Պայմանավորվածություններ են ձեռք բերվում Գազայի ապագայի վերաբերյալ՝ ՀԱՄԱՍ-ի ոչնչացումից հետո, որ իշխանության վակուում և քաոս չառաջանա․ Լապշին

Պայմանավորվածություններ են ձեռք բերվում Գազայի ապագայի վերաբերյալ՝ ՀԱՄԱՍ-ի ոչնչացումից հետո, որ իշխանության վակուում և քաոս չառաջանա․ Լապշին

Իսրայելա-պաղեստինյան հակամարտության նոր սրումը Գազայի հատվածում, ի թիվս մարդկային շարունակվող ողբերգության, ուղեկցվում է նաև տարածաշրջանային և աշխարհաքաղաքական շահերի բախմամբ, նոր հակասություններով։ Այս առումով ուշագրավ է Թուրքիայի դիրքորոշումը, որն Իսրայելի դաշնակիցն է համարվում, սակայն, ըստ էության, հակաիսրայելական կուրս է որդեգրել։ Պաշտոնական Անկարան հայտարարել է Գազայի հատվածի բնակիչներին սատարելու մասին, Թուրքիայում հակաիսրայելական բողոքի ակցիաներ են ընթանում, այդ թվում՝ հրեական պետության դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ, իսկ Baykar ընկերության տեխնիկական տնօրեն Սելջուկ Բայրաքթարը Թել Ավիվին բացեիբաց մեղադրել է «պաղեստինցիներին ցեղասպանության ենթարկելու մեջ»։ Զրուցել ենք իսրայելցի բլոգեր, ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինի հետ։  

- Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի առճակատումը, ցավոք, շարունակվում է, որի հետևանքով հազարավոր մարդիկ են զոհվում, վիրավորվում, անհետ կորում, դառնում տարագիր։ Ինչպե՞ս կգնահատեք վերջին զարգացումները, ի՞նչ շրջափուլ է թևակոխել պատերազմը։

- Իմ կարծիքով, Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի առճակատումը պետք է դիտարկել գլոբալ տեսանկյունից՝ որպես Մերձավոր Արևելքում իրանական էքսպանսիայի փորձ։ Գաղտնիք չէ, որ ՀԱՄԱՍ-ը, ինչպես նաև լիբանանյան Հեզբոլլահը, Իրանի վստահված անձինք են, որոնք ֆինանսավորվում և զինված են Իրանի կողմից։ Այդ կազմակերպություններից ոչ մեկն անկախ չէ, չունի իր նպատակներն ու խնդիրները, և լիովին ճիշտ չի լինի դրանք առանձին դիտարկել Իրանի և Իսրայելի միջև ավելի լուրջ դիմակայությունից։
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմն այժմ դուրս է եկել սովորական սահմանային փոխհրաձգություններից, քանի որ Իսրայելը և նրա հասարակությունը չեն կարող ներել ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից Գազային սահմանակից գյուղերում ավելի քան 1300 խաղաղ բնակիչների ծայրահեղ դաժանությունն ու կոտորածը: ՀԱՄԱՍ-ի գոյության ավելի քան 40 տարվա ընթացքում առաջին անգամ Իսրայելի ղեկավարության օրակարգում է հայտնվել այս ահաբեկչական կազմակերպության ոչնչացման հարցը։ Սա Իրանին դնում է ծանր դրության մեջ, քանի որ ՀԱՄԱՍ-ի կորուստը լուրջ հարված է տարածաշրջանում իրանական հավակնություններին և զրկում է Իսրայելի վրա ճնշում գործադրելու լուրջ գործիքից, մյուս կողմից՝ Իսրայելի հետ ուղղակի հակամարտության մեջ մտնելը չափազանց ռիսկային է Թեհրանի համար։

- Վերջին օրերին Իսրայել են այցելում և իրենց աջակցությունը հայտնում մի շարք ազդեցիկ առաջնորդներ․ Բայդեն, Օլաֆ Շոլց, Ֆրանսիայի ԱԳ նախարար, Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակ։ Ամենից ուշագրավն ԱՄՆ առաջնորդի այցն ու արած հայտարարություններն էին, նաև՝ ժամեր առաջ հատուկ ուղերձը՝ Իսրայելին ամբողջապես աջակցելու առումով։ Ի՞նչ են սպասում դաշնակից Վաշինգտոնից։

