«Հրապարակ». Ի՞նչ մեկնաբանություն այն պետությանը, որը փոխել է դիրքորոշումն Արցախի հարցում

«Հրապարակ». Ի՞նչ մեկնաբանություն այն պետությանը, որը փոխել է դիրքորոշումն Արցախի հարցում

«Հրապարակի» զրուցակիցն Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն է:

- Պարոն Ստեփանյան, օրերս տեղի ունեցավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, որի ընթացքում հայանպաստ ելույթներ գրեթե չհնչեցին, սակայն Հայաստանում հատկապես հասարակությանն ու քաղաքական շրջանակներին զարմացրել է Ռուսաստանի Դաշնության ներկայացուցչի ադրբեջանամետ դիրքորոշումը: Ի՞նչ գնահատական կտաք նիստի ընթացքում հնչած ելույթներին: Մեր նախորդ զրույցում Դուք հստակ խոսում էիք, թե ինչ բանաձեւ պետք է ընդունի ՄԱԿ ԱԽ-ն, ինչ սանկցիաներ պետք է կիրառեն Ադրբեջանի դեմ, որպեսզի բացվի Լաչինի միջանցքը:

- Ելույթներ կային, որոնցում կար իրավիճակի հստակ գնահատական, սակայն հնչեցին նաեւ ելույթներ, որոնք այդպես էլ չարտահայտեցին իրականությունը: Ընդհանուր առմամբ, այո, կար ակնկալիք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կընդուներ բանաձեւ կամ գոնե մի ինչ-որ փաստաթղթով կանդրադառնար իրավիճակին, սակայն, ցավոք, մինչ այս պահը մենք տեսնում ենք, որ նման փաստաթուղթ չկա: Կարծում եմ` ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է շարունակի անդրադառնալ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին, համապատասխան քայլերով պետք է կանխվի հումանիտար աղետը: Միջազգային դերակատարները, քաղաքական նպատակահարմարություններից ելնելով, հստակ գործողությունների չեն դիմում: Եթե կարողանանք այս ուղղությամբ աշխատել, ապա, ըստ իս, կարող են դրական արդյունքի հասնել:

- Ո՞ր երկրների ներկայացուցիչների ելույթները կառանձնացնեք` դրական առումով:

- Կառանձնացնեմ Ֆրանսիայի ներկայացուցչի ելույթը, որն ամենաամբողջականն էր արտահայտում ստեղծված իրավիճակը: Ճիշտ շեշտադրումներ նկատեցի նաեւ Մալթայի ելույթում, բավականին ճիշտ շեշտադրումներով հանդես եկան Շվեյցարիան եւ Ճապոնիան: ԱՄՆ-ն եւս արեց որոշակի ճիշտ շեշտադրումներ: Բոլոր ելույթներում էլ կարելի էր գտնել իրականությունն արտահայտող ձեւակերպումներ: Կային ելույթներ, որոնք էլ ուղղակի կտրված էին իրականությունից:

- Ռուսաստանի Դաշնության դիրքորոշմանն ի՞նչ գնահատական կտաք:

- Կասեմ հետեւյալը` մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի Դաշնության կողմից դիրքորոշման փոփոխություն է եղել: Եթե հիշում եք` Խավաեւի պլան ասվածը գոյություն ուներ, այժմ այն, ինչ առաջարկվում է, հակասում է Խավաեւի փաստաթղթին, որն առաջարկվել է դեռ շրջափակումից առաջ: Ի՞նչ մեկնաբանություն տալ այն պետությանը, որը փոխել է դիրքորոշումն Արցախի հարցի վերաբերյալ: Ռուսաստանի ներկայացուցչի հայտարարությունը բխում էր արդեն իսկ փոխված դիրքորոշումից: Ազգային փոքրամասնության տրամաբանությամբ մեզ մոտենալն անընդունելի է: Ամիսներ շարունակ նման զրկանքների միջով անցնելով, որը, ի դեպ, նաեւ ռուս խաղաղապահների թերացման արդյունքում է եղել, չենք պատրաստվում խոսել Ադրբեջանի կազմում ազգային փոքրամասնության կարգավիճակ ստանալու մասին:

- Երեկ տեղեկացանք, որ Արցախում արդեն հացի դեֆիցիտ է առաջացել: Չեն աշխատում հացի արտադրամասերը:

- Վիճակն ավելի է ծանրանում, արդեն իսկ արտահայտվում է հացի վրա: Ալյուրի պաշարները պակասում են, եղածն էլ հացի արտադրամասեր հասցնելը դարձել է մեծ խնդիր: Պաշարների լրացման առումով չենք կարողանում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս լրացնել անհրաժեշտ պաշարը, քանի որ շատ ու շատ տարածքներ գտնվում են Ադրբեջանի թիրախի տակ: Վառելիքի բացակայության պատճառով եւս խնդիրներ են առաջանում: Էլեկտրաէներգիայի հետ կապված եւս մեծ խնդիր կա, ինչի հետեւանքով հացի արտադրամասերը չեն կարողանում նորմալ աշխատել: Այս իրավիճակը չի կարող երկար շարունակվել: Այո, մենք դիմանում ենք, ցույց ենք տալիս մեր դիմադրողականությունը, որը պետք է միջազգային հարթակներում իրավիճակ փոխի: