«Հրապարակ». Ելքը լայն հանրային կոնսոլիդացիայով համազգային շարժումն է, որը Փաշինյանի անցնցում հեռացումը կապահովի

«Հրապարակ». Ելքը լայն հանրային կոնսոլիդացիայով համազգային շարժումն է, որը Փաշինյանի անցնցում հեռացումը կապահովի

Հարցազրույց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի հետ

- Խնդրում եմ ներկայացնել ներկայիս իրավիճակի Ձեր քաղաքական գնահատականը։ Հարթակին կա ընդդիմություն, որն ինչ-որ զանգված հանում է հրապարակ, եւ իշխանություն, որը զուտ հումանիտար խնդիրներից է խոսում, բայց գլխավոր հարցին՝ Սյունիքի միջանցքի խնդրին, չի անդրադառնում։ Ինչպե՞ս կբնորոշեք այս ուժերի հարաբերակցությունը, ներքաղաքական դաշտի վիճակը։

- Գործող ուժերի հարաբերակցությունն ինձ համար երկրորդական հարց է։ Մենք շատ ավելի կարեւոր իրադարձությունների կիզակետում ենք գտնվում։ Մենք ապրում ենք աշխարհակարգի փոփոխության ծանր ժամանակներում, որոնք մարդկության պատմության մեջ հազվագյուտ ժամանակներ են, եւ մեզ բախտ կամ դժբախտություն է վիճակվել՝ ապրելու հենց այդպիսի ժամանակում, երբ խարխլվում է միջազգային կարգուկանոնը, խարխլվում են միջազգային քաղաքականության սովորական կանոնները, պետությունները դառնում են ավելի ագրեսիվ եւ գիշատիչ, եւ շատերը փորձում են օգտվել ստեղծված քաոսի ընձեռած հնարավորություններից, տարածքներ ձեռք բերել, նվաճել ռեսուրսներ եւ այլն։ Մեր օրերում նման մի բան էլի է եղել՝ 90-ականներին, որը համեմատաբար ավելի խաղաղ փոփոխություն էր, բայց էլի բացվեցին հնարավորություններ, որոնցից մենք կարողացանք օգտվել, գոնե Ղարաբաղի հարցը լուծել մեր օգտին։ Ցավոք, չեղավ այն գիտակցությունը, որ հաղթանակը պետք է ամրապնդել եւ նախապատրաստվել աշխարհակարգի նոր փոփոխությանը։ Ոչինչ չարվեց։ Գլխավոր պատճառն այն էր, որ, մի կողմից, մերժվեց ուժի դիրքերից խաղաղություն կնքելու Տեր-Պետրոսյանի պլանը, մյուս կողմից՝ նոր եկածները չզբաղվեցին մեր պաշտպանությամբ՝ չհասկանալով, որ եթե մերժում են այդ պլանը, ապա ալտերնատիվն ապագա պատերազմն է, որին պետք է պատրաստվել։ Չէր կարելի ապավինել միայն ՌԴ-ին։ Պետք է ապավինեին սեփական ուժերին, կառուցեին ֆորտիֆիկացիաներ, թունելներ, բունկերներ, ամեն տեսակի ռազմական ինֆրաստրուկտուրա, որը, օրինակի համար, 800 տարի խաղաղության պայմաններում ապրող Շվեյցարիան դեռ հիմա էլ շարունակում է անել։ Մենք տեսնում ենք, թե 8 տարվա մեջ Ուկրաինայի կառուցած ֆորտիֆիկացիաները նվաճելը ռուսական բանակի համար ինչքան դժվար խնդիր է։

