ԵՊՀ ճշգրիտ եւ բնագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր նշանակվել Ռաֆայել Բարխուդարյանը 

ԵՊՀ ճշգրիտ եւ բնագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր նշանակվել Ռաֆայել Բարխուդարյանը 

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հրամանով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ճշգրիտ և բնագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր է նշանակվել ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի նախկին տնօրեն, ԵՊՀ ասիստենտ Ռաֆայել Բարխուդարյանը:

 Ռաֆայել Բարխուդարյանն ավարտել է ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետը, 2004-2007 թթ. սովորել է ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի ասպիրանտուրայում: 2007 թվականին պաշտպանել է «Որոշ եզրային խնդիրների սեփական ֆունկցիաներով վերլուծությունների զուգամիտության արագացում» թեմայով ատենախոսությունը՝ ստանալով ֆիզմաթ. գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2000-2005 թթ. Ռաֆայել Բարխուդարյանն աշխատել է «Boomerang Software» ընկերությունում՝ որպես ծրագրավորող: 2004-2007 թթ. եղել է Մաթեմատիկայի ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, իսկ 2005-2007 թթ.՝ ԵՊՀ օպտիմալ կառավարման տեսության և մոտավոր մեթոդների ամբիոնի դասախոս: 2007-2011 թթ. նա զբաղեցրել է Մաթեմատիկայի ինստիտուտի գիտական քարտուղարի պաշտոնը, իսկ 2011-2014 թթ. եղել է ինստիտուտի փոխտնօրենը: 2014-2019 թթ. Ռաֆայել Բարխուդարյանը ղեկավարել է ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտը: Ռաֆայել Բարխուդարյանը ԵՊՀ ֆինանսական մաթեմատիկայի ամբիոնի ասիստենտ է:

Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է Պադեի մոտարկումները, ֆունկցիոնալ շարքերի զուգամիտության արագացումը, թվային մեթոդները և զուգահեռ ծրագրավորումը:
Ռաֆայել Բարխուդարյանը մասնակցել է մի շարք մասնագիտական վերապատրաստումների և դրամաշնորհային ծրագրերի: Նա 
Մաթեմատիկայի ինստիտուտի գիտական խորհրդի, «Armenian Journal of Mathematics»-ի խմբագրության անդամ է: Բացի դրանից՝ նա անդամակցում է Հայկական մաթեմատիկական միությանը, Եվրոպական մաթեմատիկական միությանը և Ամերիկյան մաթեմատիկական միությանը: