«Հրապարակ». Ուզում են ասել՝ Նիկոլ, մենք ենք որոշում՝ դու կգաս, թե չես գա, կուզենք՝ կկրակենք, կուզենք՝ ինքնաթիռդ կգցենք

«Հրապարակ». Ուզում են ասել՝ Նիկոլ, մենք ենք որոշում՝ դու կգաս, թե չես գա, կուզենք՝ կկրակենք, կուզենք՝ ինքնաթիռդ կգցենք

Оգոստոսի 17-ին Փաշինյանն օդանավով գնաց Սյունիք, ամսի 19-ին էլ Կապանի օրվա առիթով Երեւան-Կապան, Կապան-Երեւան ներկայացուցչական չվերթ իրականացվեց։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հիմնադրամի բորտի ուղեւորներն էին ՀՀ կառավարության ներկայացուցիչները։ Սյունիքի մարզպետը, ՏԿԵ նախարարը վստահեցնում էին, որ երթուղին սպասարկող «Նովէյր» ավիաընկերությունը շաբաթը երկու չվերթ է կատարելու՝  երկուշաբթի եւ ուրբաթ օրերին, մեկ ուղղության տոմսն արժե 20 հազար դրամ։ Բայց Փաշինյանի այցից հետո, ներկայացուցչական չվերթի նախօրեին ադրբեջանական կողմից «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ Ադրբեջանի տարածքից երեք կրակոց արձակվեց։ Ըստ ԱԱԾ-ի՝ վնասել են օդանավակայանի պատուհաններից մեկն ու տանիքը։ 

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին սա չի վախեցնում․ անդրադառնալով կրակոցներին՝ նա ասաց, որ սա ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ նման դեպքն է։ «Նրանց կողմից սադրանք միշտ եղել է»։ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն էլ հայտարարեց, որ Կապանի օդանավակայանը միայն ՀՀ տարածքով իրականացվող թռիչքներ է սպասարկելու։ Իսկ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը SOS է հնչեցնում` դա մեր սուվերեն տարածքը չէ` չեզոք գոտի է, եւ «աքլորացած» կառավարիչներն ի վերջո մարդկանց գլուխն են ուտելու։ 

«Երբ որ դելիմիտացիա անեն, Կապան քաղաքի 30 տոկոսը  հանելու են»․ Հրանտ Բագրատյան

Բագրատյանը ՖԲ գրառմամբ հիշեցնում է, որ 2020 թվականի դեկտեմբերի 18-ին ՊՆ այն ժամանակվա նախարար Վաղարշակ Հարությունյանն արձանագրություն է ստորագրել Ադրբեջանի Պնախարարի հետ, որով Կապանի օդանավակայանին կից ադրբեջանական պոստ է դրվել։ «Այսինքն՝ օդանավակայանի ցանկապատից 15 մետր այն կողմ սկսվում է Ադրբեջան պետությունը։ Է, եթե կա Ադրբեջանի սահման, պիտի լինի նաեւ Հայաստանի սահման։ Իսկ այդ 2 սահմանների միջեւ, դելիմիտացիայի եւ դեմարկացիայի միջազգային կանոններին համապատասխան, պետք է չեզոք գոտի լինի»։ Մեզ հետ զրույցում նախկին վարչապետը պարզաբանում է․ «Մինչեւ 20 թվականի պատերազմը Ադրբեջանը 180 կիլոմետր այդտեղից հեռու էր։ Հիմա 15 մետրի վրա պոստ է։ Կապանցիները չեն հասկանում, որ այդ հողերը տված են։ Այդ օդանավակայանն օրինական կարգով մեր հողում չէ, այլ չեզոք գոտում է։ Այդտեղից մինչեւ մեր սահմանը առնվազն 200 մետր չեզոք գոտի պետք է լինի, 200 մետրից մինչեւ 1 կմ։ Այսինքն՝ Կապան քաղաքի որոշ հատվածներ եւ, բացի օդանավակայանը, քաղաք տանող միակ ճանապարհը նույնպես այդ չեզոք գոտու վրա են»։ Հիմա այնտեղ դելիմիտացիա՞ է գնում։ «Այո։ Երբ որ դելիմիտացիա անեն, պետք է ասեն՝ փակեք Կապանի օդանավակայանը»,- պատասխանում է Բագրատյանը։  

Ինչպես հայտնի է, մինչեւ ղարաբաղյան պատերազմի սկիզբը (90-ականների սկիզբ) Կապանի փոքր օդանավակայանն ընդունում էր ЯК-40 ինքնաթիռներ եւ բեռնատար АН-14-ներ։ Կապանի եւ Բերդի օդանավակայանները փակվեցին Ադրբեջանի կողմից անդադար կրակոցների պատճառով եւ մինչ օրս չեն գործում։ Կապանի օդանավակայանի բացմանը սպասում ենք վաղուցվանից։ Դեռ 10 տարի առաջ՝ 2013 թվականին, հայտարարում էին, որ այն առաջիկայում կբացվի։ ՀՀ նախագահին կից Հանրային խորհուրդը Խորհրդային Հայաստանի քաղավիացիայի վարչության ղեկավար, ՀՀ ազգային ավիացիոն միավորման նախագահ Դմիտրի Ադբաշյանի նախաձեռնությամբ նույնիսկ քննարկեց այս հարցը։ Բայց օդանավակայանի կառուցման մասին խոսեցին միայն 2016 թվականին։ Իհարկե, այն ժամանակ ոչ ոք չէր պատկերացնում, որ այնքան հողեր կտանք, որ օդանավակայանը կհայտնվի թուրքի հողում։ Ինչո՞ւ էր այն ժամանակ ձգձգվում օդանավակայանի կառուցումը։ Բագրատյանը պատասխանում է, որ եթե կար Գորիս-Կապան ճանապարհը, իմաստ չկար ինքնաթիռով Կապան գնալ։ «Տաթեւով ճանապարհը չկարողացան կառուցել։ Սխալ պրոյեկտով, սխալ տեղերով է կառուցվել եւ անընդհատ քանդվում է, եւ առաջացել է Կապանի օդանավակայանի անհրաժեշտությունը։ Մինչ այդ դրանից օգտվող չկար։ Միայն ուղղաթիռներն էին թռչում։ Փաստորեն, կարելի է համարել, որ վաղը, երբ որ դելիմիտացիա անեն, Կապան քաղաքի 30 տոկոսը  հանելու են»,- ասում է Հրանտ Բագրատյանը։ 

«Իսկ առաջ նրանք մոտիկ էլ չէին կարող գալ օդանավակայանին»․ Վահե Հակոբյան 

Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, ում օրոք վերակառուցվեց «Սյունիք» օդանավակայանը, հիշում է․ «2016-ին կայացվեց որոշում, որ օդանավակայանը պետք է վերակառուցվի եւ շահագործվի։ Այդ ժամանակ մեկնարկը տրվեց այդ աշխատանքների։ Դրանք տեւեցին մոտ 3 տարի։ Օդանավակայանը կառուցվեց զրոյից։ Երկարացվեց թռիչքուղին, 250 մետրով, որպեսզի կարողանա մի քանի տիպի ինքնաթիռներ ընդունել։ Որոշում կայացվեց նաեւ, որ շահագործվեն տուրբինապտուտակավոր, ոչ ռեակտիվ ինքնաթիռներ՝ ադրբեջանական հատված չմտնելու համար։ Դրա համար կոմբինատի կողմից գնվեց SKODA  L410 տիպի ինքնաթիռը, որով այսօր Փաշինյանն ու նրա կառավարության անդամները թռան Կապան»։ Ինչպե՞ս եք մեկնաբանում Բագրատյանի բարձրաձայնածը։ «Հայտարարության մեջ կա ճշմարտություն։ Վաղարշակ Հարությունյանը,  որն այն ժամանակ պաշտպանության նախարարն էր, որը հիմա բարեհաջող կերպով հասավ իր երկնագույն նպատակին ու դեսպան է աշխատում ՌԴ-ում, համաձայնությո՞ւն կնքեց, թե՞ բանավոր իրեն Նիկոլն ասեց, որ անի, մեր դիրքերը, որոնք Զանգեզուրի ՊՄԿ-ն է կառուցել եւ սյունեցիները, այդ դիրքերը, որոնք եղել են Ղափանից 30-40 կմ դեպի Զանգելան, իրենց հրամանով հետնահանջ են արել մինչեւ Կապան։ Այս իսկ պատճառով արբեջանական զինուժի դիրքերը հիմա տեղակայված են անմիջապես Կապանի օդանավակայանի հարեւանությամբ։ Իսկ առաջ նրանք մոտիկ էլ չէին կարող դրան գալ»։ 

Վահե Հակոբյանը զգուշացնում է, որ կրակոցները, իրոք, վտանգավոր են եւ անկանխատեսելի։ «Անհնարին է այսօր Կապանի օդանավակայանն օգտագործել առանց երաշխիքների, որովհետեւ, եթե անգամ ադրբեջանցիների հետ գան պայմանավորվածության, այնտեղ կարող է, օրինակ, լինել մի զինվոր, որի, ասենք, եղբայրն է զոհվել պատերազմում, որն ինչ-որ մեկին կորցրել է, եւ որոշի ինքնուրույն վրեժ լուծել։ Սա իր համար ոչ մի խնդիր չի ներկայացնում, քանի որ նա գտնվում է Կապանի օդանավակայանից 10 մետր հեռավորության վրա, զինված վիճակում»։ 

Ո՞վ պետք է տա օդանավակայանի անվտանգության երաշխիքները` Ադրբեջա՞նը։ «Սա կարող է լինել Ադրբեջանի կառավարության հետ համաձայնությամբ, սակայն նրանք այսօր կարող են ասել «այո», իսկ վաղը կարող են կրակ բացել»։

Ի՞նչ էին ուզում ասել օդանավակայանի ուղղությամբ վերջին կրակոցներով։   «Ադրբեջանի վերջին կրակոցները միամիտ մարդը միայն կարող է համարել պատահականություն։ Նրանք ուզում են ասել՝ այ Նիկոլ, դու որտեղ ուզում է լինես, մենք ենք որոշում՝ դու կգաս, թե չես գա, կուզենք՝ կկրակենք, կուզենք՝ ինքնաթիռդ կգցենք, ինչ կուզենք՝ կանենք։ Եվ սա նրա որդեգրած քաղաքականության հետեւանքն ու ածանցյալն է»։