Ծնկներին են տալու

Ծնկներին են տալու

Որեւէ մեկը կասկածո՞ւմ է, որ Նիկոլ Փաշինյանը լիուլի օգտագործելու է Երեւանի ավագանու ընտրություններում «Քաղպայմանագրի» հաղթանակը` այն ներկայացնելով որպես կուսակցության գաղափարների եւ վարած քաղաքականության հաղթանակ: Մասնավորապես` ես չեմ կասկածում եւ կարծում եմ, որ շատ քչերը ձեռնպահ կմնային այդ գայթակղությունից` Երեւանում քաղաքական ընտրության համակարգը սեփական շահերին չծառայեցնելուց: Եվ այն հեքիաթները, թե Երեւանի քաղաքապետի ընտրությունն ընդամենը մենեջերի, «լույսի, գազի, լիֆտի» աշխղեկի ընտրություն է, նախատեսված են երեւանցիներին հիմարեցնելու եւ ընտրությունը` որպես գործող իշխանության վերարտադրման վերածելու համար:

Եվ ինչպես 2021 թվականի հունիսի 20-ի ընտրություններից հետո որոշ ընդդիմադիրներ ծնկներին էին տալիս, թե` իզուր մասնակցեցինք, պետք էր բոյկոտել այս ընտրությունը, 2023-ի սեպտեմբերի 17-ից հետո էլ հակառակ պրոցեսն է լինելու` ծնկներին են տալու, թե ինչու չմասնակցեցինք, ինչու թույլ տվեցինք, որ այս պատուհաս իշխանությունը վերարտադրվի` ամրացնելով իր դիրքերը եւ մասնավորապես Արցախի ու ՀՀ ինքնիշխանության հարցում շարունակելու իր աղետալի պահվածքը:

Սեպտեմբերի 17-ից հետո Նիկոլ Փաշինյանը բոլոր ելույթները սկսելու է` ՔՊ-ն ամենալեգիտիմ իշխանությունն է Հայաստանի պատմության մեջ, եւ հայ հասարակությունը` իր մեծամասնությամբ, հավանություն է տվել մեր քաղաքական կուրսին, մասնավորապես «խաղաղության» դոկտրինին: Դրանից հետո շատ բարդ է լինելու ասել, որ մենք դեմ ենք Արցախի հանձնմանը, դեմ ենք անկլավների վերադարձին, ՀՀ իշխանությունն այս կամ այն հարցում սխալներ է թույլ տալիս, անհարկի զիջումների է գնում Ադրբեջանի ու Թուրքիայի առաջ, Ռուսաստանի եւ Արեւմուտքի հետ հարաբերությունները սխալ է կառուցում: