Հողագնդի ամենահեշտ ծախվող ժողովուրդը

Հողագնդի ամենահեշտ ծախվող ժողովուրդը

Մեծ հաշվով, մարդը ծախվող էակ է: Գներն են տարբեր, եւ, ինչպես ասում են, այն, ինչ հնարավոր չէ գնել փողով, կարելի է գնել մեծ փողով: Կարծում եմ՝ մատների վրա  հաշված մարդիկ կան, ովքեր ոչ մի պարագայում եւ ոչ մի գնով չեն ծախվի: Իսկ ինչո՞ւ է մարդը ծախվում: Իհարկե, շատ դժվար է այս հարցին միարժեք պատասխան տալ: Սկսենք արցախյան վերջին պատերազմից․ այդ պատերազմում խայտառակ պարտության գլխավոր պատճառներից մեկն էլ դավաճանություններն էին՝ ծախվելը թուրք-ադրբեջանական տանդեմին, որի հետեւանքով ունեցանք հազարավոր զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ եւ գերիներ, Արցախի տարածքի 75 տոկոսից ավելիի կորուստ: Ահա թե ինչ գին վճարեցինք ծախվածների գործողությունների հետեւանքով: Ցավոք, ծախվելու պրոցեսը շարունակվում է մինչ այսօր՝ անասելի վնասներ հասցնելով Հայաստանին եւ հայ ժողովրդին: Այդ դավաճաններն անձնագրով հայ են, սակայն իրականում նրանք Աստված, ազգություն, հայրենիք չունեն: Արցախյան առաջին պատերազմից մինչ այսօր հանուն Արցախի, հանուն Հայաստանի տասնյակ հազարավոր զոհեր ենք ունեցել, փորձում էինք Արցախն ամրացնել, աստիճանաբար ետ բերել մեր մնացած տարածքները, ահա, այս պայմաններում թուրքերին օգնության հասան դավաճան՝ ծախված հայերը, որոնց պատճառով կորցրինք մեր վերագրաված տարածքները, ունեցանք բազմաթիվ կորուստներ: 

Միայն ըստ պաշտոնական տեղեկատվության՝ դավաճանության հոդվածով 20-ից ավելի հայեր են ձերբակալվել, իսկ քանի հոգի էլ դեռ չի հայտնաբերվել, անհայտ է: Այս՝ ակնթարթի չափ կյանքում բացարձակ անհասկանալի է, թե մարդ արարածն ինչպես կարող է մի քանի կոպեկի համար ուրանալ բարոյական արժեքները ու գնալ դավաճանության, ուրացման ճանապարհով: Հետաքրքիր է, այդ մարդիկ իրենք իրենց հարց չե՞ն տալիս, թե հանուն ինչի են գնում դավաճանության ճանապարհով: Մի՞թե նման մարդիկ հոգի ունեն, նրանց երակներում արյուն է հոսում, նրանց ուղեղում աշխատող գոնե մեկ բջիջ կա: Հարցեր, որոնց նորմալ մարդիկ պատասխան չունեն: Ստացվում է, որ, անկախ ազգությունից, նման մարդիկ ամենուր կան, սակայն ամենադժվար հարցն այն է, թե ինչու են մեր ժողովրդի մեջ այդքան շատ ծախվողները՝ դավաճանները եւ ընդհանրապես՝ սեւ գործերի պատրաստակամ արարածները:

Կարծում եմ, որ այս հարցի պատասխանը պետք է փնտրել նրանց գեների, արյան, տեսակի եւ սովորույթների մեջ: Ցավալին այն է, որ հազարավոր տարիներ գոյություն ունեցող մեր ազգն ու ժողովուրդը դժվար թե ունակ լինի ձեւափոխել իր գենը եւ արյունը, որպեսզի իր միջից վերանան դավաճանությունն ու նմանատիպ հատկանիշները:

Հայ ժողովրդի պատմության ընթացքում ճակատագրական դավաճանության շատ դեպքեր են արձանագրվել, որոնք արժեցել են մեր մայրաքաղաքների, մեր երկրի հանձնմանը, այնպես որ՝ այսօր մենք հայտնվել ենք աննախանձ վիճակում, որ միայն ողջ հայության համախմբմամբ ու ոսկերչական ճշգրտության քայլերով կարող ենք փրկել Հայաստանն ու Արցախը եւ շարունակել մեր գոյատեւումը, այլապես հարցականի տակ է դրված անգամ մեր լինելիության հարցը: Բնական է, որ դրան կարելի է հասնել միմիայն այն պարագայում, երբ վերանա ծախվելու՝ դավաճանությունների գենը, այլապես արդեն Հայաստան երկրի գոյությունն է հայտնվում հարցականի տակ։

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