Ծրագիրը հայկական գետտո կամ հայերի գազանանոց ստեղծելն է

Ծրագիրը հայկական գետտո կամ հայերի գազանանոց ստեղծելն է

Արցախից տեղահանված եւ Հայաստանում Արցախի ներկայացուցչության մոտ բողոքի ցույց անողներից մեկն ասում է, որ ինքը դիրք է պահել, բայց շուտով երկրորդ ամիսն է լրանում՝ աշխատավարձ չի ստանում: Դրա համար նա մեղադրում է Արցախի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանին, որ նա իր հրամանագրով լուծարել է Արցախի Հանրապետությունը: Նրանց թվում է, որ եթե Շահրամանյանը նման հրամանագիր չստորագրեր, իրենք կշարունակեին աշխատավարձ ստանալ: Մեկն այդ աշխատավարձը կստանար դիրք պահելու, մյուսը՝ վարչակազմում ինչ-որ պաշտոն զբաղեցնելու, երրորդը՝ վարորդության համար: Նրանց թվում է, թե իրենց՝ աշխատավարձ չստանալու պատճառը ոչ թե Արցախի Հանրապետության գոյության դե ֆակտո դադարումն է, այլ՝ Սամվել Շահրամանյանի հրամանագիրը: 

Ինչո՞ւ արցախցիները բողոքի ցույց չեն անում Հայաստանի կառավարության դիմաց, ինչո՞ւ չեն պահանջում, որ իրենց գումարները վճարի Հայաստանի կառավարությունը: Տրամաբանորեն՝ նրանք հենց այդպես պետք է անեին, քանի որ Արցախի կառավարություն այլեւս չկա, եթե չկա պետություն եւ կառավարություն, ապա չեն կարող լինել նաեւ պետական բյուջե եւ պետական բյուջեի միջոցներ: Ընդհանրապես ընդունված է, որ մահացած մարդուց պարտք հետ չեն ուզում, իսկ արցախցիներն ուզում են, որ գոյություն չունեցող իշխանությունը, որն այլեւս որեւէ հասանելիություն չունի պետական միջոցներին, իրենց ինչ-որ գումարներ վճարի: Արցախցիները բողոքի ցույց չեն անում ՀՀ կառավարության դիմաց, քանի որ ՀՀ կառավարությունն իրենց գումարներ է բաժանում, իրենք մտահոգություն ունեն, որ եթե սկսեն բողոքել Հայաստանի իշխանությունից, Փաշինյանի կառավարությունը կդադարեցնի իրենց օգնություն վճարել, ինչպես դադարեցրել է արցախցիների աշխատավարձերը վճարելը: 

Արցախի պետական բյուջեն հիմնականում ձեւավորվում էր Հայաստանից ստացվող գումարների հաշվին: Եթե Արցախի կառավարությունը գումարը ստացել է, բայց մարդկանց աշխատավարձերը չի վճարում, դա հանցագործություն է, դրանով պետք է զբաղվեն ՀՀ իրավապահ մարմինները, բայց Հայաստանի իշխանությունը հրահրում է եւ լուռ հետեւում տեղի ունեցողին՝ թող արցախցիներն իրար ուտեն եւ իրենցից հեռու կմնան:

Արդյո՞ք Շահրամանյանից չվճարված աշխատավարձերի կամ այլ ֆինանսական պարտավորությունների կատարում պահանջելն անտրամաբանական է: Չէ, դրա մեջ ինչ-որ տրամաբանություն կա, Հայաստանի եւ հայ ժողովրդի համար շատ վտանգավոր տրամաբանություն: Սամվել Բաբայանին չհաջողվեց Արցախում եղած ժամանակ իշխանափոխություն իրականացնել եւ տիրանալ իշխանությանը, հիմա նա փորձում է դա անել Հայաստանում: Նա ուզում է հասնել նրան, որ Սամվել Շահրամանյանն արցախցիների ճնշման տակ հրաժարվի արցախցիների դե ֆակտո ղեկավարի լիազորություններից, որը նա այսօր իրականացնում է, եւ ինքը ստանձնի տարագրության մեջ գտնվող Արցախի իշխանության պատասխանատվությունը: Բաբայանն ասում է, որ ինքը տեսնում է հնարավորություն, որ արցախցիները կամ նրանց մի մասը դեռ կվերադառնան Արցախ, եթե Ադրբեջանի իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում հաջողվի հասնել համաձայնության՝ Արցախին ինքնավարություն շնորհելու վերաբերյալ:

Դժվար է ասել՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կցանկանա՞ արցախահայերին ինքնավարության կարգավիճակ տրամադրել, բայց որ նա կցանկանա, որ մի քանի հազար արցախցի Ստեփանակերտ վերադառնա, եւ ինքը Ստեփանակերտում «հայերի գազանանոց» ստեղծի՝ փաստ է: Կան տեղեկություններ, որ այդ նպատակով նա հանձնարարել է թույլ չտալ Ստեփանակերտի թալանն ու ավիրումը, որպեսզի կարողանա միջազգային հանրությանը ցույց տալ, որ ոչ մի էթնիկ զտում կամ մարդկանց բռնի տեղահանում չի եղել: Ավելին՝ Ադրբեջանն այնքան մարդասեր եւ ժողովրդավար երկիր է, որ Արցախի հայերը, չկարողանալով ինտեգրվել Հայաստանի կյանքին, ցանկություն են հայտնել՝ վերադառնալ Արցախ, իսկ Ադրբեջանի իշխանություններն էլ ապահովում են նրանց անվտանգ կեցությունը: Ալիեւը կարող է նույնիսկ նպաստ նշանակել վերադարձած արցախցիներին, որ նրանք որոշ ժամանակ ապրեն այդ նպաստի հաշվին, եւ Հայաստանում գտնվող նրանց հայրենակիցներին, մյուս հայերին, եւ միջազգային հանրությանը ցույց տա, թե որքանով է տարբերվում Հայաստան տեղափոխված՝ մշտապես բնակվող արցախցիների կյանքը եւ կենցաղը Ստեփանակերտում ստեղծված հայկական գազանանոցի բնակիչների կյանքից: Ալիեւը միջազգային կազմակերպությունների, տարբեր երկրների ներկայացուցիչների համար կկազմակերպի այցեր այդ գազանանոց, որտեղ բոլորը կտեսնեն կուշտ ու երջանիկ հայերի, ովքեր փառաբանում եւ օրհնում են Ալիեւին ու ադրբեջանական իշխանությանը, եւ կհամոզվեն ադրբեջանական հումանիզմի անսահման դրսեւորման մեջ: Սամվել Բաբայանը շահագրգռված է այս ծրագրի իրագործմամբ, քանի որ նպատակ ունի, որ Ալիեւը հենց իրեն կնշանակի այդ գազանանոցի տնօրեն: 

ՀԳ. Ավստրիայի խորհրդարանը հոկտեմբերի 19-ին միաձայն ընդունեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումը դատապարտող բանաձեւ: Ավելի վաղ նման բանաձեւ էր ընդունել Եվրախորհրդարանը: Հնարավոր է, որ առաջիկայում այլ երկրներ եւս նման բանաձեւեր ընդունեն: Բայց եթե Ալիեւին հաջողվի՝ հայերին հերթական անգամ ստորացնելով եւ նվաստացնելով, մի խումբ արցախցիների վերադարձնել Ստեփանակերտ եւ այնտեղ ստեղծել հայերի հատուկ պահպանվող տարածք, ապա հանգիստ կարող է պահանջել, որ այդ երկրների խորհրդարանները ներողություն խնդրեն Ադրբեջանից եւ անձամբ իրենից՝ անհիմն վիրավորելու եւ զրպարտելու համար: Հայկական գետտո ստեղծելու դեպքում նա կունենա բոլոր հիմքերը՝ նման պահանջի համար:

Ավետիս Բաբաջանյան