ՀԱՄԱՍ-ը գերեվարել է նաև հրեա երեխաների․ զոհերի թիվը 700 է․ Իսրայելցի քաղաքագետ

ՀԱՄԱՍ-ը գերեվարել է նաև հրեա երեխաների․ զոհերի թիվը 700 է․ Իսրայելցի քաղաքագետ

Վիրավորների թիվն այս պահի դրությամբ 2200 է, ունենք 700 զոհ, իսկ վիրավորներից 250-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց իսրայելցի քաղաքագետ Մեննի Կորսունսկին։

Նա նշեց, որ մեր զրույցից ընդամենը րոպեներ առաջ է իրենց քաղաքը՝ Պետախ Տիկվան ենթարկվել հրթիռակոծության։
«Հրթիռակոծվում ենք՝ պատերազմը շարունակվում է։ Իսրայելի բանակը չի կարողացել դեռևս Իսրայելի տարածքի նկատմամբ իր ամբողջական վերահսկողությունը սահմանել, այս պահին հատուկ ստորաբաժանումներն են աշխատում Իսրայելի տարածքում՝ ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչներին լիկվիդացնելու ուղղությամբ։ Սեկտոր Գազայի հարևանությամբ՝ իսրայելի հարավային կողմում ռազմական բախումները դեռևս շարունակվում են»,-ասաց Կորսունսկին։

Նա նշեց, որ գերեվարված իսրայելցի զինվորականների ու խաղաղ բնակիչների մասին հստակ որևէ բան չկա՝ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, սակայն տեղեկություններ կան, որ ՀԱՄԱՍ-ի մարտիկները գերեվարում են ոչ միայն կանանց ու տարեցներին, այլ երեխաներին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի ութին պաղեստինական ՀԱՄԱՍ խմբավորումը հարձակվել էր Իսրայելի վրա, ինչի հետևանքով ռազմական կազմավորման մարտիկները կարողացել էին ներթափանցել երկրի տարածք։ Բախումների հետևանքով զոհերը շատ են հատկապես խաղաղ բնակիչների շրջանում։