50 երկրի 216 արվեստագետ՝ 2-րդ միջազգային բիենալեում

50 երկրի 216 արվեստագետ՝ 2-րդ միջազգային բիենալեում

Սեպտեմբերի 7-ից մինչեւ դեկտեմբերի 15-ը, «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ, Երեւանում կանցկացվի «Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալե, Երեւան 2019», որի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա սեպտեմբերի 7-ին՝ «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում:

«Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալե, Երեւան 2019»–ի մրցութային ցուցահանդեսում ներկայացված է 50 երկրից 216 արվեստագետի 325 աշխատանք: Հայտագրված հայ նկարիչների ցանկում մեծ թիվ են կազմում երիտասարդ արվեստագետներն ու ուսանողները:
«Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալե, Երեւան 2019»-ի ծրագիրը բաղկացած է երկու բաժնից.  մրցութային ցուցադրություն եւ հավելյալ ցուցահանդեսներ։ 

Բիենալեի միջազգային ժյուրիի կազմը բաղկացած է 5 մասնագետից, որոնք բացման հանդիսավոր արարողությանը հաջորդող երկու օրվա ընթացքում կընտրեն հաղթող աշխատանքները եւ արվեստագետներին։ Միջազգային ժյուրիի նախագահն է դոկտոր, պրոֆ. Մատեուշ Օտրեբան (Լեհաստան), ժյուրիի փոխնախագահը՝ Մարգարիտ Լեհմանը (Շվեյցարիա), ինչպես նաեւ  միջազգային ժյուրիի անդամներն են՝ Հերբերտ Մայերը (Գերմանիա), Լիան Նգն (ԱՄՆ) եւ Սոնա Հարությունյանը (Հայաստան):

Հիմնական՝ մրցութային ցուցադրությանը զուգահեռ, երկու ամիս տեւողությամբ ծրագրով նախատեսվում են փորագրանկարչական արվեստի բազմազանությունը բացահայտող, տեսական եւ կիրառական գիտելիքներ ապահովող մի շարք միջոցառումներ. կիրականացվեն դասախոսություններ, զեկուցումներ, շնորհանդեսներ, հայ եւ հյուր վարպետների մասնակցությամբ անհատական եւ խմբակային ցուցադրություններ, արտերկրից ժամանած արվեստագետների ղեկավարմամբ էստամպի ավանդական, ժամանակակից եւ հեղինակային զանազան տեխնիկաներին նվիրված վարպետության դասեր: Առանձին ցուցահանդեսներով կներկայանան նաեւ առաջին բիենալեի մրցանակակիրներ Թոմաշ Վինիարսկին (Լեհաստան) եւ Մինյե Ժանգը (Չինաստան):