Զոհին մի մեղադրեք

Զոհին մի մեղադրեք

Թշնամու ու ճակատագրի հարվածներից ուշքի չեկած, մի կողմից՝ տեղեկատվության պակասի, մյուս կողմից` կեղծ տեղեկատվության հեղեղի մեջ չկողմնորոշվող հայ հասարակությանը համատարած շփոթի մեջ գցելն ու ապակողմնորոշելը բարդ բան չէ, եւ մերօրյա մանիպուլյատոր իշխանությունը հմտորեն իրականացնում է դա: Բոլոր օրինական ու անօրինական քարոզչամիջոցներով ժողովրդի ուղեղում կեղծ կլիշեներ են ամրագրում: Դրանցից առաջինը մեզ հետ կատարվածի մեղավորների հարցում որոշակի կլիշեներ ստեղծելն է: Նիկոլ Փաշինյանն իր թիմով հասել է նրան, որ իրենց հետ հավասար, իսկ երբեմն՝ ավելի շատ, կատարվածի մեղավոր են համարում այլ պետությանն ու նրա ներկայացուցիչներին: Բնականաբար, այդ պետությունը Ռուսաստանն է, որին Փաշինյանը մեղավոր է նշանակել Արցախի կորստի եւ, առհասարակ` մեզ պատուհասած բոլոր դժբախտությունների համար: Նույնն է, որ իրենց ձախողված ամուսնության համար ամուսինները մեղադրեն ծանոթացնողին, քավորին, կողակցի մասին դրական բան ասած անձին, սկեսուր-սկեսրայրին, զոքանչին ու աներոջը, այդ ամուսնությունից ծնված երեխաներին, բայց իրենք իրենց մեղքը չգիտակցեն:

Հաջորդ կլիշեն վերաբերում է բուն արցախցիներին: Մենք, առհասարակ, դժբախտության մեջ հայտնված մարդուն մեղադրելու մեծ ձիրք ունենք. մեկի տնից գողություն են արել` ինքն է մեղավոր, դուռը լավ չի կողպել: Մյուսին բռնաբարել են` ուրեմն բաց է հագնվել: Երրորդին սպանել են` ուրեմն սադրել է մարդասպանին: Հիմա կան մարդիկ, որոնք անամոթաբար ու սառնասրտորեն մեղադրում են տուն ու տեղից զրկված, դժոխքի միջով անցած, հարազատներ կորցրած արցախցիներին: Համարում են, որ նրանք են մեղավոր իրենց դժբախտությունների համար: Իհարկե, դա արվում է սեփական մեղքի զգացումից ազատվելու համար, բայց դա չի արդարացնում նրանց: