավճարի պայմանն է: Ընտանիքը կարող է 10 տոկոս կանխավճարով Երեւանում բնակարան գնել միայն այն դեպքում, եթե երկրորդ բնակարանը կամ տունն է գրավադրել: Բացի այդ, օրինակ, երիտասարդ ընտանիքը Երեւանում կարող է գնել միայն մինչեւ 26 մլն դրամ արժեքով գույք (մինչեւ 52 հազար դոլար): Իրենց 15-20 տարվա կապալի դատապարտելով, երիտասարդներն այդ ստրկության դիմաց ստանում են մայրաքաղաքում ամենավատ, ամենախարխուլ գույքը:  

«Իրենց չափանիշների մեջ հիմնականում այնպիսի տներ են մտնում, որոնք բանկը որպես գրավ չի վերցնում: Բոմժի բուդկի փող են տալիս, որ յա՛ ավարյոննի շենքում տուն առնես, յա՛ էլ նենց տեղ, որ բանկը գրավ չի վերցնում»,- ասում է Արմեն Հ․-ն՝ Երեւանից, որն արդեն երեք տարի  տուն է փնտրում:  

Եվ այս ամենախարխուլ գույքն էլ պետք է այնպիսին լինի, որ բանկն այն համաձայնի գրավադրել: Այսինքն, սեփական տունը չպետք է ընդհանուր պատ ունենա հարեւանի հետ, գույքը չպետք է լինի նախկին հանրակացարաններում, չպետք է ունենա վթարայնության աստիճան եւ այլն: 
Կան նաեւ այնպիսի սահմանափակումներ, որոնք տրամաբանությունից դուրս են, եւ երիտասարդ ընտանիքներին, պետության ամուր գրկախառնությունը զգալու փոխարեն, ստորացնում են, վանում երկրից: 

Օրինակ, եթե երիտասարդները չունեն բավարար միջոցներ, ապա նրանց կարող է օգնել համավարկառուն՝ նրանց մոտ հարազատներից մեկը, բայց համավարկառուի եւ երիտասարդների ամսական եկամուտը չի կարող լինել 800 հազարից բարձր: Այսինքն, եթե, օրինակ, երիտասարդները միասին ստանում են 300 հազար դրամ աշխատավարձ, ապա համավարկառուն չի կարող ստանալ 500 հազար դրամից բարձր ամսական եկամուտ, ու եթե նա, ասենք, ստանում է 520 հազար, ապա երիտասարդներին վարկից զրկում են:

Գնահատման պատմությունն էլ մեկ այլ մղձավանջ է: Մի ռեալ օրինակ 30-ամյա Ա. Ս․-ի՝ բնակարանի որոնման պատմությունից: Նա մեզ պատմեց, որ Նոր Նորքի 8-րդ մասիվ կոչվող թաղում գտնվող բնակարանի տերը գնահատել էր 41 հազար դոլար: «Եթե ուզում ես բնակարան գնել, բանկն իր անկախ գնահատողին է հանձնարարում քո գույքի գնահատումը: 41 հազար դոլար վաճառվող բնակարանն «Էվոկաբանկը» գնահատել է 38 հազար դոլար»: «Բանկը որպես չափանիշ ընդունում է իր գնահատած արժեքը՝ 38 հազար դոլար: Նա ասում է՝ 10 տոկոսն ինձ տուր՝ որպես կանխավճար, ես այդ 38 հազար դոլարը վճարեմ, իսկ մնացածը դու ինքդ տանտիրոջը տուր: Ու սա լուրջ պրոբլեմ է, որը կանգնում է մեզնից շատերի առաջ: Ես կոնկրետ հրաժարվեցի էդ տնից: Ու սա շատերի պրոբլեմն է, քանի դեռ գույքի գներն օդ են թռած, անտրամաբանական բարձր են իրական արժեքից»,- պատմում է Ա. Ս․-ն:  

Կարեն Ս․-ն էլ իր գլխին եկածը պատմեց. «Տունն առաջին հարկ է, Կենտրոնում, տակը նկուղ է, որը բնակելի չէ: Բայց բանկը նկուղը հաշվեց որպես բնակմակերես ու մերժեց, ասելով, որ մախինացիա ենք անում, որովհետեւ տան 1 քմ գինը շուկայականից շատ է ցածր: Բայց չէ որ էդ նկուղում մարդ չի ապրելու»:  

Անշարժ գույքի բազմաթիվ մասնագետներ են նկատել, որ հեղափոխությունից հետո տների գները Երեւանում արհեստականորեն բարձրացել են: Նրանք նաեւ արձանագրում են, որ Երեւանի ծայրամասերում գույքի էժանացում է սպասվում: Սա ընդամենը կանխատեսում է, որին հիպոթեքի շուկան անհաղորդ է: Տուն գնելու պայմանների վերջին էական «թեթեւացումը» տեղի էր ունեցել Հովիկ Աբրահամյանի օրոք։ Բարձրացվեցին ձեռք բերվող բնակարանների արժեքը եւ շահառուների տարիքային շեմը, երկրորդ գույքի գրավադրման պահանջ դրվեց՝ փոխարենը նվազեցնելով կանխավճարը։ Նիկոլ Փաշինյանի ժամանակ էլ իջեցվեցին տարեկան փաստացի տոկոսադրույքները՝ որոշ բանկերում հասնելով մինչեւ 6,3 տոկոսի: Բանկերում տոկոսները տարբեր են: Կոնվերս բանկը՝ տարեկան 8 տոկոս տոկոսադրույքով, Հայբիզնեսբանկը՝ 10 տոկոսով: Հաճախ բանկերը նշում են տոկոսադրույքի լայն դիապազոն, տեղ թողնելով առանձին «կլիենտների» հետ բանակցելու համար, եւ այս անհստակությունը եւս երիտասարդների դժգոհությունն է առաջացնում: Ինեկոբանկը, օրինակ, 4,8-9,74 տոկոս է նշել, Հայէկոնոմը՝ 3.81-8.32, Էվոկաբանկի տոկոսադրույքը մինչեւ 7,8 % է (սուբսիդավորման պարագայում՝ 3%-6,2%):