Աբսուրդի թատրոնը շարունակվում է՝ ոստիկանությունը պահանջում է հեռացնել Հրանտ Բագրատյանի գրառումը

Աբսուրդի թատրոնը շարունակվում է՝ ոստիկանությունը պահանջում է հեռացնել Հրանտ Բագրատյանի գրառումը

Արտակարգ դրության հաստատումը երկրում սպառնում է աբսուրդի թատրոնը լիակատար դարձնել։ Ինչքան հասկանում ենք՝ իշխանությունն իր ողջ ներուժը ծախսում է ոչ թե կորոնավիրուսի դեմ պայքարի, այլ խոսքի ազատության սահմանափակումների վրա։

Մի հսկա բանակ կառավարությունում եւ այլուր նստած մոնիտորինգ է անում մամուլը։ Նրանցից ոչ ոք չգիտի, թե ինչ է նշանակում «խուճապ չտարածելու» սահմանափակումը եւ ամեն մեկը սեփական կրթվածության ու վախերի պրիզմայով որոշումներ է կայացնում։ Մի մասը, ընդհուպ ՊՈԱԿ-ի շարքային աշխատողներ, պատգամավորներ եւ նրանց օգնականները, ուղղակի զանգում են լրատվամիջոցների խմբագիրներին եւ կարգադրում՝ հեռացնել այս կամ այն հրապարակումը։

Սակայն չեն էլ կարողանում բացատրել, թե ինչու։ Բայց սպառնում են Արտակարգ դրության մասին որոշման մեջ հիշատակվող բարձր տուգանով՝ 500-800 հազար դրամի չափով։ Խմբագիրների մի մասը՝ տուգանքի չափից զգուշանալով եւ համոզված, որ այս իշխանության անմեղսունակությունը սահմաններ չի ճանաչում՝ կարող են եւ տուգանել, հետո՝ եթե անգամ բողոքարկենք այդ տուգանքները, գնան դատարանների դռները փակեն, դատավորներին տեռոր անեն եւ հասնեն նրան, որ ԶԼՄ-ների նկատմամբ ուժից վեր ֆինանսական սանկցիաներ կիրառվեն, ուստի ընդառաջում են։ Մյուսները արդեն սկսել են պահանջել, որ գրավոր ուղարկվեն ծանուցումները։ 
Բայց զավեշտը նրանում է, որ հեռացնել են տալիս այնպիսի նյութեր, որոնք ոչ մի կերպ չեն տեղավորվում Արտակարգ դրության սահմանափակումների շրջանակներում։ Ասենք, տարբեր պետություններում կորոնավիրուսի տարածման հետ կապված հրապարակումները։ Ընդ որում՝ նույն հրապարակումը իրենց սիրելի կայքերին կարելի է, մյուսներին՝ ոչ։ Կամ միջազգային վերլուծական կենտրոնների հրապարակած նյութերի թարգմանություններն են արգելում։ Իսկ համացանցի ռուսալեզու ու անգլալեզու հարթակներից օգտվող ընթերցողներին ինչպե՞ս եք արգելելու կարդալ այդ տեղեկությունները եւ մեկին տասը չափազանցրած պատմել հարեւան-բարեկամներին։ Կամ՝ ֆեյսբուքում օգտատերերի գրառումներն ինչպե՞ս եք հսկելու։ Լավ, մեկի տուն գնացիք ու ջնջել տվեցիք, բայց բոլորին չեք կարող եւ բոլորը չեն էլ ենթարկվի։ Ինչպես չենթարկվեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, որի գրառումը փորձում եք ջնջել կայքերից։
Երեկ ոստիկանության մամուլի խոսնակը մեզ բանավոր առաջարկեց հեռացնել Բագրատյանի ստատուսը, առաջարկեցինք գրավոր ծանուցել։

Հենց նոր հայտնաբերեցինք, որ ոստիկանության գնդապետ Ա․Կարապետյանը, որը նախորդ օրը գրություն էր ուղարկել բերդերում ծխախոտի պակասի մասին մեր լուրի կապակցությամբ, էլեկտրոնային եղանակով մեզ ծանուցել է, որ հեռացնենք Բագրատյանի գրառումը, որն արդեն 25 հազար մարդ մեր կայքում կարդացել է, բոլոր կայքերը տեղադրել են, մեծ թվով մարդիկ կիսվել են այդ գրառումով։ Աբսուրդի ժանրի կանոններին հետեւելով մենք հեռացնում ենք պարոն Բագրատյանի ստատուսը, սակայն հիշեցնում ենք, որ այս բոլոր գրությունները հավաքվում են մի թղթապանակում եւ մի օր որպես չմուծված հաշիվներ ներկայացվելու են այս իշխանություններին։ Ինչպես ժամանակին արեց «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ 2008 թվականի արտակարգ դրությունից հետո պահանջելով փոխհատուցել իր 20-օրյա վնասները։

Ահա այն գրությունը, որը ստացել ենք ոստիկանությունից․

«ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 23-րդ կետի համաձայն՝ ՀՀ-ում, ինչպես նաեւ ՀՀ տարածքներից դուրս վարակման առկա եւ նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, առկա կամ հնարավոր վարակակիր անձանց հետ շփված այլ անձանց շրջանակի, զննում (վարակի թեստավորում) անցնող անձանց եւ մեկուսացվածների քանակի, ինչպես նաեւ խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ պարունակող տեղեկությունների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ՝ ինտերնետային կայքերում եւ սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձեւով, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, այդ թվում՝ զանգվածային լրատվության միջոցների կողմից կատարվում է միայն պարետատան կողմից տրամադրված տեղեկատվությանը հղում կատարելով։

Հավելվածի 26-րդ կետի համաձայն՝ սահմանված դրույթների խախտմամբ կատարված հաղորդումները ենթակա են անհապաղ վերացման այն կատարած անձանց կողմից։

Ձեր ընկերությանը պատկանող hraparak.am էլեկտրոնային լրատվական կայքում ս․թ․ մարտի 19-ին, ժամը 14։37-ին հրապարկված՝ «ՈՉ, ԵՂԲԱՅՐ, ԽՈՐԱՄԱՆԿՈՒՄ ԵՍ, ՄԵԶ ՄՈՏ ՀԱՏՈՒԿ ՊԱՏՃԱՌՆԵՐ ԿԱՅԻՆ» խորագրով հրապարակումը  իրենից խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ է պարունակում, որը ենթակա է անհապաղ հեռացման։

Տեղեկացնում եմ, որ արգելված տեղեկատվությունն անհապաղ չհեռացնելու պարագայում ՀՀ ոստիկանությունը կհարուցի վարչական վարույթ՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի 8-րդ մասի (Զանգվածային լրատվամիջոցների կողմից արտակարգ դրության ժամանակ արգելված հրապարակումների, հաղորդումների թողարկումն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ ութհարյուրապատիկի չափով)»։