Ոնց որ վերջին վայրկյանին իմանան, որ այնտեղ աղետ է, այնինչ բլոկադայի սկզբից իմացել են

Ոնց որ վերջին վայրկյանին իմանան, որ այնտեղ աղետ է, այնինչ բլոկադայի սկզբից իմացել են

Բռնագաղթած արցախցիներից շատերը չեն կարողացել նույնիսկ հավելյալ հագուստ վերցնել իրենց հետ ու ստիպված են եղել ճանապարհ ընկնել առանց սննդի պաշարի, հագուստի եւ այլ պարագաների։
Ու մինչ առաջին խումբը կանցներ Հակարիի կամրջին ադրբեջանցիների դրած անցակետով, Հայաստանում արդեն սկսվեցին մեր հայրենակիցներին օգնելու նախաձեռնությունները։

Բազմաթիվ անհատ մարդիկ պատրաստակամություն հայտնեցին՝ անվճար կեցության տարածք տրամադրել, մյուսները՝ սնունդ, դեղորայք ու հիգիենայի պարագաներ, երրորդներն աշխատատեղ էին առաջարկում։ Մեր ժողովուրդն այնքան անհաղորդ չէ իր հայրենակիցների ցավին, որքան իր իշխանությունները, եւ նման դեպքերում միշտ ավելին է անում, քան հարկատուների փողերով գործ անող կառավարությունը։

Հանրապետական վերականգնողական կենտրոնի տնօրեն Նարինե Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց հիմնականում դիմում են այն մարդիկ, որոնց ինքն օգնություն է ցուցաբերել 2020 թվականի պատերազմի, ապա բլոկադայի ժամանակ։ «Դրանք 5-ից ավելի երեխա ունեցող ընտանիքներն են եւ հաշմանդամություն ունեցող ընտանիքներն են, բոլորն ինձ ճանաչում են դեռեւս 2020 թվականից։ Իրենք դեռեւս Գորիսում են, որովհետեւ այդ գրանցման փուլերն են անցնում, դեռեւս ոչ ոք Երեւանում չէ։ Հաշմանդամություն ունեցող երեխաներից մի քանիսին արդեն գտել ենք տներ, որ գնան ապրեն։ Մարդիկ հիմնականում անվճար են առաջարկել, բայց՝ Աբովյանում, Հրազդանում եւ այլ վայրերում։ Մնացածին էլ փորձում ենք համակարգել, որովհետեւ շատ մեծ ընտանիքներ են՝ 17, 18, 19 հոգով։ Եղբայրներ են՝ իրենց երեխաներով, մեծերով եւ այլն»,- ասաց Մանուկյանը։

Կենտրոնի տնօրենը նշեց, որ մարդիկ պատրաստ են օգնել, բայց այս պահին դեռ դրամահավաք չեն արել․ «Իմ ռեսուրսն եմ փորձում ծախսել հիմա եւ իմ ամենամտերիմ ընկերների հավաքածը, ում կարող եմ անձնապես դիմել, բայց հիմնականում վերջին շրջանում անընդհատ գումար էի տնտեսում ինքս ինձ համար՝ հասկանալով, որ մի օր այս օրը գալու է։ Դրա համար դեռեւս գումար ունեմ եւ դրամահավաք չեմ հայտարարել դեռ»։ Նա նշում է, որ երբեք չի կասկածել մեր ազգի լավ մասի ներուժի վրա, դա տեսել է ապրիլյան պատերազմից հետո եւ ափսոսում է, որ օգնություն կազմակերպող մարդկանց քանակը քիչ է։ «Նման իրավիճակներում թացն ու չորը խառնվում են, ու չես կարող իմանալ, թե այս պահին ով է դրամահավաք անում, ինչ հաշվետվողականություն ունեն այդ մարդիկ կամ ունե՞ն, թե՞ չունեն ընդհանրապես։ Կոպիտ եթե արտահայտվեմ, դա իմ գործը չէ, բայց ես ոչ մեկին չեմ մեղադրում, դա միշտ էլ եղել է, դա արդեն պետությունը պետք է համակարգի»,-ասաց Մանուկյանը։

Սակայն չի եղել դեպք, որ որեւէ օգնության կոչ արձագանք չգտնի, որ համախմբում չլինի, եւ դա թիմային աշխատանքի արդյունքն է ու ամենակարեւոր կապիտալը։ Հետաքրքրվեցինք, թե արդյոք պետությունը բավարար միջոցներ ձեռնարկե՞լ է՝ բռնագաղթող մեր ազգակիցներին օգնելու համար, ասաց, որ այս պահին գաղափար չունի։ «Գիտեմ, որ Գորիսում ահավոր հերթեր են, բայց չեմ պատկերացնում, թե ինչ ռեսուրսով պիտի պատրաստվեին, որ կարողանային այդ ամեն ինչը ծածկել։ 2020 թվականին էլ եմ մարդկանց ընդունել եւ ապահովել, անցած տարվա սեպտեմբերին էլ եմ ընդունել եւ ապահովել։ Այդ ամբողջ ընթացքում որ ասում էին՝ մենք ամեն ինչ անում ենք, ոչ մի խնդիր չկա, նույնիսկ «Ազատությունը» ռեպորտաժ պատրաստեց, որ հաշմանդամություն ունեցող երեխաները գնացել էին իրենց բարեկամների տուն, համայնքապետարաններից զանգել էին՝ իրենց լոկացիան ճշտել, ու վերջ։ Թե այդ մարդիկ այդ ընթացքում ինչ կերան, ինչ հագան, այդ երեխաները ծանր հաշմանդամությունով ինչ ապրեցին, ոնց ապրեցին՝ դա արդեն ոչ ոքի չհուզեց»,- շեշտեց զրուցակիցս։

Նախօրոք ասել՝ կառավարությունն անում է կամ չի անում, նա չի կարող։ Մարդիկ կգան, կհարցնեն ու կհասկանան, թե ինչն է արվել, ինչը չի արվել, ինչը կարող էին անել, իսկ ինչը չէին կարող։

Մանուկյանը նշում է, որ հենց լրագրողները պետք է հաշվետվողականություն պահանջեն տարատեսակ օգնություն հավաքողներից, որպեսզի կտրոն ներկայացնեն ծախսված գումարների մասին, թե ինչ են ձեռք բերել։ «Մարդիկ այդ պահերին ուզում են իրենց կարողացածի չափով օգնել, ամեն մեկն ուզում է իր հոգու պարտքը կատարել։ Կառավարությունը նախօրոք պետք է ստեղծեր անհատների համակարգված խումբ, թող դիմեին մեզ, ասեին՝ ամեն մեկդ եկեք, մի ֆունկցիա վերցրեք ձեզ վրա։ Օրինակ՝ ես զբաղվեի հաշմանդամություն ունեցող երեխաներով, մյուսը՝ բազմազավակներով, էն մյուսը՝ հղիներով։ Այդպես աշխատանքը կլիներ շատ ավելի համակարգված, ամեն մեկս կվերցնեինք մեր փոքր սեգմենտը եւ մեր գործունեության պրոֆեսիոնալիզմից ելնելով՝ ամեն ինչ կանեինք տեղը տեղին։ Դրա համար էլ այս պահին ամեն ինչը քաոտիկ է, ինչպես միշտ՝ երբեք չի եղել կազմակերպված, սա առաջին դեպքը չէ, երկրորդը չէ, երրորդը չէ, այնպես չէ, որ առաջ լավ էր, հիմա վատ է։ Միշտ եղել է այսպիսի խառը վիճակ, ոնց որ վերջին վայրկյանին իմանանք, որ այնտեղ աղետ է։ Այնինչ, ինչ բլոկադան սկսվել է, կարծում եմ, որ իրենք շատ լավ իմացել են, որ դրան խնդիր է հաջորդելու, իսկ եթե չեն իմացել, շատ ավելի վատ իրենց համար»,- եզրափակեց Նարինե Մանուկյանը։