Ընդդիմության հաջորդ հանրահավաքը նախորդների համեմատ կլինի ավելի բազմամարդ

Ընդդիմության հաջորդ հանրահավաքը նախորդների համեմատ կլինի ավելի բազմամարդ

Արդյոք Ռուսաստանը շահագրգռվա՞ծ է Փաշինյանի իշխանության տապալման մեջ եւ արդյոք Ռուսաստա՞նն է կանգնած Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմության հետեւում կամ առնվազն ինչ-որ ձեւով օգնում է ընդդիմությանը՝ հաջողության հասնելու գործում: Արտաքնապես Ռուսաստանը դժգոհ է Փաշինյանի քաղաքականությունից, համարում է, որ նա վարում է հակառուսական քաղաքականություն, կատարում է Արեւմուտքից իջեցված հրահանգները, ամեն ինչ անում է՝ Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում թուլացնելու եւ Ռուսաստանին Հայաստանից դուրս մղելու համար:

Բայց մի՞թե դրա պատճառը Փաշինյանն է, ի՞նչ կփոխվի Ռուսաստանի համար, եթե Հայաստանում իշխանությունը փոխվի: Կարելի է ասել, որ եթե Ռուսաստանին հաջողվի Հայաստանում իշխանության բերել իր դրածոյին, ապա իրավիճակը կփոխվի, նոր իշխանությունը կկատարի Ռուսաստանի բոլոր քմահաճույքները, անկախ նրանից, թե դրանք որքանով կհամապատասխանեն Հայաստանի շահերին: Փաշինյանն էլ է ուզում իրավիճակն այդպես ներկայացնել, բայց որքան էլ պարադոքսալ չթվա, Ռուսաստանի համար Հայաստանի ամենացանկալի իշխանության ղեկավարը Փաշինյանն է. թույլ եւ սեփական հասարակության կողմից մերժված, որը, չունենալով ներքին լեգիտիմություն, մշտապես արտաքին աջակցության կարիք ունի՝ սեփական իշխանությունը պահելու համար: Եթե անգամ Ռուսաստանն աջակցում է ընդդիմությանը, ապա ոչ թե Փաշինյանին իշխանազրկելու, այլ նրա իշխանության վրա ճնշում գործադրելու, նրան իր համար ցանկալի քայլեր կատարել պարտադրելու համար: 

Կիրակի օրը Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում Ռուսաստանին մեղադրեց Հայաստանում ներքաղաքական կայունությունը եւ անվտանգությունը հարվածի տակ դնելու համար: Փաշինյանի ասածն այն էր, որ եթե ընդդիմությունը հաղթի իշխանության համար պայքարում, ապա Հայաստանը կվերածի ռուսական ծայրագավառի: Ինքն էլ իբրեւ թե պայքարում է Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության համար: Ինչպես նշեցինք, Փաշինյանը չունի ներքին լեգիտիմություն, նրա իշխանությունը չունի հայ հանրության աջակցությունը: Մինչեւ Երեւանի ավագանու ընտրությունները, դրա մասին կարելի էր խոսել որպես տեսություն, որպես հանրային տրամադրությունների ուսումնասիրման արդյունք, իսկ Երեւանի ավագանու ընտրությունների պաշտոնական արդյունքները հստակ փաստեցին, որ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիրը» վայելում է ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների ընդամենը 9-10 տոկոսի վստահությունը: Այդ արդյունքն էլ արձանագրվել է բազմաթիվ ընտրախախտումների, ընտրողներին ուղղորդելու, վարչական ռեսուրսի չարաշահման, կրիմինալ ռեսուրսի լայնածավալ օգտագործման արդյունքում: 

