Դուք ուզում եք, որ մենք չգնանք խորհրդարան, որ իրենք էնտեղ ինչ ուզեն՝ անցկացնե՞ն

Դուք ուզում եք, որ մենք չգնանք խորհրդարան, որ իրենք էնտեղ ինչ ուզեն՝ անցկացնե՞ն

Հարցազրույց ԱԺ պատգամավոր, «Հայաստան» դաշինքի անդամ Աննա Գրիգորյանի 
հետ

- Ձեր դաշինքը մի կողմից հայտարարում է, որ չի ճանաչում ընտրությունների արդյունքները, մյուս կողմից գնում է նման կերպ ձեւավորված խորհրդարանում աշխատելու։ Վերցնելո՞ւ եք մանդատները։

- Մենք դեռ քննարկման փուլում ենք, գիտեք՝ պատրաստվում ենք Սահմանադրական դատարան դիմել, եւ որից հետո միայն պարզ կլինի, թե ի վերջո մտնելո՞ւ ենք խորհրդարան, թե՞ չենք մտնելու։ Իհարկե, խորհրդարան մտնելն ունի ե՛ւ իր առավելությունները, ե՛ւ իր թերությունները, եւ այդ համախումբն է, որ մենք կքննարկենք ու վերջնարդյունքում կգանք եզրահանգման։ Երեկվանից բացահայտվում են բազմաթիվ դեպքեր, որ կեղծվել են արդյունքները։ «Հայաստան» դաշինքն արդեն ֆիքսել է մի քանի դեպք, երբ կոնկրետ թվով ձայներ է ստացել «Հայաստան» դաշինքը, բայց elections.am-ում երբ նայում ես, 0 ձայն է գրված։ Բազմաթիվ խախտումներ են արձանագրվել։ Հիմա մեր թիմը հավաքագրում է այդ բոլոր խնդիրները, եւ դիմելու ենք ՍԴ։ Կդիմենք, հետո արդեն կհասկանանք՝ արդյոք դրանք էականորեն ազդելո՞ւ են վերջնական արդյունքի վրա։

- Բայց Տիգրան Մուկուչյանն ասում է, որ վերահաշվարկի տվյալները դժվար թե էական ազդեցություն ունենան վերջնական արդյունքի վրա։ 

- Միայն հաշվարկային սխալներն են, որ մինչեւ այսօր բարձրաձայնվել են։ Բայց պետք է հասկանանք՝ արդյոք եղե՞լ են շրջիկ խմբեր։ Մենք ունենք նման տվյալներ։ Եղե՞լ են զինվորականներ, որոնք ոչ մեկ տեղում են քվեարկություն կատարել, այլ մի երկու անգամ՝ նույն խմբով, այլ տեղերում։ Հավաքագրում ենք բոլոր այդ խախտումները, որից հետո արդեն պարզ կլինի, թե որոնք կլինեն մեր հետագա քայլերը։ Բայց պետք է հասկանալ, ի վերջո, որ խորհրդարանը շատ կարեւոր հարթակ է, որպեսզի հենց այնտեղից լսելի դարձնենք այն բոլոր խնդիրները, որոնք առկա են մեր երկրում, եւ չթողնենք, որպեսզի գործող իշխանությունը, որ արդեն փաստացի կերպով վերարտադրվել է՝ գոնե առայժմ ներկա տվյալներով, կարող է անցկացնել շատ կարեւոր նախագծեր, ինչպիսին են դելիմիտացիան, դեմարկացիան, մենք գիտենք, որ քննարկվում է նաեւ խաղաղության պայմանագրի հարցը։ Այսինքն՝ ուժեղ ընդդիմությունը պառլամենտում խիստ էական է։ Պետք է էմոցիոնալ ֆոնը թողնել մի կողմ, պետք է շատ ռացիոնալ եւ սառը դատել։ Արդյոք այս պահին խորհրդարանում անհրաժեշտություն չի՞ լինի ուժեղ ընդդիմության, որը թույլ չտա հետագա հակապետական եւ հակազգային գործընթացների շարունակականությունը։

- Բայց Դուք գալիս էիք՝ լինելու ուժեղ իշխանություն։ Ռոբերտ Քոչարյանը բոլորիդ այդ հույսն էր ներշնչել, որ գալու է եւ կրելու է։ Ինչո՞ւ պարտվեցիք։

- Մենք, կարծում եմ, արել ենք հնարավոր ամեն բան, որպեսզի մեր ժողովրդին ցույց տայինք, որ ուժեղ Հայաստանը հնարավոր է, որ Հայաստանը ծնկած վիճակից կարող է ոտքի կանգնել եւ առաջ շարժվել։ Մինչ գործող կամ ժամանակավոր իշխանությունն ապագայի մասին էր խոսում՝ վերադառնալով միայն անցյալ, մենք իսկապես խոսում էինք ապագայի մասին եւ ասում էինք, որ պատրաստվում ենք ուժեղ Հայաստան կերտել։ Ժողովուրդը կայացրել է այն որոշումը, որը կայացրել է։ Մենք պետք է հասկանանք, թե ինչ սխալներ ենք թույլ տվել։ Ես կարծում եմ՝ շատ մեծ ծավալի աշխատանք է կատարել «Հայաստան» դաշինքը, բայց մենք նաեւ ունեցել ենք թերացումներ, խնդիրներ։ Պետք է հասկանանք, թե ժողովրդին ինչն է նորից դրդել քվեարկել մի իշխանության կամ մի մարդու օգտին, ում օրոք մեր հայրենիքից տարածքներ են զիջվել թշնամուն, որի կառավարման արդյունքում թշնամին շարունակում է գտնվել մեր երկրում, բնակչությունն է քչացել, Եռաբլուրն է մեծացել։ Այսինքն՝ սա բազմաշերտ վերլուծության առիթ պետք է լինի մեզ համար եւ հետագայում մեր քայլերը վերաիմաստավորելու եւ ավելի ճիշտ հանդես գալու համար։