 - Իսրայելում ԱՄՆ-ի և Եվրոպայի «դաշնակցային» միջամտությունը գնահատվում է առանց մեծ լավատեսության, քանի որ Իսրայելին դե ֆակտո դրված է օրակարգ, որը լիովին չի համապատասխանում նրա շահերին։ Իսրայելցի մի շարք փորձագետներ կարծում են, որ ՀԱՄԱՍ-ը ոչնչացնելու և Գազայի վրա վերահսկողության տակ առնելու Իսրայելի որոշումը հանգեցնում է Իրանի հետ ուղիղ բախման, որն այս պահին հակասում է ԱՄՆ շահերին։ Բացի այդ, Իսրայելը պատրաստ է պատերազմել երկու ճակատով, նկատի ունեմ Լիբանանի Հեզբոլլահին, և եթե Իրանի՝ ՀԱՄԱՍ-ի պաշտպանությանը միանալու հարցը մնա կասկածի տակ, ապա իրանցիներն առանց կասկածի կկռվեն Հեզբոլլահի համար։ Բայց Իսրայելը պատրաստ է Իրանի հետ պատերազմին և ցանկանում է նաև ԱՄՆ-ին ներքաշել այդ պատերազմի մեջ, որը պետք է մտնի այս հակամարտության մեջ, քանի որ Պարսից ծոցում ամերիկա-բրիտանական նավթային շահերն անխուսափելիորեն կազդեն։
Իմ կարծիքով՝ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան, իմանալով Իսրայելի վարքագծի անկանխատեսելիությունը և հիշելով նախորդ արաբա-իսրայելական պատերազմները, երբ իսրայելցիները ռիսկային որոշումներ կայացրին և գրոհեցին Սուեզի ջրանցքը՝ տարածաշրջանի ամենամեծ նավթամուղերը, և դա բացարձակ քաոս բերեց համաշխարհային տնտեսություն. այժմ նրանք ցանկանում են իրավիճակը վերահսկողության տակ պահել. Գազայում հակամարտությունը տեղայնացնելու դիմաց (առանց Մերձավոր Արևելքում գլոբալ պատերազմի) Իսրայելին, հավանաբար, թույլ կտան ոչնչացնել ՀԱՄԱՍ-ին, իսկ Իրանին թույլ չի տրվի միջամտել հակամարտությանը: 
Հենց այդ նպատակով Իրանին հասկացնելու համար, որ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան դեմ են համաշխարհային պատերազմին, այս երկու պետությունների զինված ուժերի զգալի ուժեր հասան Իսրայելի ափ։ Եթե Իրանը անտեսի այս ուղիղ ակնարկը և իրավիճակը սրվի, ապա ամերիկացիները պատրաստ կլինեն հարվածել իրանական թիրախներին Լիբանանում, Սիրիայում և Իրաքում։

- Ի դեպ, որոշակի ինտրիգ ու տարըմբռնում կա հրեական արմատներ ունեցող Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Իսրայել հնարավոր այցի կապակցությամբ։ Նրա մտադրությունն առայժմ դրական արձագանք չի ստացել հրեական պետությունում՝ պատճառաբանել են, որ այս փուլում նման այց նպատակահարմար չէ։ Ի՞նչ կասեք այս մասին։

 - Կան տարբեր վարկածներ, թե ինչու Իսրայել այցելելու՝ Զելենսկու առաջարկը նման արձագանք գտավ Երուսաղեմում։ Հավանական է, որ նման այցը վտանգի տակ կդնի Ռուսաստանի հետ Իսրայելի՝ առանց այդ էլ բարդ հարաբերությունները: Հիշեցնեմ, որ ռուսական զորքերը գտնվում են Սիրիայում, և Ռուսաստանը նաև Իրանի կարևորագույն դաշնակիցն է։ Ռուսաստանը, անկասկած, նման այցը կընկալեր որպես յուրատեսակ սադրանք, իսկ Պուտինն ունի բավականաչափ գործիքներ արաբա-իսրայելական հակամարտության գոտում իրավիճակը էլ ավելի սրելու համար։

- Երկու դաշնակիցների՝ Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները ճաք են տալիս․ Անկարան հստակ հայտարարել է պաղեստինցիներին աջակցելու մասին, թուրքական հասարակությունը բողոքի ակցիաներ է կազմակերպում իսրայելական դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ, իսկ Baykar ընկերության ղեկավար Սելջուկ Բայրաքթարը Թել Ավիվին մեղադրում է «պաղեստինցիներին ցեղասպանության ենթարկելու մեջ»՝ միաժամանակ հայտարարելով Գազային միլիոնավոր դոլարի օգնություն հատկացնելու մասին։ Ինչո՞վ կբացատրեք այս հակասությունները։

- Իսրայելը և Թուրքիան երբեք դաշնակիցներ չեն եղել համաշխարհային տեսանկյունից։ Սակայն այս երկու երկրները տարածաշրջանի խոշորագույն տնտեսություններն են, և նրանց ապրանքաշրջանառությունը 2023 թվականին հասել է ռեկորդային 10 միլիարդ դոլարի։ Համեմատության համար նշենք, որ այս տարի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 324 մլն դոլար։ Իրանը թշնամի է և՛ Իսրայելի, և՛ Թուրքիայի համար։ Բայց այստեղ ավարտվում է այն ամենն, ինչ կարող է կապել երկու երկրներին։ Թուրքիան ունի մի շարք հիմնական տարածաշրջանային հավակնություններ՝ սկսած պանթուրքիզմից մինչև Մերձավոր Արևելքի արաբական պետությունների վրա ազդելու ջանքեր, որոնք անհանգստություն են առաջացնում Իսրայելում: Հիշեցնեմ, որ Էրդողանի իշխանության գալուց հետո Իսրայելի հետ հարաբերությունները կտրուկ վատթարացան Գազայում, Սիրիայում և Իրաքում արմատական իսլամիստներին Թուրքիայի աջակցության լույսի ներքո, ինչը նույնպես հակասում է Իսրայելի անվտանգության հայեցակարգին:

- Իսրայելը Թուրքիայից ետ է կանչել իր բոլոր դիվանագետներին, այդ թվում՝ դեսպանին։ Բացի այդ, ինչպես հայտնել է Իսրայելի հանրային հեռուստառադիոընկերությունը, մերձավորարևելյան մի շարք երկրներում (Բահրեյն, Եգիպտոս, Հորդանան, Մարոկո) Իսրայելի դեսպանատները դադարեցնում են գործունեությունը՝ անորոշ ժամկետով։ Նշվում է, որ պատճառը տվյալ երկրներում հակաիսրայելական բողոքի ակցիաներն ու ցույցերն են։ Այս պարագայում, ի՞նչ է մտադիր անել կամ ի՞նչ պետք է անի դիվանագիտական հարթակում պաշտոնական Թել Ավիվը։

 - Կարծում եմ, որ արաբական և մահմեդական երկրներում դեսպանատների ժամանակավոր փակման պատճառը հենց այն է, ինչ հնչեցրեց Իսրայելի ԱԳՆ-ն՝ զանգվածային բողոքի ցույցեր ի պաշտպանություն ՀԱՄԱՍ-ի և սպառնալիքներ դիվանագետների կյանքին։ Հիշեցնեմ, որ 2011 թվականին ցուցարարները հարձակվել էին Եգիպտոսում Իսրայելի դեսպանատան վրա և ամբողջությամբ ավերել այն, միայն հրաշքով դիվանագետներին հաջողվեց տարհանել։ Եգիպտոսի հարյուրավոր ոստիկաններ չկարողացան զսպել հազարավոր ամբոխի ճնշումը, և Իսրայելը չի ցանկանում նման իրավիճակների կրկնություն։

- Ռուսաստանն, իբրև կարևոր աշխարհաքաղաքական խաղացող, նույնպես ակնարկել է Պաղեստինի ժողովրդի իրավունքների պաշտպանության մասին՝ պնդելով, թե Իսրայելն «օկուպացրել» է Գազայի հատվածը։ Չմոռանանք Իրանի ընդգծված հակաիսրայելական դիրքորոշման, ինչպես նաև լիբանանա-իսրայելական սահմանին տեղի ունեցող ռազմական բախումների մասին։ Օղակը սեղմվու՞մ է․ ի՞նչ սպառնալիքներ կան։  

- Ռուսաստանին ներկայումս անհրաժեշտ է շեղել աշխարհի ուշադրությունը ուկրաինական պատերազմից, ինչպես նաև հակասություններ ու պառակտումներ առաջացնել Ուկրաինային աջակցելու՝ Արևմուտքի դիրքորոշման մեջ: Դրա համար Ռուսաստանը օգտագործում է Իրանը, և մասնավորապես նրա վստահված խմբավորումներին՝ ՀԱՄԱՍ-ին և Հեզբոլլահին, իրավիճակը սրելու համար: Ըստ իս, եթե Ուկրաինայում պատերազմ չլիներ, ռուսները չէին դիմի այնպիսի վտանգավոր արկածների, ինչպիսին է ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությանը դե ֆակտո աջակցելը (հիշեցնեմ, որ ՀԱՄԱՍ-ը ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել ԱՄՆ-ում, Կանադայում և Եվրոպայի մի շարք երկրներում), քանի որ դա ավելի է սրում սեփական հարաբերությունները ոչ միայն Արևմուտքի, այլ նաև Մերձավոր Արևելքի արաբական պետությունների մեծամասնության հետ, որոնք Իրանի և ՀԱՄԱՍ-ի հակառակորդներն են։

- Իսրայելի ընդդիմության առաջնորդներից Յաիր Լապիդը ողջամիտ է համարում Գազայի հատվածը Պաղեստինի ինքնավարության կառավարմանը հանձնելու տարբերակը՝ իբրև պատերազմի ու տասնամյակների հակամարտության խաղաղ հանգուցալուծման տարբերակ։ Մի շարք երկրներից բացի, որոշ վերլուծաբաններ ևս հակված են այս բանաձևին՝ ակնարկելով, թե ՑԱԽԱԼ-ը (Իսրայելի բանակը-խմբ․) կարող է մտնել Գազայի հատված, բայց չգիտե՝ ինչ անել դրանից հետո։ Ո՞րն  է ձեր մոտեցումը։

- Իմ կարծիքով, Գազայի հատվածը Պաղեստինի ինքնավարության վերահսկողությանն անցնելը հակամարտության կարգավորման միակ օպտիմալ տարբերակն է։ Որովհետև Հորդանան գետի Արևմտյան ափի Պաղեստինի ինքնավարությունն է, որն ամբողջ աշխարհի կողմից ճանաչվում է որպես Պաղեստինի միակ օրինական ներկայացուցիչ, բայց ոչ՝ ՀԱՄԱՍ-ը: Իսրայելը չի շտապում ցամաքային գործողություն իրականացնել հենց այն պատճառով, որ վերջնական պայմանավորվածություններ են ձեռք բերվում Գազայի ապագայի վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի ոչնչացումից հետո, որպեսզի իշխանության վակուում և քաոս չառաջանա։ Բանակցություններ են տարվում ոչ միայն պաղեստինյան իշխանությունների, այլ առաջին հերթին ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի, Կատարի ու Եգիպտոսի հետ։ Խնդիրն այն է, որ այս պահին Պաղեստինի ինքնավարությունը բավարար ռեսուրսներ չունի (ինչպես վարչական, այնպես էլ ֆինանսական ու ռազմական) վերահսկողության տակ առնելու Գազայի հատվածը, որտեղ նույնիսկ ՀԱՄԱՍ-ի ֆիզիկական ջախջախումից հետո կմնան այս ահաբեկչական կազմակերպության բազմաթիվ կողմնակիցներ, որոնք սաբոտաժի են ենթարկելու Գազայում կարգուկանոնի և խաղաղության վերականգնման ցանկացած փորձ։

Արա Ալոյան