Դե, Նիկոլ ջան, պիտի կանգնես...

Դե, Նիկոլ ջան, պիտի կանգնես...

Վերնագիրը, անշուշտ, կիսատ է: Հատուկ եմ այդպես արել, որ ընթերցողները միանգամից վրա չտան ու, առանց հոդվածը կարդալու, ավել-պակաս ենթադրություններ անեն: Համ էլ Նիկոլը միանգամից չի վախենա ու միլիցեքին մեր տուն չի ուղարկի: Ավելին ասեմ՝ գուցե ժամանակ գտնի ու անձամբ կարդա այս հոդվածը, որ այնքան էլ իր մասին չէ:

Հիշում եք երեւի, որ մի հայտնի, ավելի ճիշտ՝ շատ հայտնի մարդ, երբ Նիկոլը գտնվում էր իր փառքի գագաթնակետին, վերջինիս կանչեց իր մոտ ու ասաց՝ դե Նիկոլ ջան, հողերը պիտի տաս: Այսօր, սակայն, երբ Նիկոլը ոչ միայն ազատագրված հողերն է տվել, այլեւ չճանաչված Արցախի Հանրապետությունն ու մի կտոր էլ Հայաստանի ինքնիշխան եւ անկախ հանրապետությունից, այդ հայտնի, ես կասեի՝ շատ հայտնի մարդը, նեղվել է ու Նիկոլին ինչ ասես՝ չի ասում: Ընդհուպ՝ ազգակործան պատուհաս… Բայց սա դեռ ի՞նչ է որ: Օրերս իր քաղաքական մեծ ընտանիքին պատկանող «4րդ իշխանություն» թերթում այդ հայտնի մարդը, միանգամայն կողմնակի մարդու բերանով, ցույց էր տվել այն տեղը, որտեղ պետք է կանգնի Նիկոլը, այսինքն՝ պատը… Լեզուս էլ չի պտտվում՝ ասեմ, բայց ստիպված եմ՝ խոսքը գնդակահարության պատի մասին է: Սոցիալիստական ռեալիզմի ոճով գրված միջին չափի մի հոդված՝ առանց ավելորդ զեղումների ու այլաբանությունների: Մարդը Նիկոլին դուզ ասել է՝ պատի տակ ինքնակամ կանգնելն այլեւս հրամայական է: Բայց շատ ներողություն, իսկ ո՞վ Նիկոլին ցույց տվեց այն անփառունակ ճանապարհը, որ պետք է մեզ հասցներ այս վիճակին:

Ահա, այդ մարդուն «4-րդ իշխանությունը» խնամքով թաքցրել է, եւ կամ այդ մարդն է այնպես ծպտվել, որ Նիկոլին պատի տակ տանելիս ոչ ոք իրեն չհիշի: «Նա (Նիկոլ Փաշինյանը՝ Էդ. Ա.) իրեն պահում է այնպես, ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ։ Ինչ-որ բաներ պիտի զիջի, բայց որպեսզի իրեն դավաճան չասեն, գերադասում է դա անել մեր զինվորների արյան հաշվին։ Ըստ երեւույթին, նա հասկանում է նաեւ, որ այս իրավիճակի պատճառն իր բացարձակ ապաշնորհությունն է, եւ երկիրն այս վիճակից դուրս բերել կարող են միայն նորմալ իշխանությունները, բայց քանի որ նորմալ իշխանություններ ունենալն անձամբ իր մոտ ասոցացվում է «գնդակահարության պատի տակ կանգնելու» հեռանկարի հետ, նա մինչեւ վերջ դիմադրելու է, եւ այդ ընթացքում նորանոր անդառնալի կորուստներ ենք ունենալու»:

Այստեղ ես մի նուրբ հուշում նկատեցի՝ ուղղված ՀՀ ապագա «նորմալ իշխանություններին», այն է՝ Նիկոլին թողեք, թողեք թող գնա, որպեսզի նա մինչեւ վերջ «չդիմադրի, եւ նոր կորուստներ չունենանք»: Գործնականում վատ առաջարկ չէ, թեեւ դրանից ծածկադմփոցի հոտ է գալիս: Մյուս կողմից էլ, ՀՀ նոր իշխանությունները, կարծում եմ, առանձնապես դեմ չեն լինի Նիկոլի գնալուն, որովհետեւ ինչքան մնա, իրենց ավելի վատ ու ծանր ժառանգություն է հասնելու: Բայց նաեւ նկատենք, որ այդ հայտնի մարդու ասածի մեջ գլխավորը ոչ այնքան Նիկոլի ապագայով մտահոգվածությունն է, որքան ակնարկը՝ որ ինքը կողմ է նորմալ իշխանություններ ձեւավորելուն: Ի՞նչ անել՝ իր ոճով հարցնում է հայտնի մարդն ու զարգացնում «Հայաստան» դաշինքի հայտարարության այն միտքը, որ պետք է կարող ուժերից ձեւավորել նոր կառավարություն. «Ի՞նչ անել:

Առաջին հերթին՝ ստեղծել պետական կառույց, դրանում ներգրավել պետական ու ռազմական կառավարման մեծ փորձառություն ունեցող անհատներին (անկախ քաղաքական հայացքներից) եւ մշակել ու իրականացնել այն քայլերը, որոնք մեզ թույլ կտան այս վիճակից դուրս գալ նվազագույն կորուստներով»: Հրաշալի է, բայց ո՞վ անի դա եւ ինչպե՞ս: Այս հարցերի պատասխանն էլ կա հոդվածում. «Նիկոլ Փաշինյանն ինքը պիտի անի դա ու մի կողմ քաշվի՝ մինչեւ իրավիճակի կայունացումն ու արտահերթ ընտրությունները, որովհետեւ ցանկացած այլ մեթոդով նման կառույցի ստեղծումը կարող է երկիրը ներքաշել քաղաքացիական պատերազմի մեջ»: Ես, իհարկե, զարմացա, թե ինչպես կարելի է Նիկոլ Փաշինյանին նման մի գործ վստահել:

Վարչապետի պաշտոնում նա տապալել է ամեն ինչ, ոչնչացրել հայոց պետականությունը, Արցախը մատնել կորստյան, այլանդակել քաղաքական դաշտի ողջ սպեկտրը, առոչինչ դարձրել բանակն ու անվտանգության համակարգերը… Եվ ի՞նչ, առաջարկում եք, որ Նիկո՞լը «նոր կառավարություն» ձեւավորի: Ի՞նչ է նշանակում՝ Նիկոլն անի այդ գործը եւ մի կողմ քաշվի: Ընդամենը մի քանի ամիս առաջ Նիկոլին առաջարկում էիք ապաստան գտնել օտար երկրներում: Հիմա այդ ի՞նչ շինիչ վախ եք ներշնչում, որ եթե Նիկոլին շատ նեղեք, քաղաքացիական պատերազմ կլինի: Ձեզ պատահաբար երբեք չի՞ թվացել, որ մենք քաղաքացիական պատերազմի մեջ ենք վաղուց՝ 2018թ. ապրիլից սկսած, երբ երկրում իշխանությունն ընկավ Նիկոլի ու նրա նմանների ձեռքը:

Իսկ վերջում ահա թե ինչ հրաշալի միտք է արտահայտում հայտնի մարդը. «Մենք՝ ինքներս պիտի կարողանանք պաշտպանել մեր սահմանները, այդ թվում՝ նաեւ միջազգային օրենքներն ու նորմերն օգտագործելով, բայց դրա համար նախեւառաջ նորմալ իշխանություններ են պետք։ Եթե անգամ դրա համար ոմանք ստիպված լինեն ինքնակամ կանգնել «գնդակահարության պատի տակ»»։ Ոչինչ չունեմ ավելացնելու: Ուղղակի հավելեմ, որ հայտնի մարդու քաղաքական ընտանիքին պատկանող թերթն օդում որսացել է նոր կառավարություն ձեւավորելու մասին «Հայաստան» դաշինքի առաջարկը եւ սույն հրապարակմամբ ընտանիքի մեծի անունից համագործակցության դրական ազդակներ է հղում ում որ հարկ է, միայն թե իր դավանած պարտվողական գաղափարների համար տեղ չզբաղեցնի Փաշինյանի կողքին՝ պատի տակ:

ՀԳ. Կարծում եմ՝ «Հայաստան» դաշինքում կգնահատեն հայտնի մարդու այս ջանքը: