Իսրայելի հատուկ ջոկատայինները ձերբակալել են ՀԱՄԱՍ-ի հրամանատարի տեղակալին

Իսրայելի հատուկ ջոկատայինները ձերբակալել են ՀԱՄԱՍ-ի հրամանատարի տեղակալին

Իսրայելի հատուկ ջոկատայինները Գազայի հատվածում ձերբակալել են ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ուժերի հարավային ստորաբաժանման հրամանատարի տեղակալ Մուհամմադ Աբու Գալիին։

Աբու Գալին գերեվարվել է իսրայելական նավատորմի հատուկ ջոկատայինների մաս կազմող Շայեթ 13 ստորաբաժանման կողմից։ 

Թե ինչ հանգամանքներում է դա տեղի ունեցել, չի նշվում, հաղորդում է Times of Israel-ը։
«Կասկածյալը կալանքի տակ է և ներկայումս հարցաքննվում է պաշտպանության ուժերի ներկայացուցիչների կողմից», - ասել են զինվորականները:

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) ավելի վաղ հայտնել էր, որ հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ուժերի դիրքերին:

Բացի այդ, ՑԱԽԱԼ-ը հոկտեմբերի 8-ի երեկոյան ավիահարվածներ է հասցրել Գազայի Շուջայյա շրջանին՝ խոցելով մոտ 150 թիրախ։ 

Իսրայելի պաշտպանության բանակը տարածքն անվանել է «ահաբեկչության բույն», որտեղից ՀԱՄԱՍ-ը հարձակումներ է իրականացնում Իսրայելի վրա։ Զինվորականները նաև հայտարարել են շարժման հետախուզության շտաբին և ռազմական համալիրին հարվածելու մասին, որն օգտագործվում է ՀԱՄԱՍ-ի օդուժի կողմից։

Ըստ բանակի խոսնակ Դանիել Հագարիի՝ շաբաթ օրը՝ հոկտեմբերի 7-ից, իսրայելական կողմը Գազայի հատվածում խոցել է մոտ 800 թիրախ, հայտնում է Haaretz-ը։ Նրա խոսքով՝ սպանվել է ՀԱՄԱՍ-ի 400 զինյալ, տասնյակները ձերբակալվել են։