Արգիշտի Քյարամյան․ բախտավոր աստղի տակ ծնվածը 

Արգիշտի Քյարամյան․ բախտավոր աստղի տակ ծնվածը 

Զավեշտի հաղթարշավը Հայաստանում շարունակվում է, իշխանությունների բազմապրոֆիլ և անպրոֆիլ միակ կադրը՝ Արգիշտի Քյարամյանը հերթական պաշտոնն է ստացել, և այդ պաշտոնը, ոչ ավել, ոչ պակաս, Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնն է։ Արգիշտի Քյարամյանը, որը, ըստ հավաստի աղբյուրների, կուսակրոն հոգեւորականի՝ Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել- Էլբեկ արքեպիսկոպոս Քյարամյանի որդին է, կարծես բախտավոր աստղի տակ է ծնվել․ նա 30 տարեկանում արդեն 10-րդ պաշտոնն է փոխում։ 

Քյարամյանի բախտի աստղը ավելի պայծառ սկսել է ճառագել 2018 թվականի իշխանափոխությունից հետո, երբ վերջինս, չունենալով մասնագիտական փորձ, զինվորական կոչումներ և այլն, բարձր պաշտոնի նշանակվեց եւ դրանից հետո պարբերաբար մի պաշտոնից մյուսին էր ցատկում։ Քյարամյանը աշխատել է ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետի պաշտոնում, ապա 2018 հուլիսի 10-ին նշանակվել է ՊԵԿ հետաքննության վարչության պետ: 2019 փետրվարի 15-ից աշխատել է ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության պետի տեղակալի պաշտոնում:

2019 թ. ապրիլի 10-ին Արգիշտի Քյարամյանը նշանակվել է Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ, իսկ ապրիլի 25-ից սկսել է կատարել ծառայության ղեկավարի պարտականությունները՝ երբ Դավիթ Սանասարյանի պաշտոնավարումը կասեցվեց, ապա 2020 մայիսի 4-ից մայիսի 5-ը՝ 1 օրով նշանակվել է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում, մայիսի 5-ին նշանակվել է ԱԱԾ փոխտնօրեն։ 

Իսկ ոչ լրիվ մեկ ամսից՝ 2020-ի հունիսի 8-ից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 8-ը զբաղեցրել է ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնը։ Հոկտեմբերի 8-ին՝ պատերազմի սկզբում, նա մութ հանգամանքներում ազատվել է ԱԱԾ տնօրենի աշխատանքից, իսկ վարչապետի՝դեկտեմբերի 25–ի հրամանագրով՝ Քյարամյանը կրկին վերադարձել է Քննչական կոմիտե՝ ստանձնելով կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը, այսօր էլ արդեն նշանակվել է ՔԿ նախագահ։ 

Հանրության համար մինչ այժմ անհայտ է, թե ո՞րն է այս երիտասարդի ֆենոմենը, որի անձի մասին մինչև 2018 թվականը ոչ ոք ոչինչ չգիտեր, իսկ 2018-ից հետո 29-ամյա երիտասարդը խելահեղ կարիերա է անում։ Այդ ի՞նչ հմտությունների ու գիտելիքների է նա տիրապետում, որ այսպիսի բարձր պաշտոնների է նշանակվում՝ չնայած այն հանգամանքին, որ այդ պաշտոններից շատերը զբաղեցնելու իրավունք նա չունի, կամ ովքե՞ր են նրան հովանավորում ու ինչի համար։ Օրինակ, Քյարամյանը մեկ օր աշխատելով ՔԿ-ում, տեղափոխվեց ԱԱԾ և զբաղեցրեց ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը, մեկ օրում Քյարամյանը գնդապետի ուսադիրներ ստացավ՝ մինչ այդ չունենալով զինվորական կոչում։

Նշենք, որ գնդապետի զինվորական կոչում ստանալու համար իրավապահներն ու զինծառայողները տարիներով ծառայում են, եւ միայն ցուցաբերած արժանիքների համար ստանում հերթական զինվորական կոչումը, իսկ Քյարամյանի մոտ դա տեղի է ունենում ընդամենը մի գիշերվա ընթացքում։ 

Հատկանշական է, որ Քյարամյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվեց 2020 թվականի հոկտեմբերի 8-ին՝ 44-օրյա պատերազմի ամենաթեժ ժամանակահատվածում, նրա ազատումը հաջորդեց Նիկոլ Փաշինյանի գրառմանը՝ առաջնագծում դավաճանական գործողությունների վերաբերյալ։ Ոմանք կապ տեսան Քյարամյանի պաշտոնանկության եւ Փաշինյանի գրառման միջեւ, վարչապետի գրասենյակից հավելյալ մեկնաբանություններ չտվեցին, ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի մասին մանրամասներ էլ չեն փոխանցում։

Քյարամյանի պաշտոնանկությունից հետո օրեր անց նրան տեսել էին Ստեփանակերտում՝ ԱԱԾ-ի «օսլայած», նոփ-նոր համազգեստով, «ժելեած» մազերով փորձառու հրամանատարների և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կողքին։ Ըստ որոշ լուրերի, նրան գործուղել էին անձամբ Աննա Հակոբյանի եւ որդու՝ Աշոտ Փաշինյանի անվտանգությունն ապահովելու համար։ Ավելի ուշ նա հայտնվեց Շուշիում եւ զինվորականներից մեկի հավաստմամբ՝ կապի միջոցները՝ ռացիաներն իրենք անձամբ Քյարամյանից էին ստանում։

Եւ մի շտրիխ․ Քյարամյանը համարվում է սորոսականների կադրը եւ Սորոսի հիմնադրամից սնվող ՀԿ-ները ամեն գնով պաշտպանում են նրան, համագործակցում նրա հետ եւ Նիկոլ Փաշինյանից պահանջում նրա հետագա պաշտոնավարումը։