«Հրապարակ». Անգամ ավելորդ եմ համարում քննարկման դնել այդ ապազգային հարցը

«Հրապարակ». Անգամ ավելորդ եմ համարում քննարկման դնել այդ ապազգային հարցը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն «Ազատությանը» տված հարցազրույցում կասկածի տակ է դրել Հայոց ցեղասպանությունը՝ պնդելով, որ եթե հայտարարում ենք ցեղասպանության մասին, ուրեմն պետք է հատ առ հատ նշենք ցեղասպանված մեկուկես միլիոն հայի անունը: Եվ սրա ենթատեքստում հասկացվում է, որ փաշինյանական իշխանությունը հերթական սրբությանն է մարտահրավեր նետել` Հայոց ցեղասպանության հիշատակին, որի ճանաչումը եւ պահանջատիրությունը նրանց իշխանության գալուց ի վեր դադարել է ՀՀ արտաքին քաղաքականության մաս կազմել: Հայոց պատմության դասագրքերի խմբագրումից հետո ամենեւին զարմանալի չէ, որ օրվա իշխանությունը հիմա էլ այս ուղղությամբ է տանում իր հակահայկական գիծը: Թեմայի շուրջ զրուցել ենք պատմաբան, պատմության դասախոս Հայկ Փայտյանի հետ:

- Անդրանիկ Քոչարյանը փաստացի կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանությունը՝ պնդելով, որ եթե խոսում ենք ցեղասպանության մասին, ուրեմն պետք է թվարկենք մեկուկես միլիոն հայի անունները` մեկ առ մեկ:

- Երեւի թե պատմաբան լինել պետք չէ՝ նման հարցերին անդրադառնալու համար, այս հարցին պետք է պատասխանել ոչ թե որպես միայն պատմաբան, այլ որպես հայ մարդ, քաղաքացի: Այս հարցի պատասխանն ավելի շատ քաղաքական տիրույթում է, որովհետեւ այդ հայտարարությունն ունի հակահայ տրամաբանություն եւ սպասարկում է օտարի` թուրքի շահը: Անգամ ավելորդ եմ համարում քննարկման դնել այս ապազգային հարցը: Ես՝ որպես պատմաբան, այս հարցը երբեք քննարկման դնել չեմ կարող, ուղղակի կասեմ, որ տեղի են ունենում հակահայ, հակազգային, հակապետական գործողություններ: Այդ հայտարարությունները հրահանգավորվում են թշնամու կողմից: Հայաստանի իշխանությունները սպասարկում են օտարի հակահայ շահերը` այդքան մի բան: Այստեղ ուրիշ որեւէ քննարկելու հարց չկա:

- Մի պահ պատկերացնենք՝ մեկուկես միլիոն ցեղասպանվածի անուն չի դրվում սեղանին, ի՞նչ կարող է տեղի ունենալ այդ պարագայում:

- Դրանից հետո հայտարարելու են, որ ունեն ընդամենը 20-30 հազար անուն, իսկ 20-30 հազար հոգու մահը ցեղասպանություն չէ, այլ, ինչպես Թուրքիան է ասում, առաջին աշխարհամարտի ժամանակ տեղի ունեցած տհաճ միջադեպ, որը ոչ մի պարագայում չի կարելի ասել ցեղասպանություն: Դե, մի 30 հազար մարդ է սպանվել, ի՞նչ կա էդտեղ, էդքան թուրքեր ու քրդեր էլ են սպանվել` պատերազմ է, բա ի՞նչ պիտի լիներ: Պարզապես պատերազմի բացասական արդյունք է դիտարկվելու, եւ թեման փակվելու է: Այսինքն` տանում են նրան, որ Թուրքիան մեկուկես միլիոն հայի չի ցեղասպանել, որ ամեն ինչ սուտ է: Սրանք ինչ անում են, հակահայ է, ոչ մի ազգային բան չկա սրանց մեջ: Կրթական ասպարեզից սկսած՝ ամենուր ձախողում են․ տնտեսություն, մշակույթ, գիտություն, ամեն հնարավոր բան: Այս մարդիկ հայության դեմ են ուղղված, հայկական ինքնության ու պետականության: Սրանք խոսում են պետական ինքնիշխանության մասին, սակայն ինչ անում են, 100 տոկոսով մեր պետականության դեմ է: Սրանք իշխանության են եկել հենց այդ նպատակով:

- Այսինքն՝ վաղն էլ կարող է որոշեն Ծիծեռնակաբերդը քանդել:

- Իհարկե, նույն տրամաբանության մեջ են, պարզ է, որ մի օր էլ դրանից են հրաժարվելու: Եթե այսպես շարունակվեց, վաղը կհրաժարվեն Ծիծեռնակաբերդից ու Եռաբլուրից: Սրանց դեմը պետք է առնել, ուրիշ ելք չկա:

- Ինչպե՞ս եք պատկերացնում այդ «դեմն առնելը»:

- Միմիայն մեկ ճանապարհ կա` օտարի սպասարկու իշխանություններից պետք է ազատագրվել ազգային ազատագրական պայքարով: Սրանցից պետք է ազատագրվել` ազգային ազատագրական պայքարի բոլոր մեթոդներին համապատասխան: