Արդար աշխատող, սկզբունքներ ունեցող դատավորներին ամեն կերպ չեզոքացնում են

Արդար աշխատող, սկզբունքներ ունեցող դատավորներին ամեն կերպ չեզոքացնում են

«Վարույթ իրականացնող մարմինները պետք է հաշվի առնեն, որ կալանքը դատաքննության փուլում մեղադրյալի վարքագիծն ապահովելու համար է, ոչ թե նրան պատժելու», - «Հրապարակի» հետ զրույցում նշում է փաստաբան Վահե Եփրիկյանը: Նրա խոսքով` արդեն չորրորդ տարին է, ինչ Հայաստանում բռնաբարվում է դատական համակարգը: 

«Իրավասու մարմինները՝ քննիչները, դատավորները, մեծ մասամբ այսօր քաղաքական իշխանության պահանջն են կատարում: Դրանով է պայմանավորված, որ դատարաններում չեն խոսում քաղբանտարկյալների առողջական խնդիրների մասին: Եթե հիշենք Արմեն Չարչյանի դեպքը, կամ հենց նույն Նարեկ Մանթաշյանի գործն, ապա պետք է արձանագրենք, որ վերջիններս ունեն կալանքին չհամապատասխանող հիվանդություններ: Նույն Աղվան Հովսեփյանն ունի առողջական խնդիրներ: Կալանքը նրա պարագայում ուղղակի անթույլատրելի է: Նման հիվանդությունների առկայության դեպքում կալանքի կիրառումն անթույլատրելի է: Ինչպես տեսնում ենք` դատարաններում նմանաբնույթ գործերը մակագրվում են հենց այն դատավորներին, որոնք բացառապես կատարում են օրվա իշխանության քմահաճույքները: Դա արդարադատության հետ աղերս չունի: Նման ձևով պարզապես դակում են կալանքներ և վերջ», - նշում է փաստաբանը:

Եփրիկյանի պնդմամբ` ինքը բոլորովին վերջերս, շուրջ երեք անգամ Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել և երեք անգամ էլ նույն գործը մակագրվել է Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին:

«Նման զուգադիպություններն առնվազն կասկածելի ու տարակուսելի են: Փաստաբանական և առհասարակ իրավաբանական հանրույթի կողմից տեսանելի է, որ հատկապես քաղաքական գործերը մակագրվում են այն դատավորներին, որոնց վարկանիշը բավականին ցածր է: Այսինքն` ստացվում է, որ այն դատավորները, որոնք վայելում են հեղինակություն, աչքի են ընկնում իրենց արդար աշխատանքով և ունեն մարդկային ու մասնագիտական սկզբունքներ, նրանց ամեն կերպ չեզոքացնելու փորձ է արվում: Եթե կարճ ասեմ, ապա քաղաքական գործերի 90 տոկոսը մակագրվում է այն դատավորներին, որոնք աչքի են ընկնում իշխանությունների հրամանները կատարելով: Բնավ, ես չեմ ասում, թե դատական համակարգը նախկինում իդեալական վիճակում է եղել, քավ լիցի, միշտ էլ եղել են թերացումներ, սակայն Հայաստանում դատական նիստի ժամանակ երբեք մեղադրյալ չի մահացել»,- իր խոսքը եզրափակում է Վահե Եփրիկյանը: