Նիկո՜լ, Նիկո՜լ, Նիկո՜լ․․․

Նիկո՜լ, Նիկո՜լ, Նիկո՜լ․․․

Լևոն Տեր-Պետրոսյանի բազմամարդ միտինգների ժամանակ մի անեկդոտ էր շրջում․
Տեր-Պետրոսյանը կենդանի նապաստակը ձեռքին գնում է տուն ու կնոջն ասում՝ սիրելիս, եփիր այս նապաստակը, կինը պատասխանում է ինչպե՞ս եփեմ, եթե գազ չկա, Տեր-Պետրոսյանը թե՝ այդ դեպքում էլեկտրական պլիտայի վրա եփիր, կինը թե, այդ ինչպե՞ս եթե լույս չկա, Տեր-Պետրոսյանը թե՝ գրողը տանի, այդ դեպքում նավթավառի վրա եփիր, կինը թե՝ սիրելիս, ախր նավթ էլ չկա… Տեր-Պետրոսյանը զայրացած էս նապաստակին լուսամուտից դուրս է նետում։ Նապաստակը մի փոքր անց ուշքի է գալիս, իրեն թափ է տալիս ու բղավում՝ Լե–վո՛ն, Լե–վո՛ն, Լե–վո՛ն…

Հիմա մի այլ երևույթ է կատարվում։ Նիկոլի ընտրողն ասում է՝ գնանք Արցախում մի քիչ ֆռռանք։ Նիկոլն ասում է, ինչպե՞ս գնանք, երբ Արցախը հանձնել եմ արդեն։ Ընտրողն ասում է գնանք, Ջերմուկ սելֆիներ անենք, որ ընդդիմադիր թաղվածներն իմանան, թե քեզ ինչ հարգանք- պատիվ ունես։ Ասում է՝ գրողը տանի, ո՞նց գնանք, Ջերմուկի պոստերում թշնամին է նստած՝ կխփեն։ Ընտրողն էլ թե՝ դե Սև լիճ գնանք, իշխան բռնենք, ուտելու ժամանակ սելֆիներդ լավ ստացվում են։ Նիկոլը թե՝ տո դու քնա՞ծ ես, չգիտե՞ս , որ Սև լիճը հիմա Ղարա գյոլ է, հանձնել եմ։ Դե որ այդպես է՝ գնանք Որոտանի ափին նստենք, մի լավ խորոված անենք։ Նիկոլը ափերից դուրս է գալիս՝ Որոտանից բան չեմ թողել, հանձնել եմ։ Ընտրողն ուզում է էլի բերանը բացի, որ Տավուշ գնան, Նիկոլն իր ընտրողին լուսամուտից դուրս է նետում՝ դա մեր տարա՜ծքը չի։ Էդ խեղջ ընտրողը մի փոքր անց ուշքի է գալիս, իրեն թափ է տալիս ու բղավում՝ Նիկո՛լ, Նիկո՜լ, Նիկո՜լ․․․

Ասածս ի՞նչ է։ Նիկոլին հավատարիմ մնացողը էդ նապաստակի նման է, վախեցած ու ապշահար․․․ Որ պահի Նիկոլն ուզի՝ ականջներից կքաշի, կթափահարի ու շպրտի։ Նա էլ, ինչպես փորձը ցույց է տվել, կասի՝ հրաժարական չեմ տվել, ինձ գործից չի հանել, ու բարձր կգոռա՝ Նիկո՛լ, Նիկո՜լ, Նիկո՜լ․․․ Էն վախեցած նապաստակի նման։ Ականջները կախ, խլշկոտալով կսպասի, թե տերը երբ էլի գործ կտա նրան։