- Նույն Ադրբեջանը 30 տարում որտե՞ղ էր եւ ո՞ւր հասավ․․․

- Իհարկե, մեղավոր է նաեւ Փաշինյանը, ով 2019 թվականին մերժեց մեզ համար շատ նպաստավոր եւ արժանապատիվ խաղաղության պլանը եւ երկիրը ներքաշեց անհավասար պատերազմի մեջ, որտեղ մենք որեւէ շանս չունեինք։ Ու այս ամեն ինչը մեզ համար բարդանում է երկու կարեւոր հանգամանքով։ Մեկն այն է, որ մեր անվտանգության համակարգի գլխավոր հենասյունի դեր ստանձնած Ռուսաստանն այսօր ամբողջ ռեսուրսներով ներգրավված է ուկրաինական պատերազմի մեջ ու, ըստ էության, հակամարտում է ամբողջ Արեւմուտքի դեմ: Ադրբեջանը, օգտվելով Ռուսաստանի այս թուլությունից, շանս է տեսել իր համար՝ իրագործել իր դարավոր երազանքները՝ Ղարաբաղի հայաթափումը եւ Զանգեզուրի ձեռքբերման խնդիրը։ Երկրորդ հանգամանքն այն է, որ այս բարդագույն իրավիճակում մենք ոչ միայն չունենք շատ թե քիչ լուրջ իշխանություն, այլեւ ունենք դեռ մի բան էլ վնասարար իշխանություն։ Այս իշխանությունն անմեղսունակ, տգետ, անբարոյական մարդկանց մի խմբակ է՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որը ոչինչ չի կարողանում անել, ու հակառակը՝ իր գործողություններով ավելի է մղում ամբողջ Հայաստանը դեպի անդունդ։ Իբր սա քիչ էր, դեռ մի հատ էլ ունենք ընդդիմություն, որը ոչ թե ցանկանում է Հայաստանի առջեւ ծառացած խնդիրները լուծել, այլ լուծել ընդամենը Փաշինյանի հետ հաշվեհարդարի խնդիրը։ Եթե ինչ-որ մեկը փորձեր պատկերել կատարյալ փակուղի, այն, ինչ կատարվում է Հայաստանում, հենց այդ կատարյալ փակուղին է։

- Ստացվում է՝ շանս չունե՞նք։

- Աշխարհաքաղաքական, ռեգիոնալ իրավիճակով, իշխանության եւ ակտիվ ընդդիմության այս շրջանակով ստեղծվել են կատարյալ փակուղու պայմաններ: Ելքերի մասին կարելի է խոսել, բայց՝ մեկ այլ հարցազրույցի շրջանակներում:

- Մեր գործընկերներից խոսենք։ Ունենք բարեկամական տրամադրված Իրան, ռազմավարական գործընկեր Ռուսաստան, նաեւ կան այլ երկրներ՝ Կիպրոս, մյուսներ, որոնք չեն սիրում Ադրբեջանին ու Թուրքիային։ Ինչպիսի՞ արտաքին քաղաքականություն վարենք, որ անկորուստ կամ քիչ կորուստներով դուրս գանք այս փակուղուց։

- Մենք հիմա միջազգային հարաբերությունների կանոնավոր աշխարհակարգում չենք ապրում։ Մենք ապրում ենք գիշատիչ աշխարհում։ Անընդհատ պառնալիքների, բռնությամբ եւ ռազմական ճանապարհով հարցերը լուծելու այս համընդհանուր հակվածության պայմաններում, որում միջազգային իրավունքը չի աշխատում, մեր անվտանգության տեսակետից ամենակարեւոր գործոններն են դառնում ռեգիոնում ռազմական միջամտության հնարավորություն ունեցող պետությունները։ Կա 4 երկիր, որոնք պատրաստ են ռազմական միջամտության՝ Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը։ Արեւմուտքն այս ռեգիոնում ռազմական միջամտության ընդունակ չէ ե՛ւ լոգիստիկ, ե՛ւ աշխարհաքաղաքական պատճառներով։ Միացյալ Նահանգները ռազմական առումով կենտրոնացած է Ուկրաինայի, Թայվանի վրա, եւ միայն այդ ուղղություններով զբաղվելով՝ արդեն գերբեռնված են, էլ չեմ խոսում այն մասին, որ ընդհանրապես որեւէ շահ չունի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հակամարտելու։ Եվ ի՞նչ է ստացվում։ Ասացիք՝ Իրանը բարեկամական տրամադրված երկիր է, բայց Իրանը վստահություն չի տածում Փաշինյանի իշխանության նկատմամբ։ Այս անմեղսունակ իշխանությունը կարողացավ բոլորի հետ հարաբերությունները փչացնել, որովհետեւ Իրանը, բնականաբար, վատ է վերաբերվում Հայաստանի ծայրահեղ պրոամերիկյան կեցվածքին, հատկապես՝ ինչ-որ քայլերի, որոնք կարող են տպավորություն ստեղծել, որ Հայաստանը ցանկանում է արեւմտյան երկրների զինվորականների բերել ռեգիոն, եւ դա մեծ թշնամություն ու անվստահություն է առաջացնում Իրանի ղեկավարության մոտ։ Սա մի աննախադեպ հիմարություն է, որ մենք տեսնում ենք Հայաստանի վարած քաղաքականության մեջ։ Այս 4 երկրներից երկուսն ուզում են հոշոտել Հայաստանը՝ որպես իրենց թուրանական տիրապետությանը խանգարող խոչընդոտ, հիմա մենք մեր «իմաստուն» քաղաքականությամբ կարողացանք Ռուսաստանին էլ, Իրանին էլ օտարացնել։ Հիմա այս 4-ից 2-ը ցանկանում են Հայաստանից տարածքներ խլել, իսկ մյուս 2-ը տեսնում են Հայաստանի այսօրվա պետական իշխանության մեջ սպառնալիք՝ իրենց շահերին։ Պետք է հատուկ տաղանդ ունենալ՝ նման արդյունքի հասնելու համար։ Նման իրավիճակի ստեղծումն այլ կերպ բացատրել, քան Փաշինյանի հիմար ու տգետ քաղաքականությամբ, հնարավոր չէ։

- Ինչո՞վ է ղեկավարվել Փաշինյանը։ Ասում են՝ դավաճան է, հատուկ ծրագիր ունի՝ մեզ ՌԴ-ից կտրելու։

- Պարզ է, որ նա հենց ամենասկզբից իրեն կոմֆորտային չի զգացել ՌԴ-ի, ՀԱՊԿ-ի, Բելառուսի, Ղազախստանի, մնացած առաջնորդների հետ շփվելիս, իր մտածելով՝ ավտորիտար երկրների ակումբում։ Բայց պետության ղեկավարը պետք է նման բաներից վեր կանգնի՝ ելնելով սեփական ժողովրդի շահերից։ Եվ կուզի՝ դեմոկրատական թե ավտորիտար կամ տոտալիտար երկրի ղեկավար լինի իր առաջ, այդ մարդկանց հետ պետք է լեզու գտնել։ Այսինքն՝ նա ի սկզբանե լավ տրամադրված չէր եւ տանում էր դեպի Արեւմուտք։ Բայց 20 թվականի պատերազմի արդյունքում ինչ-որ պահի գիտակցել ու ընդունել էր, որ պետք է, այնուամենայնիվ, խաղա այդ կանոններով, եւ, ըստ էության, ընդունել էր Ռուսաստանի ուժային դերն այս ռեգիոնում։ Ի դեպ, հենց դրա շնորհիվ էլ նա 2021 թվականին ընտրվեց, եւ նրանից սպասում էին, որ նա պետք է իրագործի այդ՝ նոյեմբերի 9-ի հայտարարության պայմանավորվածությունները։ Դա փոխվեց, երբ Ռուսաստանն ունեցավ առաջին անհաջողություններն ուկրաինական պատերազմում։ 2022 թվականի ապրիլի 2-ին ՌԴ-ն հեռացավ Կիեւի, Խարկովի մատույցներից, եւ Փաշինյանը, ինչպես շատերը, սա ընկալեց որպես Ռուսաստանի վախճան ու, կոպիտ ասած, «սպիսատ» արեց Ռուսաստանը։ Այդ ժամանակ նա սկսեց խոսել Ղարաբաղի հարցում նշաձողն իջեցնելու մասին եւ պատրաստվել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու որոշմանը։ Երկու օր առաջ ռուսական ՄԻԴ-ը հայտարարություն հրապարակեց, ըստ որի՝ երեք երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պայմանավորվածություն էր ձեռք բերվել այն մասին, որ Ղարաբաղի ստատուսի որոշումը պետք է մնար ապագա սերունդներին, բայց Փաշինյանը խախտեց այս պայմանավորվածությունը եւ ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում։ Ինչո՞ւ այդպես վարվեց։ Ռուսներին պետք էր, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցն առկախված մնա, որպեսզի հիմնավորվի ռուս խաղաղապահների ներկայությունը Ղարաբաղում: Մյուս կողմից՝ Արեւմուտքը հետաքրքրված էր, որ ստատուսի հարցն արագ լուծվի, որ Հայաստանն ընդունի Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, ինչը կթուլացներ ռուսների դիրքերը Կովկասում։ Եվ, ահա, Փաշինյանը Ռուսաստանի ապրիլյան անհաջողություններից հետո եզրակացրեց, որ Ռուսաստան այլեւս թուլացած է եւ կորցնում է իր ազդեցությունը ռեգիոնում, հետեւաբար՝ պետք է ճանապարհ փնտրել դեպի Արեւմուտք։ Իսկ այդ ճանապարհի բանալին Արցախի ճանաչումն էր Ադրբեջանի կազմում, ինչը եւ արվեց։ Բնականաբար, ՌԴ թուլացումը նպաստեց ադրբեջանական ագրեսիայի սաստկացմանը։ Նրանք հաշվենկատ ձեւով հաշվարկեցին իրենց լկտիության չափը, ինչ իրենք կարող են վերցնել՝ հաշվելով, որ ռուսները չեն պատասխանի, ու այդ ամենը հոյակապ առաջ տարան։ Բայց այդ խնդրի իրականացմանն օգնեց նաեւ Փաշինյանը՝ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու իր հայտարարությամբ։ Իր կարծիքով, ինքը դրեց ռուսներին անհարմար վիճակի մեջ, որովհետեւ ձեռքերը լվաց Ղարաբաղի պատասխանատվությունից՝ թողնելով այն ռուսների վրա: Համարեց, որ քանի որ ՌԴ-ին պետք է այնտեղ ներկայություն, իրենք կկանգնեն այնտեղ, թեկուզեւ ինքն այդ զիջումներն անի, միեւնույն է, ինքն ավելի շատ ոչ թե հայկական շահերին է խփում, այլ՝ ռուսական։ Նա չհասկացավ, որ նման կատակներ գերտերությունների հետ չեն անում։ Ռուսաստանն էլ գտավ իր ճանապարհը՝ իր շահը պաշտպանելու, եւ մեր ժողովուրդը, մեր արցախահայությունը դարձավ Նիկոլ Փաշինյանի այս կատաստրոֆիկ քայլերի զոհը։

- Ինչո՞ւ սկսեց ակնհայտ ագրեսիվ քայլեր` ՆԱՏՕ-ի զորավարժություններ, կնոջ այցն Ուկրաինա, ՌԴ գործիչների մուտքն արգելելը, Հռոմի ստատուտը, գուցե Արեւմուտքի՞ն է սիրաշահում, որ զենք տան:

- Սրանք ոնց որ ՌԴ-ին գրգռելու ու հունից հանելու քայլեր էին։ Ի վերջո՝ Հռոմի ստատուտի վավերացումը, որն ամենաաբսուրդ քայլերից մեկն է։ Ոչ մի գործիք Ադրբեջանի ագրեսիայի դեմ դա մեզ չի տա, այդ դատարանների որոշումները ոչ մեկի համար ոչ մի բան չեն նշանակում։ Գիտենք, որ այդ դատարանն ագրեսիայի հանցագործությունը չի կարող նայել, որովհետեւ Ադրբեջանը չի ստորագրել Հռոմի ստատուտը, անդամ չէ։ Իսկ սեպտեմբերյան դեպքերի վերաբերյալ ռազմական հանցագործությունների հարցով, անգամ եթե երազենք, որ կարող է պատահի՝ վճիռ լինի, միեւնույն է, չի իրագործվի՝ առանց աշխարհի մեծերի գործուն աջակցության: Եթե աշխարհի մեծերը կամ գերտերություններն Ադրբեջանին պատասխանի կանչել ուզենային, իրենց պետք չէ դրա համար Հռոմի ստատուտի գործիքը։ Շատ ավելի հզոր գործիքներ ունեն նրանք, եւ դրանք չկիրառելը նշանակում է, որ դա էլ չեն կիրառի։ Միակ արդյունքը Ռուսաստանի գրգռված թշնամությունն է այս քայլով։ Չէի ուզի մտածել, որ Փաշինյանը թշնամաբար է գործում սեփական ժողովրդի նկատմամբ, հատուկ նրա գլխին աղետ ու կորուստներ բերում։ Հետեւապես, պետք է մտածել, որ նա փորձում է շահել Արեւմուտքի համակրանքը՝ ակնկալելով փոխհատուցում: Բայց նա չի հասկանում, որ շահել համակրանքը՝ չի նշանակում շահել նրանց կողմից գործուն միջամտություն։ Չի հասկանում, որ Ֆեյսբուքով պաչիկներ փոխանակելը Ֆրանսիայի հետ, լավագույն դեպքում, կարող է թույլ սրտով մի քանի մարդկանց սիրտը ջերմացնել, ուրիշ ոչինչ։ Իհարկե, հաճելի է լսել Ֆրանսիայի օբյեկտիվ գնահատականներն Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ, բայց եթե դրանց չի հետեւում որեւէ բան, որը կարող է խոչընդոտել կամ խափանել այդ գործողությունները, դա ոչ մի իմաստ չունի։ Եթե խոսքը սանկցիաների մասին է, սանկցիաներ չեն լինելու, հայտարարությունից բացի՝ մինչեւ հիմա ոչինչ չի եղել ու չի լինի։ 
Եթե մտածում են փողերի մասին, հիմա ասում են՝ 40 սենատոր միլիարդավոր՝ 2 մլրդ դոլարի ծրագիր են առաջարկել 3 տարվա համար։ Ասենք, մի հրաշքով դա եղավ, ի՞նչ է մեզ տալու։ Այն վնասը, որ մեզ հասցվում է ադրբեջանական, թուրքական ագրեսիայի հետեւանքով, դա տասնյակ միլիարդ դոլարների վնաս է։ Էլ չեմ ասում, որ մենք ստրատեգիական տարածքներ պետք է կորցնենք։ Եվ սա փոխհատուցվելու է ընդամենը 2-3 մլրդ դոլարի օգնությա՞մբ։ Եթե անգամ դա լինի, կնշանակի, որ Արեւմուտքը մեզ մի թեթեւ կվճարի այն բանի համար, որ մենք մեր տարածքների ու կյանքերի կորստյան գնով ամեն ինչ արեցինք ՌԴ-ին ցավեցնելու համար։ Եթե սա է մեր քաղաքականությունը, այս իշխանության եւ նրա իբր թե արեւմտամետ սատելիտների հանճարեղ միտքը, ուրեմն ես ողբում եմ մեր ճակատագրի համար։

- Հնարավո՞ր է ՌԴ-ի հետ հարաբերությունները վերականգնել, փրկել Արցախի կարգավիճակը, ի՞նչ կարելի է անել։

- Դա ավարտված պատմություն է։ Փաշինյանը թաղեց Արցախը ե՛ւ դիվանագիտական, ե՛ւ ռազմական առումով, ե՛ւ անգամ ապագայի առումով։ Ու այդ դագաղը ստեղծել է Փաշինյանը, նա էլ խփել է վերջին մեխը։ Դա արդեն մի բան է, որը հետ չի կարելի պտտեցնել։

- Ի՞նչ անել։ Չէ՞ որ միշտ ելք կա։ Տեր-Պետրոսյանը միշտ անսպասելի ելքեր էր առաջարկում, հիմա սպասում են, որ նա մի բան կասի։

- Լեւոն Տեր-Պետրոսյանը երբ որ ասելիք ունենա, կասի, ես չեմ կասկածում։ Բայց արդեն նկարագրեցի, որ սա կատարյալ փակուղի է։ Ասում եք՝ հրաշք, ելք գտեք կատարյալ փակուղուց։ Ամենացավալին այն է, որ մինչեւ մենք մտանք այդ փակուղու մեջ, մենք անընդհատ ելք ենք առաջարկել, ու ամեն անգամ դա մերժվել է, ու փակուղին դարձել է ավելի ու ավելի դժվարանցանելի։ Հիմա նորից մեզնից ելք են ուզում։ Նաեւ մեզ չեն լսում։ Մենք վերջին ընտրությունում ստացել ենք 1,5 տոկոս, ու ես չեմ կարծում, թե իրավիճակը փոխվել է։ Անգամ եթե մենք հիմա լավագույն ելքն առաջարկենք, չի նշանակում, որ դա կիրագործվի։ Փաշինյանի մնալն իշխանության կարող է մեզ բերել նաեւ Սյունիքը կորցնելուն։ Եվ այն հախուռն ձեւերը՝ նրան հեռացնելու, նույնպես կարող են դառնալ սպառնալիք, եթե ապակայունացնեն երկիրը։ Ես ուրախ կլինեի, եթե նրան կարողանային հեռացնել անցնցում ձեւով։
Արագ իշխանություն ձեւավորվի, որը սահմանադրական իմաստով ճիշտ կտանի պրոցեսները, եւ իրավական վակուում չստեղծվի, բայց այդ ճանապարհը ես չեմ տեսնում։ 

- Մանդատները վայր դնելը սահմանադրական ճգնաժա՞մ կստեղծի։ 

- Ֆորմալ առումով դա ոչ մի ճգնաժամ չի առաջացնում։ Ընդամենը ԱԺ-ն կվերածվի Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ի ֆրակցիայի նիստերի։ Իհարկե, ինչ-որ առումով սա կդելեգիտիմացնի ԱԺ-ն, բայց իրենք կասեն՝ օրենք կա, Սահմանադրություն կա, իրենք նախընտրեցին վայր դնել մանդատներն ու չմասնակցել, ու սրանով հարցը կփակվի։ Ելքը լայն կոնսենսուսային հանրային կոնսոլիդացիայով համազգային շարժման ստեղծումն է, որն ի վիճակի կլինի պարտադրել Փաշինյանի հեռացումն անցնցում գործընթացով: