Ինչ զարգացումներ կարող են լինել ռուս-ուկրաինական հակամարտությունում

Ինչ զարգացումներ կարող են լինել ռուս-ուկրաինական հակամարտությունում

Պաղեստինա-իսրայելական հակամարտության ներկայիս էսկալացիայի պայմաններում Միացյալ Նահանգներում ավելի հաճախ են սկսել խոսել այն մասին, որ ամերիկյան կառավարությունը պարզապես չի կարողանա երկու ճակատով «խրվել»։ Հատկապես, երբ «երրորդ ճակատի» բացվելու հավանականություն էլ կարող է լինել, ինչով պայմանավորված՝ հնչում են կարծիքներ, որ առնվազն ուկրաինական հակամարտությունը պետք է «փակել»։

Բացի այդ, ռուս-ուկրաինական ճակատում ուկրաինական զինուժի ոչ այնքան նշանակալի հաջողությունները ամերիկացի շատ քաղաքական գործիչների համար ազդակ են դարձել՝ եզրակացնելու, որ ուկրաինական ճակատում «խրված մնալն» անհեռանկար գործ է։ Պենտագոնի նախկին խորհրդական Դուգլաս Մաքգրեգորը հայտարարել է, որ ոչ միայն ամերիկյան քաղաքական շրջանակներում, այլ նաեւ նույնիսկ Կիեւում սկսել են մեղադրել Զելենսկուն եւ նրա թիմին, որ սխալ հաշվարկներ է կատարել հատկապես ուկրաինական բանակի հակագրոհի հարցում, ինչը հանգեցրել է ուկրաինական զինուժում չարդարացված մեծ կորուստների (ե՛ւ մարդկային ուժի, ե՛ւ տեխնիկայի)։

Այս իրավիճակում, եթե ամերիկյան քաղաքական շրջանակներում Զելենսկու դեմ տրամադրություններն ավելի թափ հավաքեն, ապա վարչակազմը կփորձի Զելենսկուն փոխել ավելի «ընդունելի» առաջնորդով, ով կկարողանա ավելի լավ կազմակերպել պատերազմը Ռուսաստանի դեմ։ Սա, սակայն, ժամանակավոր լուծում կարող է լինել։ Քանի որ եթե իրոք ուկրաինական հակագրոհի սխալները զուտ Զելենսկունն ու նրա թիմինն են, ապա անձի փոփոխությամբ դեռ հնարավոր կլինի դրությունը շտկել։ Սակայն եթե ձախողումները շատ ավելի խորքային կամ համակարգային պատճառներ ունեն, ապա անձի փոփոխությունը ոչինչ չի տա։ Այդ դեպքում, ըստ ամերիկացի փորձագետի, ամերիկացիները կփորձեն ճնշել Կիեւին եւ հասնել գոնե կրակի դադարեցման՝ պահպանելով Ուկրաինան որպես ամենից հաջողված պրոյեկտ՝ հակառուսականության ճամբարում, որին հետագայում կփորձեն օգտագործել Ռուսաստանի դեմ՝ կրկին ճակատը թեժացնելով, եթե այնպես ստացվի, որ Միացյալ Նահանգները եւ Չինաստանը բախվեն Թայվանում։ Մաքգրեգորը չի բացառել, որ Միացյալ Նահանգներն այս երկու տարբերակն էլ կկիրառի՝ նախ կփոխի Զելենսկուն այլ լիդերով եւ մի փոքր կբարելավի վիճակը ճակատում, ապա արդեն, երբ բանակցային ավելի բարենպաստ պայմաններ կարողանա ունենալ, կանցնի կրակի դադարեցման համաձայնագրի հետ կապված մասի իրականացմանը։