- Գուցե գերագնահատել եք ձեր ուժերը։ Նաեւ այն, որ ժողովուրդը, ավելի շուտ, ձայն չտվեց Քոչարյանին եւ չներեց անցյալում նրա թույլ տված որոշ սխալները, քան թե ձայն տվեց Փաշինյանին, քանզի մենք տեսնում ենք, որ Փաշինյանը քարոզչությունը կառուցում էր հենց նախկիններին մերժելու վրա։

- Մեծ հաշվով, կարելի է ռացիոնալ հատիկ գտնել Ձեր վերլուծության մեջ․ այո, գործող իշխանության վարած նախկին-ներկա քաղաքականությունը շատ խորը արմատներ է ունեցել մեր հասարակության մեջ։ Այսինքն՝ ստացվել է այնպես, որ մեր ժողովուրդը կարող է նախկինի վերադարձից ավելի շատ վախենալ, քան թշնամու առկայությունից։ Ինձ համար շատ դժվար է մեկնաբանել, թե ինչու, օրինակ, սահմանամերձ դարձած բնակավայրերում, որտեղ թշնամին մի քանի մետրի վրա է կանգնել, մարդիկ նախընտրել են իրենց ձայնը տալ գործող իշխանություններին։ 

- Դուք ասում էիք՝ Նիկոլ Փաշինյանի վերընտրվելը կլինի մեր պետության ու պետականության վերջը։ Փաշինյանն ընտրվեց, վերջը եկա՞վ։

- Մենք մեր պայքարն այս փուլում չենք ավարտել, բոլորս հասկանում ենք դա։ Գիտե՞ք, վերջին մի քանի օրերին շատ անկումային տրամադրություններ են նույնիսկ մեր բազմաթիվ համակիրների մոտ, բայց ես ուզում եմ ասել, որ մենք չենք ավարտել այն, ինչի համար պայքարում էինք։ Չի կարելի ուղղակի ասել՝ ոչինչ չստացվեց, եւ կանգնել այս փուլում։ Մենք պետք է պայքարենք մինչեւ վերջ, մենք մեր նպատակին դեռեւս չենք հասել եւ բոլոր հնարավոր գործիքակազմը շարունակելու ենք օգտագործել՝ մեր նպատակին հասնելու համար։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի եւ իշխանության հեռացում եւ իսկապես՝ Հայաստանի արժանապատվության վերականգնում։ 

- Ինչպե՞ս է լինելու այդ պայքարը խորհրդարանում, որտեղ դուք ունենալու եք ամբիոնից 3 րոպե խոսելու ժամանակ։  Պատկերացնենք՝ Փաշինյանը հանձնում է Սյունիքը, դուք ամբիոնից ելույթ եք ունենում, որ սա դավաճանություն է, անթույլատրելի է, նստում եք ձեր տեղը, եւ Սյունիքը հանձնում են։ Հաջորդ քառօրյային Տավուշն են հանձնում, հետո՝ Քյարքին, հետո՝ Մասիվը, որտեղ Դուք եք այս պահին բնակվում։ Ձեր ելույթները չեն փրկի ո՛չ Սյունիքը, ո՛չ Տավուշը, ո՛չ Մասիվը։

- Այս հարցը վերջին օրերին ե՛ւ ինձ են հնչեցնում, ե՛ւ մեր դաշինքի անդամներին։ Նախ՝ ՔՊ կուսակցությունը չունի սահմանադրական մեծամասնություն։ Այսինքն, դելիմիտացիայի եւ դեմարկացիայի մասին փաստաթուղթն առանց սահմանադրական մեծամասնության նրանք անցկացնել չեն կարող։ Եվ, առհասարակ, բազմաթիվ օրենքների համար խոչընդոտներ են ունենալու։ Իսկ ի՞նչ եք ուզում անի ընդդիմությունն այս պարագայում՝ եթե խորհրդարանական ամբիոնն էլ չօգտագործենք, ապա ի՞նչ անենք։ Մենք ասել ենք, որ խորհրդարանական ամբիոնը կարող ենք օգտագործել, դրա հետ մեկտեղ՝ նաեւ փողոցային պայքարը կարող ենք շարունակել, այսինքն՝ հնարավոր ամեն գործիքակազմ օգտագործենք՝ շարունակելու մեր պայքարը։ Երբ նման պեսիմիստական բաներ են հնչում, ես ուզում եմ ասել՝ դուք, այ, ի՞նչ գործիքակազմ եք տեսնում։ Դուք ուզում եք, որ մենք չգնանք խորհրդարան, որ իրենք էնտեղ շատ հանգիստ իրար ջան ասեն, ջան լսեն, ինչ ուզեն՝ անցկացնեն, եւ իրենց հակադարձող չլինի՞։ Իրականում, մարդկային արժանապատվության առումով ինձ համար էլ ամենահաճելի բանը չէ, ես Ձեզ վստահեցնում եմ։ Բայց ես գիտեմ, որ առնվազն 260 հազար մարդ ցանկացել է, որ մենք լինենք խորհրդարանում եւ թույլ չտանք հերթական գահավիժումը։