Նիկոլական լինելը լրջագույն խեղում է` դրանք մարդկանց կարեկցելու ունակ չեն

Նիկոլական լինելը լրջագույն խեղում է` դրանք մարդկանց կարեկցելու ունակ չեն

«Հրապարակի» հարցերին պատասխանում է նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

- Երեկ ազերիներն առեւանգել են Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ինչը մեծ հրճվանք է պատճառել ադրբեջանցիներին եւ մեկ էլ Հայաստանի որոշ իշխանականների, որոնք չեն թաքցնում իրենց ուրախությունը: Ինչո՞վ եք բացատրում հայ մարդկանց ուրախությունը մեկ այլ հայի գերեվարվելու առիթով, մանավանդ՝ մենք լավ գիտենք, թե ադրբեջանցի բարբարոսներն ինչպես են վերաբերվում գերիներին:

- Այդ մարդիկ` նիկոլականները, հիվանդ են: Երբ խոսում ենք նիկոլական լինելու դիագնոզի մասին, շատերն ընդունում են սվիններով, շատերը վիրավորվում են, բայց պետք է եւս մեկ անգամ նշել, որ նիկոլական լինելը լրջագույն խեղում է: Գուցե անգամ իրենց համար հասկանալի չլինի, թե ինչ եմ ասում, բայց այդ մարդիկ` ախուրյանցի Անոյից սկսած, Նիկոլ Փաշինյանով վերջացրած, չունեն էմպատիա` ապրումակցում: Դա շատ բարդ բան է իրենց ուղեղների համար, նրանք չունեն մարդուն կարեկցելու, վշտակցելու, առնվազն գոնե լռելու կարողություն: Այդ մարդիկ ունեն լրջագույն խեղում, հոգեբուժության դասագրքերը բացեք եւ կտեսնեք` մարդիկ, ովքեր չունեն էմպատիա, մարդիկ, ովքեր դիմացինին չեն կարող ապրումակցել, ունեն հոգեկան կոնկրետ շեղվածություն: Կարող եք կիսել կամ չկիսել Ռուբեն Վարդանյանի քաղաքական հայացքները, կարող եք համակրել կամ չհամակրել Ռուբեն Վարդանյանին, բայց հրճվել այն բանից, որ հայ մարդուն, ով Արցախի համար մեծ ներդրումներ է արել, ի վերջո՝ հայի անուն-ազգանունով մարդուն, ով թշնամու կողմից առեւանգվել է, ուրախանալ, պարզապես լրջագույն հոգեկան խնդիր է:

- Սամվել Բաբայանը ժպիտը դեմքին Հանրային հեռուստաընկերության եթերից մեղավորներ էր փնտրում, «բացահայտումներ» անում, Նիկոլ Փաշինյանի որոշ պնդումներն էր հաստատում: Ինչպե՞ս ստացվեց, որ նա կարողացավ առաջիններից մեկը լքել խորտակվող նավը, իսկ նույն՝ Ռուբեն Վարդանյանը հայտնվեց ազերիների թիրախում:

- Ես իրավունք ունեմ լեգիտիմ կասկածներ ունենալու Սամվել Բաբայանի մասին: Նա երեկ Հ1-ի եթերում ասաց, որ առանց Արայիկ Հարությունյանի իմացության եւ գիտության ինքն աշխատել է Ադրբեջանի հետ, կարծիքներ, տեսակետներ փոխանցելով նրանց հետ: Ինչպե՞ս է Սամվել Բաբայանը «սպարծիվկով» անցել անցակետը, գուցե ադրբեջանական կողմի հետ նախապես համաձայնությա՞ն է եկել: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ տարեց Վագիֆ Խաչատրյանը, ով գալիս էր Երեւան՝ սրտի բարդ վիրահատության, նույն՝ Սամվել Բաբայանի վարորդը լինելու կասկածանքով առեւանգվել է ադրբեջանցիների կողմից, իսկ շեֆը` Բաբայան Սամվելը, անցնում է Հակարիի կամուրջը, այն դեպքում, երբ բոլորովին վերջերս ասում էր` ես լինելու եմ վերջին մարդը, ով դուրս կգա Արցախից: Մեր պրոբլեմը շատ վաղուց Նիկոլը չէ, մեր պրոբլեմը նիկոլականությունն է, այդ աղանդը, որը բոլոր աղանդներից ամենավտանգավորն է այսօր: Տեսեք, թե դրանք ովքեր են, ինչպես են հայ մարդու կալանավորումով ուրախանում, ասում են՝ տարեք, մորթեք, սպանեք: Այդ կոչեր անողները հայեր են. կանայք` մայրեր, ովքեր ունեն երեխաներ, ընտանիք: Մեծ ողբերգություն է այդ ամենը տեսնելը:

- Ինչո՞ւ Ռուբեն Վարդանյանը հայտնվեց ադրբեջանցիների թիրախում: Ի՞նչը նրան չեն ներում մեզ թշնամի երկրում:

- Ռուբեն Վարդանյանը նախ Նիկոլ Փաշինյանի հակառակորդներից մեկն էր: Ալիեւն ասում էր, որ 2018 թվականի հեղափոխությանն իր մասնակցությունն է ունեցել նաեւ Ադրբեջանը, ավելին` Ալիեւը բազմիցս ասել է, որ Հայաստանում թույլ չի տալու իշխանափոխություն: Ռուբեն Վարդանյանն այն մարդն է, որը գոնե փորձեց մինչեւ վերջ հայկական պահել Արցախը, ինչը, ցավոք, չստացվեց: