Հաճախորդների լյուստրացիայի ֆոտոսեսիա

Հաճախորդների լյուստրացիայի ֆոտոսեսիա

Փաշինյանը շարունակում է հանդիպումներ ունենալ ընտրություններին մասնակցած այն ուժերի հետ, որոնք չեն հաղթահարել անհրաժեշտ շեմը՝ խորհրդարան մտնելու համար: Դրանք ոչ միայն չեն հաղթահարել, այլեւ հիմնականում ստացել են շատ քիչ՝ 0-1 տոկոս քվե: Հասարակությունը ոչ միայն այդ կուսակցություններին, այլեւ դրանց առաջին դեմքերին չի ճանաչում: Դրանց հիմնական առաքելությունը եղել է ընդդիմության ձայները փոշիացնելը, ընտրարշավի ժամանակ ընդդիմությանը քննդատելը, ինչ-որ ձեւով իշխանությանն օժանդակելը:

Օրինակ՝ «Բաբաջանյան-Շիրինյան դաշինքի» վստահված անձինք ավելի սրտացավ էին ՔՊ-ի ձայների ու քվեների համար, քան «իրենց» դաշինքի: ԼՀԿ-ն ընտրական հանձնաժողովներում իր տեղերը հատկացրել էր ՔՊ-ին, այն դեպքում, երբ «Ժառանգություն» կուսակցությունից իրենց առաջարկել էին հանձնաժողովի անդամների թեկնածուներ, որոնք ունեն համապատասխան սերտիֆիկատ, բայց ԼՀԿ-ն մերժել էր քաղաքականապես չեզոք անդամներին եւ իր տեղերը համալրել ՔՊ-ականներով: Խզմալյանն ամբողջ քարոզարշավի ժամանակ եւ դրանից առաջ անողոք կռիվ էր տալիս Ռուսաստանի շողքի հետ, աշխարհիկ բոլոր մեղքերը բարդում այս պետության վրա եւ փառաբանում ՆԱՏՕ-ին:

Նրան, փաստորեն, բաշխված էր այդ դերակատարումը։ Ընտրությունից հետո նա այսպիսի գրառում արեց. «Հայաստանն անցումային շրջանում է՝ Ռուսաստանից դեպի Արեւմուտք։ Անցումն իրականացվում է Փաշինյանի օրոք։ Դրանից էլ ելնենք»։ Փաշինյանի հետ հանդիպումն առանձնապես երջանկացրել էր Տիգրան Արզաքանցյանին. վերջապես իրեն էլ «լուրջ» ընդունող եղավ:

Փոխարենը Արզաքանցյանը խոստացավ իր գիտելիքներն ու ծրագրերը ծառայեցնել հանուն Հայաստանի զարգացման: Մի փոքր անսպասելի էր Տիգրան Ուրիխանյանի ժպտադեմ ձեռքսեղմումը Փաշինյանի հետ. ոչ վաղ անցյալում նա սպիտակ թղթի շոու էր անում ԱԺ-ում. նրան դիմում գրելու մաքուր թուղթ էր տալիս, կարծես թե Փաշինյանն ուզում էր հրաժարական գրել, բայց սպիտակ թուղթ չէր գտնում…

Առանց այս հանդիպումների էլ, գաղտնիք չէր այս եւ մյուս «ուժերի»՝ Փաշինյանի արբանյակները լինելը․ ՔՈ, Արամ Սարգսյան, Դավիթ Սանասարյան, Սամվել Բաբայան եւ այլք… 

Փաշինյանն այս «լյուստրացիա-ֆոտոսեսիաների» շարքով իր համար մի կարեւոր հարց է լուծում. ուզում է հանրությանը ցույց տալ, թե տեսեք՝ ինչ հեղինակություն ունեմ, որ այսքան քաղաքական ուժ պատրաստ է ինձ հետ համագործակցել: Ու կարեւոր չէ, որ այդ «քաղաքական ուժերը» հիմնականում 0-1 տոկոսանոց մարդ-կուսակցություններ են: Կարեւորը՝ «ֆոտոսեսիան» հաջողվում է: Սրանով Փաշինյանն օգնում է նաեւ հասարակության մտածող հատվածին. նա լյուստրացիայի ենթարկեց եւ հասարակությանը ներկայացրեց իր հաճախորդների ցուցակի մի մասը…