Հունիսի 17-ի մեր լուրը հաստատվեց

Հունիսի 17-ի մեր լուրը հաստատվեց

«Հրապարակը» հունիսի 17-ին գրել էր

«Հունիսի 15-ին Սլավոնական համալսարանում տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի դոկտորական ատենախոսության պաշտպանությունը: Թեման վերաբերել է ռազմական իրավունքին, ավելի կոնկրետ՝ «ռազմական հանցագործությունները՝ միջազգային իրավունքի տեսակետից» թեմայի շրջանակներում է եղել։ Ատենախոսությունը գրվել, եւ պաշտպանությունը կայացել է ռուսերենով, գիտական ղեկավարը եւ ընդդիմախոսները ռուս մասնագետներ են եղել։ Ներկաներից մեկը նշեց, որ անցել է փայլուն՝ հիացական կարծիքներ են հնչել․ ի դեպ, ուժային ղեկավարներից Գրիգորյանը միակն է, որն անվերապահ չի կատարում Նիկոլ Փաշինյանի քաղաքական հրահանգները, իսկ վերջին շրջանում լուրեր տարածվեցին, թե նա դիմում է գրել, որ հեռանա, սակայն հարցի լուծումը հետաձգել են ընտրություններից հետո»։ 

Լուրի վերջին տողում առկա տեղեկությունը՝ այն մասին, որ Հայկ Գրիգորյանի հրաժարականը օրերի հարց է եւ հետաձգվել է ընտրություններից հետո, հենց նույն օրը՝ հունիսի 17-ին հերքել էին կառավարությունից։ 

Պատասխանելով «Փաստինֆո» գործակալության հարցմանը, ՀՀ վարչապետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանն ասել էր․ «Վարչապետի աշխատակազմը որևէ գերատեսչության ղեկավար կողմից հրաժարականի վերաբերյալ դիմում չի ստացել, այդ թվում՝ Քննչական կոմիտեի ղեկավարից»:

Ինչպես տեսնում ենք՝ մեր տեղեկությունները հաստատվում են, դա ընդամենը ժամանակի հարց է։ Մեկ ամսից էլ պակաս ժամանակ էր հարկավոր, որպեսզի մեր լուրը իրականություն դառնա։