34 տարի անց Հայաստանը վերադարձավ միակուսակցական խորհրդարանի

34 տարի անց Հայաստանը վերադարձավ միակուսակցական խորհրդարանի

Ռազմական պարտության, տարածքային եւ անդառնալի մարդկային կորուստների, Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողության էական անկման պատճառով բորբոքված համակարգային ճգնաժամը հաղթահարելու ելք կարող էին լինել 2021թ. հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Սակայն ընտրություններից ավելի քան մեկ տարի անց ճգնաժամը չի հաղթահարվել:

Ճգնաժամը խորանում է

2021թ․ աշնանը Հայաստանը մտավ քաղաքական ճգնաժամի սրացման փուլ: Դրական սպասումներն անէացան: Չնայած արտահերթ ընտրությունների առնչությամբ որոշ շրջանակների ուշացած մեղադրանքներին` իշխանության կողմից վարչական ռեսուրսի, բյուջետային միջոցների, հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի եթերաժամանակի գերակշիռ օգտագործում, ընդդիմության առաջնորդների թիրախավորում, նրանց նկատմամբ ատելության բորբոքում, քրեական հետապնդումներ եւ այլն, հասարակության եւ քաղաքական ուժերի մեծամասնությունն ընդունեց ընտրությունների արդյունքները: 

«Հաջողությունից» գլխապտույտի մեջ ընկած իշխանությունը վստահության մանդատն ու Ընտրական օրենսգրքի ընծայած որակյալ մեծամասնության կարգավիճակը գործադրեց ի չար` շարունակելով երկպառակության, ընդդիմությանը լուսանցագրելու (մարգինալացնելու) ուղեգիծը: 
Փոքրամասնության բողոքի խաղաղ գործողություններին անհամաչափ ուժ հակազդելը, ընդդիմադիր պատգամավորներին ԱԺ-ի դահլիճում հրապարակավ բռնության ենթարկելը, նրանց օրենսդրական նախաձեռնություններն արհամարհելը` ընդդիմադիր պատգամավորներին թելադրեցին ընտրողների հետ հաղորդակցվելու այլ ուղիներ փնտրել: Խորհրդարանական ընդդիմությունն իր քաղաքական գործունեությունը հարկադրաբար տեղափոխեց խորհրդարանից դուրս:

Իշխանությունը` քաղաքական մեծամասնությունը, մեղադրում է ընդդիմությանն ապակառուցողական վարքագծի, հայհոյախոսության, «ժողովրդի իշխանության» լեգիտիմությունը եւ թվային գերազանցությունը չճանաչելու մեջ:

Ընդդիմությունը` քաղաքական փոքրամասնությունը, մեղադրում է իշխանությանն Ադրբեջանի եւ Թուրքիայի ճնշումների առջեւ ծնկելու, Հայաստանի սահմանամերձ որոշ տարածքներ հանձնելու, Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորի կարգավիճակից հրաժարվելու, անվտանգային եւ արտաքին քաղաքական հարցերն ազգային շահին հակառակ որոշելու մեջ:
Իշխանությունը, ոտնահարելով ԱԺ կառավարմանը մասնակցելու ընդդիմության իրավունքը եւ հաստատված ավանդույթը, նրանից խլեց ԱԺ փոխնախագահի եւ մեկ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնները, իրավիճակի թելադրանքով հրաժարական ներկայացրին հանձնաժողովներում պաշտոն ստացած մյուս ընդդիմադիրները: 34 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը վերադարձավ միակուսակցական խորհրդարանի:  Մեծամասնությունը հաշվարկում է ընդդիմության ներկա կազմը դուրս մղել խորհրդարանից, սակայն դեռ վարանում է զանգվածային մանդատազրկման ընթացակարգ սկսել: 2022թ․ աշնանը Հայաստանը կմտնի քաղաքական ճգնաժամի սրացման նոր, բայց ոչ վերջին, փուլ: Խմորվում են վերջին 4 տարում 3-րդ արտահերթ ընտրություններ անցկացնելուն ի նպաստ տրամադրություններ` պարզունակ մի հույսով, թե գուցե այդկերպ հանգուցալուծվի քաղաքական ճգնաժամը:  

Քաղաքականապես թերհաս

Ճգնաժամի արմատները հարկ է փնտրել քաղաքական ձեւախեղված մտածողության եւ քաղաքական պայքարի կանոնների գռեհիկ ըմբռնման մեջ, որն արտահայտվում է քաղաքական մեծամասնության կողմից քաղաքական փոքրամասնության իրավունքների ոտնահարմամբ: Կախված ընդդիմության իրավունքների հարգման օրենսդրական կարգավորումներից եւ դրանց կիրառումից` երեւակվում է հասարակության հասունության ու մեծամասնության հանդուրժողականության մակարդակը: Սա լիովին ներհայկական հիմնախնդիր է, եւ անիմաստ է փնտրել դրսեկ հետքեր: Այլ բան է, որ արտաքին ուժերը սիրահոժար օգտվում են մեր թերհասությունից:

Հալածյալ այլախոհից` լեգիտիմ մասնակից

1988թ․ ծնունդ առած Համազգային շարժումն ընդդիմադիրների ճակատից մեկընդմիշտ մաքրեց հալածական այլախոհի խարանը, ընդդիմությունը դարձավ քաղաքական գործընթացների լեգիտիմ մասնակից եւ քայլ առ քայլ նվաճեց իշխանությանն արդյունավետ դիմակայելու միջոցներ, կառավարությանն այլընտրանք հանդես գալու, ճակատագրական որոշումները համատեղ քննարկելու եւ վճռելու իրավունք: Առանց ընդդիմության պետության ավիշը փսորում է: Մեզ ավելի վաղ ու ավելի մեծ աղետներ կպատուհասեին, եթե չլիներ ընդդիմության 34-ամյա  անդուլ ու անձնազոհ պայքարը հանուն ընտրողների իրավունքների:

Ամբողջ ժողովրդի ներկայացուցչական մարմին

Անկախության շրջանի բոլոր խորհրդարանների նման՝ 2021-ի «արտադրության» ԱԺ-ի նախնական կազմը նույնպես բազմակուսակցական էր: Սակայն առաջին նիստից 9 ամիս անց պատկերը կտրուկ փոխվեց: Այսօր գեթ մեկ ընդդիմադիր պատգամավոր չի մասնակցում ԱԺ աշխատանքներին: 
«Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է» սահմանադրական դրույթը նշանակում է, որ ԱԺ-ն ժողովրդի ե՛ւ մեծամասնության, ե՛ւ փոքրամասնության ներկայացուցչական մարմինն է: Որտե՞ղ պետք է խորհրդարանական փոքրամասնությունը ժողովրդի փոքրամասնության շահերի պաշտպանության իր սահմանադրական պարտականությունն իրականացնի: Լուծման երկու իրավական ուղի կա` կա՛մ նոր արտահերթ, կա՛մ մեծամասնության ու փոքրամասնության միջեւ կնքվում է «գոյակցության ուխտ», եւ կողմերը վերադառնում են 2021թ. օգոստոսի 2-ի ելման դիրքեր: 

ԱԺ-ն տարբեր գաղափարներ քննող եւ փոխզիջումային վճիռներ ընդունող համազգային հարթակ է: Երբ բացակայում է իր այս կոչմանը պատշաճող խորհրդարան, թափուր տեղը լրացնում է հեղափոխական փողոցը: Գնացքը դեռ կարելի է վերադարձնել կառամատույց:

Ինչո՞վ չի զբաղվում ընդդիմությունը

Խորհրդարանական փոքրամասնությանը «խելոք մնալու» խրատներն անօգուտ են: Փոքրամասնության գործը կառավարության ընթացիկ աշխատանքը սպասարկելը չէ, նրա օրենսդրական նախաձեռնությունները մի՛ ընկալեք իբրեւ կառավարող ուժի դեմ ոտնձգություն, իսկ նրա նախաձեռնությունները քննարկելը` փոքրամասնությանը նետած շնորհ:

Ընդդիմությանը հալածողները չեն տեսնում, որ փոքրամասնությունը պետություն կառավարելու իրավասություն եւ գործառույթ չունի, փոքրամասնությունը պատասխանատվություն է կրում իր օգտին քվեարկած՝ փոքրամասնություն կազմող քաղաքացիների առջեւ` ներկայացնելու նրանց կամքը եւ շահերը, քննադատելու գործադիր իշխանությանը, վերահսկելու գործադիրի գործունեությունը, հանդես գալու որպես իշխանության այլընտրանք, ասպարեզ բերելու այլընտրանքային ծրագրեր:

Պատգամավորներն ունեն հավասար իրավունքներ

Մեր թերհաս վիճակի ախտանիշներից է ԱԺ-ում ներկայացված փոքրամասնության տեղեկացվածության եւ կարողականության ապահովման արհամարհումը: Մեծամասնությունը` ի դեմս իր կազմավորած գործադիր իշխանության, չի երաշխավորում խորհրդարանի բոլոր անդամների, խորհրդարանական բոլոր խմբակցությունների իրավունքների հավասարությունը: 
Իշխանությունը խրատում է ընդդիմությանը` լինել պատասխանատու եւ կառուցողական, սակայն խիստ սահմանափակում է պետական կյանքի կարեւորագույն ոլորտներին առնչվող տեղեկատվություն ստանալու ընդդիմադիր պատգամավորների հնարավորությունները` դրանով իսկ ընդդիմությանը դնելով «խաղից դուրս» վիճակում: Առանց բավարար եւ հավաստի տեղեկատվության, ընդդիմությունն ի զորու չէ ճիշտ ընկալել պետական գործերի ամբողջական պատկերը: Իրավիճակին տրված ընդդիմության գնահատականները եւ զարգացումների մասին կանխատեսումները նման պայմաններում իջնում են  գուշակությունների մակարդակ: Իշխանություն-ընդդիմություն տեղեկատվական ասիմետրիայի պայմաններում ընդդիմությունը, մեծագույն ցանկության դեպքում անգամ, չի կարող հանդես գալ ցանկալի կառուցողականության դիրքերից, մարտավարական հարցերում համագործակցել իշխանության հետ: 

Պատերազմից հետո փոքրամասնությունը մեծամասնության առջեւ մի քանի անգամ դրեց անվտանգային եւ արտաքին քաղաքական հարցերը համագործակցաբար որոշելու պահանջ: Փոքրամասնությունը քաջ գիտակցում էր, որ նման հարցերի քննարկումը կարող էր կյանքի կոչվել միմիայն մեծամասնության ցանկության դեպքում: Հետեւաբար, փոքրամասնության մի քանի օրենսդրական նախաձեռնությունների նկատմամբ մեծամասնության ի սկզբանե մերժողական վերաբերմունքն ի ցույց դրեց հիմնարար արժեքային մոտեցումների առումով մեծամասնության քաղաքական մշակույթի նեղ խմբակային բնույթը եւ հաստատեց, որ քննարկումները նա մերժեց հե՛նց տեղեկատվություն չտրամադրելու միտումով: 

Իշխանությունների եւ հասարակության, էլիտայի եւ ոչ էլիտայի մրցակցությունը չպետք է կողմերից մեկի համար ավարտվի զրոյական արդյունքով, մի կողմի հաղթանակը չպետք է բերի մյուսի կապիտուլյացիայի։ Իշխանությունն առաջնորդվում է «Ամեն ինչ հաղթողինն է» սկզբունքով:
Հեղափոխականների իշխանությունը հեղափոխականացնում է ընդդիմությանը:

Շարունակելի

Արա Սահակյան
ԳԽ 1-ին փոխնախագահ (1992-95թթ.)
ԱԺ փոխնախագահ (1995-98թթ.)
Արտակարգ եւ լիազոր դեսպան