Փաշինյանը ներքին լեգիտիմության պակասը փորձում է լրացնել արտաքին աջակցությամբ՝ մտածելով, որ իրեն իշխանության մնալու հարցում կարող է օգնել Արեւմուտքը, դրա դիմաց Արեւմուտքին առաջարկելով հակառուսական հռետորաբանություն: Փաշինյանի տրամաբանությամբ՝ որքան շատ ինքը մեղադրի ու քննադատի Ռուսաստանին, այնքան Արեւմուտքն ավելի շատ կաջակցի իրեն` չնկատելու կտա իր կողմից իրականացվող ընտրակեղծարարությունը, ժողովրդավարական նորմերի մասսայական խախտումները, քաղաքական եւ տնտեսական կոռուպցիան: Այս տրամաբանությունը շատ լավ աշխատում է. արեւմտյան աջակցությունը Փաշինյանին եւ նրա իշխանությանը՝ ապահովված է: Չնայած ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառում խաղաղ ցուցարարների նկատմամբ, չնայած մարդկանց ապօրինի զրկում են ազատությունից, կալանավորում են ու ձերբակալում, սակայն Արեւմուտքը եւ նրա համապատասխան կառույցները ոչ միայն լռության են մատնում դա, այլեւ նույնիսկ իրենց աջակցությունն են հայտնում Փաշինյանին՝ ասելով, որ Փաշինյանը պայքարում է պրոռուսական ցուցարարների դեմ, փորձում է Հայաստանն ազատել ռուսական ազդեցությունից, իսկ ամեն մի պրոռուսականի դեմ պայքարը սրբազան գործ է, որը ենթակա է ոչ թե քննադատության, այլ գովեստի եւ աջակցության: 

Ռուսաստանը հարցին մոտենում է այլ կողմից: Ռուսաստանի իշխանությունը հասկանում է, որ, անկախ Արեւմուտքի աջակցությունից, Փաշինյանը կարող է մտավախություն ունենալ, որ փողոցային պայքարը կարող է բերել իր իշխանության տապալմանը: Որքան էլ ոստիկանությունը դաժան գտնվի ցուցարարների նկատմամբ, որքան էլ ջանասիրաբար բերման ենթարկվեն ցուցարարները, միեւնույն է՝ կա մի կետ, որից հետո նույնիսկ ոստիկանությունը կարող է անզոր լինել՝ պաշտպանելու իր իշխանությունը, եւ կարող է տեղի տալ: Ռուսաստանը Հայաստանում ունեցած իր ռեսուրսների օգտագործմամբ կարող է օգնել ընդդիմությանը՝ ավելի բազմամարդ եւ ավելի ազդեցիկ հանրահավաքներ կազմակերպելու հարցում: Բայց դա ամենեւին չի նշանակում, թե ընդդիմությունը գտնվում է Ռուսաստանից անմիջական կախման մեջ, առավել եւս՝ կառավարվում է Ռուսաստանի կողմից: Ռուսաստանը կողքից աջակցելով ընդդիմությանը՝ ընդամենը ուժեղացնում է ճնշումը Փաշինյանի իշխանության դեմ, նրան ինչ-որ զիջումներ պարտադրելու համար: Այս պահին Ռուսաստանի համար կրիտիկական նշանակություն ունի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումը, որը կլինի իր վերահսկողության տակ՝ այն, ինչ գրված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, կամ առնվազն այն, ինչը ենթադրում է Ռուսաստանն այդ հայտարարության 9-րդ կետի տակ:

Ռուսաստանի իշխանությունը հասկանում է, որ նման միջանցքի համաձայնությունն ավելի հեշտ է կորզել թույլ եւ հանրային աջակցություն չունեցող Փաշինյանից, ում իշխանությունը կախված է մազից, եւ այդ մազի կտրվելու հարցում իր դերակատարումը կարող է ունենալ Ռուսաստանը, քան այն իշխանությունից, որը կգա փոխարինելու Փաշինյանին՝ ունենալով հանրային աջակցություն, եւ որը հայտարարում է, որ ոչ մի զիջման չի գնալու ընդդեմ Հայաստանի պետական շահերի:

Ավետիս Բաբաջանյան