Բա գեղցի գուբերնատորին կասե՞ն՝ Ձերդ գերազանցություն

Բա գեղցի գուբերնատորին կասե՞ն՝ Ձերդ գերազանցություն

Արցախից հայերի դուրս գալն անհանգստացրել է ԱՄՆ-ին: Անդրծովյան քեռիները շփոթված են՝ ինչո՞ւ են ռուսներն օգնում հայերին՝ լքել Արցախը, չէ՞ որ Արցախի ամբողջական հայաթափումն իրենց գործընկերներ Թուրքիայի եւ Ադրբեջանի ծրագիրն է: ԱՄՆ պետքարտուղարությունն արդեն լուրջ կասկածներ ունի, որ Ալիեւի՝ սեպտեմբերի 19-ի «հակաահաբեկչական գործողությունն» անպետք խիյարի պես թարս է աճել ու կարող է մտնել, ասենք, ՆԱՏՕ-ի հետույքը: Կոնկրետ Բլինքենն Ալիեւին խնդրել է դադարեցնել գազանությունները, համաներում հայտարարել եւ ապահովել իրենց տներում ապրելու հայերի իրավունքը: ՀՀ անբաշար իշխանությունների ընձեռած հաղթանակներից հարբած՝ Ալիեւը փորձել է ընդդիմանալ՝ հայտարարելով, թե ինքը միայն Արցախի զինաթափմամբ է զբաղված, իսկ խաղաղ բնակչության հետ գործ չունի: Բլինքենն ավելի է պնդել ԱՄՆ-ի պահանջը՝ ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը եւ թույլ տալ միջազգային դիտորդներին՝ մտնել Արցախ: Այո, միանշանակ է, որ ԱՄՆ-ին անհանգստացրել է Արցախի «հայաթափման» պրոցեսում ռուսների լուռ համաձայնությունը: Թվում էր՝ Արցախի հայաթափումով լուծվելու է նաեւ ռուս խաղաղապահներին Արցախից հեռացնելու հարցը, բայց, այ քեզ բան, ռուսները դեմ չեն, որ Արցախը «հայաթափվի»: Ինչո՞ւ:

Բանն այն է, որ Մոսկվայում նույնքան միագիծ չեն մտածում, ինչպես Վաշինգտոնում եւ ՆԱՏՕ-ում: Վրաստան մտնելիս էլ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն այդպես էին մտածում՝ կգնանք, կմտնենք, Թիֆլիսը կվերցնենք ու Ռուսաստանին դուրս կմղենք Հարավային Կովկասից: Իսկ թե ով ավելի շուտ հասավ Թիֆլիս, բոլորը գիտեն: Թիֆլիսի մատույցներից ռուսներն ավելի քան 500 «Համմեր» ու ամենատարբեր զրահամեքենաներ քշեցին տարան, որոնք ուղարկվել էին Վրաստանի բանակին: Նույն իրավիճակն է Ուկրաինայում: Վաշինգտոնն ու ՆԱՏՕ-ն ակնհայտ ուշանում են: Նրանք այստեղ նույնիսկ Հունգարիայից ու Լեհաստանից են հետ մնում, որոնք իրենց օրինական տարածքային պահանջներն են ներկայացրել ԱՄՆ դրածո շաղգամակեր Զելենսկուն: Վաշինգտոնում չէին սպասում իրադարձությունների այդպիսի ընթացքին:
Բայց գանք Արցախ: Եվ ուրեմն՝ ինչո՞ւ է Բլինքենն Ալիեւին կոչ արել՝ հայերին դեռ թողնել Արցախում: ԱՄՆ-ում հանկարծ հասկացել են, որ հայերը ոչ թե պատրվակ են ռուս խաղաղապահների՝ այնտեղ մնալու, այլ որոշակիորեն խոչընդոտում են ռուսների առավել ազատ գործողություններին: Արցախից խաղաղ բնակչության տարհանմանը կարող է հետեւել, ոչ ավել, ոչ պակաս՝ Ադրբեջանի դեկոմունիզացիայի գործողությունը, որի թիվ մեկ մեղավորը ոչ թե Ալիեւն է լինելու, այլ Վաշինգտոնն ու ՆԱՏՕ-ն, որոնց ավիակիրները առը հա թե կկարողանան հայտնվել Կասպից ծովում: Իսկ ռուսների համար դժվա՞ր է «հատուկ գործողության» անվան տակ ցամաքային կապ ստեղծել իր հիմնական ուժերի եւ եւ Արցախում գտնվող խաղաղապահ զորակազմի միջեւ:

Կարելի է մտածել՝ Բլինքենը գործում է Բայդենի՝ ՀՀ «Ձերդ գերազանցություն» վարչապետին հղած նամակի տրամաբանության մեջ, այն է՝ ուզում է «ուժեղ աջակցություն» ցույց տալ Հայաստանին: Բայց ինչո՞ւ է Բլինքենը սարսափած արցախահայերի «կազմակերպված» տարհանումից, մի՞թե Բայդենը չի խոստացել, որ Հայաստանին մեծ օգնություններ է տալու՝ արցախահայերի սոցիալական կարիքները հոգալու համար: Բլինքենն Ալիեւին ասում է՝ թող Լաչինի միջանցքը գործի երկու ուղղությամբ, համաներում հայտարարիր, թույլ տուր հայերն ապրեն իրենց տներում: ԱՄՆ-ն չի բավարարվում միայն Բլինքենի հորդորներով: ՄԱԿ-ից էլ Գուտերեշն է նույն բանը հորդորում Ադրբեջանին՝ սխալ եք թույլ տալիս, արցախահայերը պիտի ապրեն իրենց տներում:

Եվ հիմա Վաշինգտոնի ու Լոնդոնի համաշխարհային քաղաքագիտության կենտրոնների մասնագետները գլուխ են կոտրում, որ հասկանան, թե այս անգամ Նիկոլն իրենց որտեղ է «քցում»: Եթե ռուսները ցամաքային սահմանով կպան Արցախին ու սկսեցին բազմազգ Ադրբեջանի դեկոմունիզացիան, իրենց համար շատ դժվար է լինելու նույնիսկ օդային կամուրջ ստեղծել Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ, հօդս են ցնդելու Հայաստանով անցնող ճանապարհներին վերահսկողություն սահմանելու արեւմտյան ծրագրերը: Ու պատահական չէ, որ նույն Բլինքենն Ալիեւին եւ նորին գերազանցություն Նիկոլ Փաշինյանին սրտագին հորդորում էր՝ անպայման հանդիպել, խոսել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու թեմայով:

Կգնա՞ Նիկոլ Փաշինյանն այդ հանդիպմանը: Դրա համար ձերդ գերազանցություն գուբերնատորը դեռ պետք է համարձակվի սեփական բունկերը լքել: Իր «վարած» արտաքին քաղաքականության պատճառով են այսօր ռուսների ուղիղ հասանելիության շրջագծում հայտնվել Ադրբեջանից Եվրոպա գնացող խողովակաշարերը, վտանգվել ադրբեջանա-վրացական սահմանը, Հարավային Կովկասում նոր «ժանդարմ» է հայտնվել՝ ի դեմս Իրանի, որ ոչ մի կերպ չի համաձայնում Հայաստանի հետ իր սահմանի փոփոխություններին: Նիկոլը գնա Արեւմուտքում Ալիեւի հետ հանդիպելու, որ ի՞նչ անի: Նիկոլը կարո՞ղ է կանգնեցնել արցախցիների տարհանումը, Նիկոլը կարո՞ղ է ռուսներին խնդրել՝ դեկոմունիզացիա չանել Ադրբեջանը, Նիկոլը կարո՞ղ է Պուտինին համոզել, որ «Բրիթիշ փեթրոլիումի» ունեցած-չունեցածն օդ չհանի այնպես, ինչպես թուրքերը օդ հանեցին Ստեփանակերտի բենզապահեստը: Նիկոլը, առհասարակ, ի՞նչ կարող է անել, երբ նրան ու նրա կուսակցությանը նույնիսկ Հայաստանի մայրաքաղաքում չեն ընդունում այլեւս: Ու, բացի այդ, եթե Նիկոլն այս անգամ արդեն Բայդենի նամակի հաշվին մի քիչ երկար մնա վարչապետի բազկաթոռի մեջ ու շարունակի իր «հակառուսական» կուրսը, հետեւելու է Հայաստանի դեկոմունիզացիան: Վստահեցնում եմ ձեզ՝ դրանից հետո Հայաստանում կանգուն կմնան միայն ԽՍՀՄ հայ մարշալների եւ Կարեն Դեմիրճյանի արձանները: 
Ամենածանրը, սակայն, Լոնդոն փախած Արմեն Սարգսյանի վիճակն է: Այդ նրանից է Վաշինգտոնը «սպրոս» անելու՝ բա Նիկոլի նման գեղցուն կբերեի՞ն առաջին պլան, որ դուք բերեցիք: