Տնտեսագիտականի ռեկտորի ատենախոսության գրագողության հարցը քննելու են նրա մտերիմները 

Տնտեսագիտականի ռեկտորի ատենախոսության գրագողության հարցը քննելու են նրա մտերիմները 

Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի դոկտորական ատենախոսության մեջ տեղ գտած արտագրությունների բացահայտման համար ստեղծված «Հանուն որակյալ կրթության» խումբը դիմել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը, կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին եւ Բարձրագույն որակավորման կոմիտեին՝ ներկայացնելով փաստեր այն մասին, որ Գալոյանի դիսերտացիան արտագրված է։ Հիշեցնենք, որ ռեկտորի նախկին ԺՊ-ն՝ Ռուբեն Հայրապետյանը պաշտոնից ազատվեց հենց այդ պատճառով՝ նրա դիսերտացիայում գրագողության էլեմենտներ հայտնաբերվեցին։

Այժմ ստեղծվել է հանձնաժողով, որը քննելու է Դիանա Գալոյանի ատենախոսության հարցը։ «Հանուն որակյալ կրթության» նախաձեռնության անդամները վերջին օրերին անընդհատ հաղորդագրություններ են տարածում՝ ահազանգելով, որ Գալոյանի ատենախոսության պլագիատի հարցը քննելու է իր մտերիմ-ընկերներից, ենթականերից կազմված հանձնաժողովը, ինչը կասկածի տակ է դնում նրանց անաչառությունը․ «Կարծես հենց այնպիսի կազմ են հավաքել հանձնաժողովում, որ արդարացնեն: Մեր տեղեկություններով, հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն կտա։ Քանի որ պնդում էին, թե Ռուբեն Հայրապետյանին հանելու պատճառը իր «արտագրություններն» են, որոնք իրականում հղումների խնդիր են, թող Գալոյանի խայտատակ «Copy paste»-երը ստուգեն։ Իր գրած դոկտորականում խայտառակ «Copy paste»-եր կան, դա է քննում հաձնաժողովը։ Մենք նույնիսկ տեղեկություններ ունենք, որ հանձնաժողովի կազմը ձևավորել են տիկին Զոյան (Զոյա Թադեւոսյանը Դիանա Գալոյանի մայրն է, ՀԱԿ անդամ) և փոխնախարար Գրիշա Թամրազյանը միասին (վերջինս մտերմիկ հարաբերություններ ունի տիկին Գալոյանի եւ նրա մոր հետ)։ 

Համալսարանից մեզ հստակ պատասխան չտվեցին, հայտնեցին՝ այդ թեմայով տիկին Գալոյանը մեկնաբանություն չի ուզում տալ, որ ուղղորդում չդիտարկվի։ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադեւոս Ավետիսյանը, որը նաեւ դասավանդում է այդ համալսարանում, ընգրկված է քննող հանձնաժողովում։ «Հրապարակ»-ի հետ զրույցում անդրադառնալով մտերիմ անձանց կողմից կազմված հանձնաժողովին, որը չի կարող անաչառ լինել ասաց՝ դա իրականությանը չի համապատասխանում․ «Նախ «մտերիմ» ասելով ես չգիտեմ՝ ինչ նկատի ունեն, ես իմ բոլոր կոլեգաների նկատմամբ այդ հարգանքն ունեմ։ Եվ բուհում ոչ մտերիմ մարդ չունեմ, ամբողջ անձնակազմի հետ ունեմ շատ նորմալ եւ բարձր մակարդակի հարաբերություններ։ Սովորում եմ 94-ից այդ բուհում, մի մասը իմ դասախոսներն են, որոնք դարձել են կոլեգաներ, մի մասը իմ ուսանողներն են, որոնք դարձել են կոլեգաներ։ Էդ նույն բնութագրմամբ ես մտերիմ եմ բոլորի հետ»։ Հարցին՝ հանձնաժողովն ո՞վ է ձեւավորել, պատասխանեց՝ նախարարության կողմից․ «Նախապես համաձայնությունը ստացել են։ Ինձ նախարարությունից են հարցրել, եւ ստացվել է իմ համաձայնությունը»։ Ըստ Ավետիսյանի՝ թեմայի վերաբերյալ մի քանի նիստեր եղել են, դժվարացավ նշել՝ նիստ կլինի այսօր, թե չէ։ 

Նշենք, որ ըստ տեղեկությունների՝ հանձնաժողովը նախագահում է Արամ Առաքելյանը, որը Գալոյանի հոր ընկերն է, Աշոտ Մարկոսյանը, Թադեւոս Ավետիսյանը, որոնք իրենց հերթին ռեկտորի պաշտոնակատարի ընկերներն են։ Անդամներից միայն Լիլիթ Սարգսյանը ինքնաբացարկ հայտնեց մամուլի հրապարակումներից հետո․ նա Դիանա Գալոյանի գրքի համահեղինակն է։ 

Ենթադրվում էր, որ նման հանձնաժողով չպետք է ձեւավորվի տնտեսագիտականի եւ անձամբ՝ Գալոյանի հետ առնչություն ունեցած անձանցից, այլ անկախ մասնագետներ պետք է ներգրավված լինեն, սակայն նախարարությունը ի սկզբանե կանխորոշված ելքով գործընթաց է նախաձեռնել։ Ակնհայտ է, որ իշխանությունը Գալոյանին է տեսնում ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում։