Կրթության նախարարը հետողորմյա է արել իր որոշումը

Կրթության նախարարը հետողորմյա է արել իր որոշումը

Ապրիլի 27-ին կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ, համավարակով պայմանավորված, այս տարի չեն անցկացվի մեդալի քննություններ։ Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում մեդալի հավակնորդներին կարող է հնարավորություն տրվի մասնակցել հաջորդ ուսումնական տարվա ավարտական քննություններին, այդպես չի լինի անարդար, եւ երիտասարդ քաղաքացիները չեն զրկվի մեդալ ստանալու հնարավորությունից։ «Այս տարի չի իրականացվի, սակայն հաջորդ տարվա համար պատուհանը թողել ենք, որ այդ հնարավորությունն ունենան»,- մասնավորապես նշել էր նախարարը։ Պարզվում է՝ այդ հայտարարությունից հետո մեդալի հավակնորդների բազմաթիվ ծնողներ դիմում-բողոքներ են ուղարկել նախարարություն՝ պահանջելով, որ այն չտեղափոխեն հաջորդ տարի, քանի որ մեդալի հավակնորդներից շատերը մեկ տարի անց կարող են, ասենք, գտնվել ծառայության մեջ եւ մյուսների հետ անհավասար պայմաններում։ Նախարարությունն էլ տուրք է տվել այս դիմում-բողոքներին եւ հետողորմյա արել նախարարի որոշումը՝ անտեսելով այս պայմաններում նման զանգվածային միջոցառումների հնարավոր հետեւանքները։

Հիմա՝ հունիսի 25-ին, մեդալի քննություն են նշանակել։ Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի մեդալի հավակնորդները կհանձնեն ոչ թե 3, այլ մեկ քննություն՝ մաթեմատիկայից։ Ինչպես ընդունելության քննությունները հարմարեցրին համավարակին, եւ այս տարի դիմորդները մեկ քննություն են հանձնելու։ Բայց նկատենք, որ ոսկե մեդալը մեր օրերում չունի այն փայլը, ինչ նախկինում էր, երբ մեդալակիրներն «արտոնյալ» լինելու հնարավորություն էին ստանում, երեք քննության փոխարեն բուհ ընդունվելիս մեկը հանձնում։ Այն, ըստ էության, սիմվոլիկայի եւ պարծանքի նշանակություն ունի միայն։ Այնպես որ, այս նկատառումից ելնելով՝ պատկան մարմինները կարող էին տուրք չտալ դիմում-բողոքներին՝ առաջնորդվելով հանրային առողջության գերակայության շահերով, այլ ոչ թե նրանով, որ այդ որոշման արդյունքում կմեծանա իշխանությունից դժգոհների բանակը։ Հատկապես վերջին օրերին, երբ կորոնավիրոսով պայմանավորված ծանր վիճակ է ստեղծվել Հայաստանում, եւ այդ մասին փաստում են արդեն առաջին պաշտոնյայի մակարդակով ու հորդորում քաղաքացիներին անհատական պատասխանատվություն կրել այս ծանր վիճակի համար եւ կատարել պարետատան բոլոր որոշումները, որոնց մեջ մտնում է նաեւ վեց հոգուց ավելի անձանց մասնակցությամբ միջոցառումներ չանելը, ԿԳՄՍ-ն, փաստորեն, որոշել է խախտել այս կանոնը եւ մեդալի բոլոր հավակնորդներին հավաքել մեկտեղ ու քննություն ընդունել։ Թե այդ քննությունից հետո քանի վարակված կունենանք, ոչ մեկին չի հուզում։

Ինչեւէ, մոտավորապես մեդալի 90 հավակնորդ հունիսի 25-ին նախարարության կողմից սահմանված վայրում՝ ֆիզմաթդպրոցում, քննություն կհանձնի։ Բայց սա բոլոր հավակնորդների թիվը չէ։ ԿԳՄՍ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը մեզ հայտնեց՝ այն շրջանավարտները, որոնք պետք է մաթեմատիկայից միասնական քննություն հանձնեն, կարիք չի լինի ներկայանալ, նախարարության կողմից սահմանված վայրում կրկին քննություն հանձնելու, կհաշվարկվի միասնական քննության ժամանակ ստացած թվանիշը։ Արշակյանն ասաց, որ ընտրել են մեծ տարածք, որպեսզի հնարավոր լինի անվտանգության բոլոր միջոցառումները պահպանել՝ սոցիալական հեռավորություն եւ այլն։ Բոլոր 90-ը մեկ սենյակում չեն նստելու։ Ճշտող հարցին՝ 5-5 ե՞ն նստելու, Արշակյանն ասաց, որ դեռ վերջնական որոշված չէ․ «Համավարակն է պատճառը, որ քննության օրն այսքան հետաձգվեց, հույս ունենք, որ վիճակը մինչ այդ ավելի կգնա մեղմացման»։ Թե ինչու, այնուամենայնիվ, մտքափոխվեցին, ասաց․ «Այո, նախարարությունն ի սկզբանե հայտարարեց, որ մեդալի քննություն չի լինի, բայց այդ երեխաների ծնողներից մեծ քանակությամբ դիմումներ ստացանք, որոնք ուզում են, որ իրենց երեխաները պարտադիր էդ մեդալը ստանան, որքան հասկացանք՝ իրենց այս համավարակի վտանգներն էլ չեն հուզում»։ Նկատեցինք, որ ծնողներին կարող է չհուզել, իսկ պետությա՞նը։ «Դե, քանի որ շատ էին դիմումները, մենք էլ գնացինք այն ճանապարհով, որ, պահելով կանոնները, ինչ միասնական քննությունների ժամանակ է լինելու, կարող ենք կազմակերպել։ Դրա համար երեք քննությունից կրճատեցինք՝ դարձրինք մեկը»։ Բայց սա ամենը չէ, ԿԳՄՍ-ում պատրաստվում են նաեւ հանրապետական օլիմպիադա անցկացնել՝ դարձյալ աշակերտների կենդանի ներկայությամբ, բայց այդ մասին Արշակյանը չցանկացավ խոսել։ «Այդ մասին լրացուցիչ կասեմ, անցկացման ձեւը, բան… կասեմ»,- խոստացավ նա։