ՀՀ գլխավոր դատախազ և ՀՀ վարչական վերաքննիչ դատարան, արդար չէ

ՀՀ գլխավոր դատախազ և ՀՀ վարչական վերաքննիչ դատարան, արդար չէ

Պատմությունն այս, որ կլսեք այսօր, կարելի է ասել՝ սկսվել է Նիկոլ Փաշինյանի թավշյա, ոչ բռնի համաժողովրդական հեղափոխության հետ եւ այդ հեղափոխության նման շարունակվում է արդեն մեկ տարուց ավելի: Այսուհանդերձ, մեր պատմությունը որեւէ լուրջ կապ Փաշինյանի հետ, կարծես, չունի, եթե ՀՀ գլխավոր դատախազի հետ նրա «ջերմ» հարաբերությունները չհաշվենք:

Ավետիս Ափիյանը Հայաստանի Հանրապետության դատախազության համակարգում աշխատել է 2004 թվականից: 2008 թվականից զբաղեցրել է Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնը: Պաշտոնավարման ընթացքում՝ մինչեւ 2018 թվականի ամառը, նրա մասնակցությամբ դատավարություններից դատախազը միշտ պատվով է դուրս եկել, Ափիյանը պատժի համապատասխան չափաբաժինների է արժանացրել հանրությանը հայտնի շատ օրինախախտների, աչքի ընկել նաեւ մեղադրանքի մեղմացման առումով:

«Ավետիս Ափիյանն իրավաբանի ընտանիքի զավակ է: Նրա հայրը՝ Ներոն Ափիյանը, իրավագիտության ոլորտի միակ ակադեմիկոսն է եղել՝ «Էլիտա» միջազգային ակադեմիայի անդամ, որի աջակցությամբ իրենց իրավական ճառերն էին պատրաստում բազմաթիվ իրավաբաններ՝ ընդհուպ միջազգային ատյաններում: Սկզբունքայնությունը, որ Ավետիս Ափիյանը ցուցաբերել է իր աշխատանքում, ժառանգել է հորից եւ այն միջավայրից, որտեղ մեծացել է»,- այսպես են նրա մասին արտահայտվում գործընկերները՝ նշելով, որ դատախազությունում հիմա ուրիշ ժամանակներ են սկսվել, եւ Ավետիսի նման դատախազները, որոնց հատուկ չէ վերեւից եկող հրահանգներով մարդկանց ճակատագրեր տնօրինելու, վերադասին հաճոյանալու, շողոքորթելու վարքագիծը, դարձել են անցանկալի:

Դատախազությունը, առհասարակ, փակ համակարգ է եւ աչքի է ընկնում իր ներքին խնդիրները հասարակության աչքից քողարկելու մեծ վարպետությամբ: Դատախազների վեճուկռիվների, կեղտոտ խաղերի, իրար տակ փորելու մասին խոսակցություններ, համաձայնեք, այնքան էլ հաճախ չենք լսում: Բայց դրանք կան եւ, ինչպես համոզվեցինք Ավետիս Ափիյանի գործին ծանոթանալուց հետո, իրենց ճղճիմությամբ չեն զիջում ո՛չ պալատական խարդավանքներին եւ ո՛չ էլ պետական հաստատություններում սովորական դարձած միջանձնային քաշքշուկներին:

Ավետիս Ափիյանին պաշտոնից ազատելու եւ նրա փոխարեն ինչ-որ մեկի անփորձ զավակին դատախազ դարձնելու պատմությունն սկսվել է 2018թ․ փետրվարից, երբ նրա անունը, ՀՀ գլխավոր դատախազի 07.02.2018թ. թիվ 10-Ա հրամանի հավելվածի համաձայն, ներառվել է դատախազների արտահերթ ատեստավորման ցուցակում՝ չնայած այն հանգամանքին, որ ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի կողմից 2017թ. ապրիլի 12-ին անցկացված ՀՀ դատախազության աշխատակիցների ատեստավորման արդյունքներով որոշվել էր, որ Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազ Ավետիս Ներոնի Ափիյանը համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին` լրացուցիչ վերապատրաստում անցնելու պայմանով: Նշվածի հիման վրա Ափիյանը բարեհաջող անցել էր նաեւ վերապատրաստումը:

Արտահերթ ատեստավորումը, որը նշանակվել է 2018թ. ապրիլի 13-ին, 17.11.2017թ. ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված եւ 09.04.2018թ. ուժի մեջ մտած «Դատախազության մասին» ՀՕ-198-Ն ՀՀ օրենքի պահանջներով սահմանված, չի կայացել: Նոր ատեստավորում անցկացնելու հնարը, սակայն, գտնվել է: ՀՀ գլխավոր դատախազի 27.04.2018թ. թիվ 45 հրամանով սահմանվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի գործունեության նոր կարգը, որով ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ գլխավոր դատախազի 31.05.2007թ. թիվ 24 հրամանը: Դա հանձնաժողովին «հիմք» է տվել Ավետիս Ափիյանի համար նոր ատեստավորման օր նշանակել 2018թ. մայիսի 10-ը, ինչի մասին նրան տեղեկացրել են հեռախոսով, երբ վերջինս ստացիոնար բուժումներ էր ստանում տարբեր բժշկական կենտրոններում (2018թ. մայիսի 4-22-ը) եւ գտնվում էր ժամանակավոր անաշխատունակ վիճակում: Մայիսի 22-ից մեկ-երկու օր առաջ Ավետիս Ափիյանին դարձյալ հեռախոսով տեղեկացրել են, որ նրա արտահերթ ատեստավորումը նշանակվել է նույն թվականի հունիսի 6-ին, որին պետք է պարտադիր ներկայանալ:

«Ինձ համար արդեն պարզ էր, թե ինչ էր կատարվում, եւ ինչ արդյունքներ էր ունենալու այդ ատեստավորումը: Այդպես էլ եղավ: Հանձնաժողովի անդամ 5 դատախազները որոշեցին, որ ես չեմ համապատասխանում զբաղեցրած պաշտոնին, իսկ 3 իրավաբան գիտնականներ քվեարկեցին իմ օգտին: Դրանից հետո հանձնաժողովը միջնորդություն ներկայացրեց գլխավոր դատախազին՝ ինձ պաշտոնից ազատելու վերաբերյալ»,- պատմում է Ափիյանը:

ՀՀ գլխավոր դատախազի 22.06.2018թ. թիվ 124-Ա հրամանով Ավետիս Ափիյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Տեղի ունեցածն իր հանդեպ կատարված ապօրինություն համարելով՝ նա դիմել է դատարան՝ ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի 06.06.2018թ. թիվ 2 որոշումը եւ ՀՀ գլխավոր դատախազի 22.06.2018թ. թիվ 124-Ա հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնվելու եւ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հաշվարկված միջին աշխատավարձը բռնագանձելու պահանջ-հայցով: Հայցն ամբողջությամբ բավարարվել է ՀՀ վարչական դատարանի ՎԴ/ 8328/05/18/ 13.03.2019թ. վճռով:

Այո, օրենքներն իմանալը լավ բան է, բայց չմոռանանք, որ նաեւ ՀՀ գլխավոր դատախազությունը լավ գիտի այդ օրենքներն ու քաջ տիրապետում է դրանք շրջանցելու, այլ կերպ ասած՝ յուրովի մեկնաբանելու հնարամտություններին: ՀՀ գլխավոր դատախազության եւ այս գործով երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից, բնականաբար, վերաքննիչ բողոքներ են ներկայացվում ՀՀ վարչական դատարանի 13.03.2019թ. վճռի դեմ: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12.07.2019թ. որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազության եւ երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարության բողոքները բավարարվում են ամբողջությամբ, իսկ ՀՀ վարչական դատարանի 13.03.2019թ. օրինական վճիռը՝ բեկանվում: 

Վերաքննիչ վարչական դատարանի որոշման պատճառաբանություններ եւ հիմնավորումներ հատվածի ուսումնասիրությունները, կայացված անհիմն եզրահանգումները տպավորություն են ստեղծում, թե վերաքննիչ դատարանը հանդես է եկել նաեւ դատախազության եւ ֆինանսների նախարարության փաստաբանի դերում: 
«Բացի այդ, տարակուսանք է առաջացնում նաեւ այն փաստը, որ դատախազության կողմից վերաքննիչ բողոքը ստորագրել է ոչ թե գլխավոր դատախազը, որ գոնե այս դեպքում անօրինական է, այլ դատախազության ներկայացուցիչը, իսկ ֆինանսների նախարարության կողմից նախարարը, թե տեսեք հա…»,- պատմում է Ափիյանը:

Ափիյանը նշել է, եւ գործով էլ հիմնավորվել է, որ վերաքննիչ դատարանն ուղղակիորեն անտեսել է եւ օրենքի շրջանակում չի մեկնաբանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ հատկապես նույն հոդվածի 3-րդ մասը, որը վերաբերում է նորմատիվ իրավական ակտն ուժը կորցրած ճանաչելու հարցին:

Ըստ նշված հոդվածի 3-րդ մասի, եթե նորմատիվ իրավական ակտը հակասում է հետագայում ուժի մեջ մտած ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտին, ապա իրավաստեղծ մարմինը (գլխավոր դատախազը) պարտավոր է իր ընդունած նորմատիվ իրավական ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին ընդունել նորմատիվ իրավական ակտ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո` երկու ամսվա ընթացքում, եթե ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտով այլ ժամկետ նախատեսված չէ, որը ՀՀ գլխավոր դատախազը չի կատարել, իսկ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանն իր որոշմամբ իրավաչափ է համարել վերոհիշյալ ուժը կորցրած իրավական ակտը՝ հիմք ընդունելով ՀՀ գլխավոր դատախազի 07.02.2018թ. թիվ 10-Ա հրամանը:
Ավետիս Ափիյանը վստահ է, որ վերաքննիչ վարչական դատարանի 12.07.2019թ. որոշումը կայացվել է դատավարական նորմերի կոպիտ խախտումներով, հետեւաբար՝ այն ակնհայտ անհիմն է եւ անօրինական: Իր իրավունքները պաշտպանելու վճռականությամբ նա դիմել է վճռաբեկ դատարան՝ լրջագույն փաստարկներ ներկայացնելով իր գործում առկա ապօրինությունների, օրենքների սխալ մեկնաբանության, օրենքների չկիրառման, իրականությունը միտումնավոր խեղաթյուրելու մասին:

«Ես ինձ չեմ ների, եթե հանկարծ համակերպվեմ այս ապօրինության հետ: Նրանք պետք է հասկանան, որ գործ ունեն մի մարդու հետ, որ շատ լավ է հասկանում, թե ինչ են նշանակում արդարադատություն իրականացնելու համար սկզբունքային նշանակություն ունեցող հոդվածները, փաստերը եւ սկզբունքներն անտեսելը, խախտելն ու յուրովի մեկնաբանելը: Դրանք բերում են միայն ու միայն սխալ եզրահանգումների: Վերաքննիչ վարչական դատարանը հիմք է ընդունել բացառապես դատախազության բողոքում նշված կողմնակալ հիմնավորումները ու կայացրել անհիմն ու անօրինական որոշում, որի հետեւանքով խախտվել է արդարադատության բուն էությունը, խախտվել եւ ոտնահարվել են իմ իրավունքները»,- վճռաբեկ դատարան դիմելու իր քայլն է մեկնաբանում Ավետիս Ափիյանը եւ նշում, որ արդարությունը վերականգնելու համար պատրաստ է գնալ մինչեւ վերջ:

Անկեղծ ասած՝ այս գործին ծանոթանալուց հետո, որից հստակ երեւում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունն անգամ չի մտահոգվում, որ գործ ունի դատախազ մարդու հետ, ինձ մի ուրիշ հարց եւս սկսեց տանջել՝ շարքային քաղաքացիների հարցը: Մեր՝ շարքայիններիս «իրավական անգրագիտության» մասին Թումանյանն է լավ ասել. «Բերին, բացեցին՝ գրած զակոնում, որ չոբան Չատին Սիբիր է գնում»: Դատախազի գլխարկով մարդուն ու «զակոնին» ո՞նց չհավատաս, չէ՞… Կասեք՝ հիմա Թումանյանի ժամանակները չեն, բոլորը փաստաբան ունեն եւ այլն, բայց, այնուամենայնիվ, ի՞նչ կարող են անել օրենք ու օրենքի տառ չիմացող մեր հասարակ քաղաքացիները, երբ օրենքի պահապաններն ու կիրառողներն են փորձում շրջանցել օրենքներն ու առաջ տանել իրենց գործերը: