Շրջանաձև երթևեկությունը դեռ հարցի լուծում չէ

Շրջանաձև երթևեկությունը դեռ հարցի լուծում չէ

Տրանսպորտային միջոցների երթեւեկության հապաղումներից եւ հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով, ապրիլի 10-ից Երեւան քաղաքի Արշակունյաց պողոտա - Գարեգին Նժդեհի փողոց խաչմերուկում («Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկ) փորձնական կատարվեց երթեւեկության կազմակերպման փոփոխություն: Նշված խաչմերուկում ռետինե կարճասյուների միջոցով երթեւեկությունն այսուհետ կկազմակերպվի շրջանաձեւ, իսկ լուսացույցերը կաշխատեն դեղին թարթող ռեժիմով: 

«Փարիզ Էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանի կարծիքով, հիմա` կարանտինի ժամանակ,1-2 ամիս շրջանաձեւ երթեւեկության այս մոդելը գուցե արդյունավետ լինի, բայց այստեղ կարեւոր է մեկընդմիշտ մեկ ու ընդհանուր մոտեցում որդեգրել: «Ընդհանրապես, ամենալավ երթեւեկելու եւ բեռնաթափելու սխեմաները շրջանաձեւ հրապարակների երթեւեկությունն է, որովհետեւ իրենք անընդմեջ պտտվում են, ու դա շատ լավ բեռնաթափման մոդել է` աշխարհում ընդունված: Եվրոպայում այդ շրջանաձեւ մոդելը 18-20-րդ դարի սկզբներին են արել ու վերջացրել, իսկ Թամանյանի 24 թ․ գենպլանում նման շրջանաձեւ հրապարակներ շատ կան` իր կողմից արված, բայց հետթամանյանական շրջանից սկսած մինչեւ այսօր այդ խաչմերուկները մեզ մոտ փոքր են, պատճառը չգիտեմ: Ընդհանրապես, մեր ճանապարհային ցանցը կիսատ-պռատ ձեւով է արված, ու եթե մի քիչ մեծ լինեին մեր խաչմերուկների երթեւեկելի մասերը, այդ շրջանաձեւ մոտեցումը հնարավոր կլիներ իրականացնել»:

Դեռ մեկ տարի առաջ ներկայացվեց «Հայրենիք» կինոթատրոնի հարակից հրապարակի տրանսպորտային հանգույցի նախագիծը, որը նախատեսում էր էստակադայի կառուցում, սակայն բազմաթիվ թերությունների պատճառով այն չընդունվեց մասնագետների կողմից։ «Քաղաքապետարանի առաջ քաշած նախագիծը, որ 3 մակարդակով էր արված, ընդհանրապես աշխատող տարբերակ չէր եւ բոլորովին հարմար չէր, հենց առաջինը՝ հետիոտնի համար, որովհետեւ մի քանի անգամ պետք է իջնի ու բարձրանա՝ խաչմերուկն անցնելու համար: Եվ նույն շրջանաձեւ մոտեցումն է տրված, որի դեպքում էլի նույն խնդիրն է լինելու, քանի որ Արշակունյաց պողոտան շատ ծանրաբեռնված է, իսկ պիկ ժամերին խաչմերուկներն էլ ավելի են ծանրաբեռնվում,- ասում է նա ու անդրադառնալով շրջանաձեւ երթեւեկության առանձնահատկություններին՝ նշում։- Այս դեպքում պարտադիր մի կանոն են մտցրել, մինչեւ շրջանաձեւ մասի երթեւեկության հոսքը չդատարկվի, հրապարակը մեքենաների նոր հոսք չի կարող ընդունել:

Այսինքն՝ մեքենան խաչմերուկում պետք է կանգնի այնքան, մինչեւ շրջանաձեւ երթեւեկության հրապարակն ազատվի, որ նոր մեքենաներ կարողանան մտնել, բայց այդ մոտեցումն աբսուրդ է, որովհետեւ արդյունքում երթեւեկությունը չի թեթեւանա, այլ նորից կծանրաբեռնվի: Հետո․ ՃՈ-ի տված գծապատկերով այնտեղ 3-4 գծային հոսք է տրված, բայց քանի որ հրապարակը փոքր է, այդտեղ 4 գիծ չի կարող աշխատել, որովհետեւ մի գծից մյուսը պետք է անցնեն, որ կարողանան մտնել խաչմերուկ, իսկ դա կառաջացնի թե՛ վթարային վիճակ, թե՛ ժամանակի կորուստ: Կա՛մ սրա արդյունքում կտեսնեն, որ սա որպես մոդել չի աշխատում, ու կվերացնեն հրապարակ մտնելու այդ պարտադիր պայմանը, կա՛մ կանցնեն հին մոդելին, որն էլի լավը չէ, կա՛մ էլ կհասկանան, որ պետք է մինչեւ այդ խաչմերուկը բեռնաթափել հոսքը` թե՛ վերեւից, թե՛ ներքեւից եկող բոլոր ճանապարհները»:

Մ. Խաչատրյանն ընդգծում է, որ պետք է բեռնաթափել մինչեւ այդ խաչմերուկը եւ առավել եւս պետք չէ խնդիրները լուծել տեղային, որովհետեւ մի քանի խաչմերուկ անց նորից նույն կուտակումներն են ունենալու. «Հիմա իրենք անում են ոչ թե ամբողջ քաղաքի կամ տվյալ թաղամասի բեռնաթափում, այլ շատ տեղային լուծում, բայց մի քանի խաչմերուկ վերեւ ես էլի նույն խնդիրն եմ ունենալու, եւ լոկալ, կետային լուծում տալով՝ ամբողջ Երեւանն ավիրելու են: Հիմա իրենք լուսացույցները հանել են, բայց մի քիչ ներքեւ հետիոտնի համար, այսպես թե այնպես, պետք է այդ լուսացույցները դնեն, իսկ եթե դրանք դրեցին, ու անընդհատ շարժումն ապահովվեց, հնարավոր է լուծում լինի, բայց այդ անընդմեջ շարժումը պետք է լինի, ոչ թե հրապարակը դատարկվելուց հետո մեքենաների նոր հոսքը մտնի»: 

Շրջանաձեւ երթեւեկության այս տարբերակը, ըստ նրա, լավ է նրանով, որ ծախսատար չէ, եւ ոստիկանությունը մի քանի օր կկանգնի, կարգավորումներ կանի, ինչը կարող է դառնալ մտածելու սկզբնային կետ, որ սկսեն մտածել ավելի լայն եւ բեռնաթափեն ամբողջ այդ թաղամասը. «Սկսեն մի երկու փողոց վերեւից կամ ներքեւից, այսինքն՝ բեռնաթափելով գան, որ այդ հանգույցներում նման խնդիրներ չունենանք: Հետո․ ոչ պակաս կարեւոր է, որ Երեւանում ձախ շրջադարձ չեն տալիս, անգամ աջերը բոլոր տեղերում բաց չեն, դա շատ կարեւոր է, որովհետեւ այդ հոսքը չի գնա վերեւ, հետո գա հետ իջնի: Պետք է ամեն քայլափոխի կրճատեն այդ հոսքերը, որ ավելորդ մեքենաներ չլինեն, եւ ամեն մեկը գնա ճիշտ ուղղությամբ: Երեւանի համար շատ խնդրահարույց է նաեւ այն, որ փողոցներ չունի, իսկ իրար կապող փողոցները շատ անհրաժեշտ են, օրինակ՝ նախկին ինդուստրիալ գոտու թաղամասը մոտ 25 հեկտար է, այդտեղ են նաեւ մագիստրալները, ու այդ մեջտեղի թաղամասը 25 հեկտարանոց առանց կապերի է, առանց փողոցների, իսկ այդ դեպքում, իհարկե, կուտակումներ կլինեն»: