Ղարաբաղյան պատերազմի սինդրոմի «հաղթահարումը»

Ղարաբաղյան պատերազմի սինդրոմի «հաղթահարումը»

Բազմիցս արձանագրել եմ, որ մեր պարտության հիմքերը դրվել են 1994-ի զինադադարից հետո: Այն շարունակվեց՝ իրար հաջորդող հիմնական պալատական աճպարարությամբ եւ ընտրակեղծիքներով միմյանց փոխանցող իշխանությունները, նույնիսկ 2018-ի «հեղափոխության» իմիտացիայով, իշխանությունը հանձնեցին Նիկոլին, որը պետք է արձանագրեր իրար հաջորդող իշխանությունների՝ դեպի պարտություն տանող հանգրվանը։ Սա ժողովրդին չի վերաբերում, որովհետեւ 1995-ից բոլոր իշխանությունները նպատակաուղղված դեգրադացիայի ենթարկեցին ժողովրդին, որպեսզի վերջինս այլեւս գործոն չլինի, իսկ Սերժ Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանը, արտաքին ուժերի հովանո ներքո, կրկին ժողովրդին օգտագործեցին՝ գործընթացը ներկայացնելով որպես հեղափոխություն, ինչն օգտագործվեց ընդդեմ մեր պետականության, իսկ Նիկոլն իր մանիպուլյատիվ ձեւերով ժողովրդի բաժանարար գծերը ոչ միայն չփորձեց վերացնել, այլեւ խորացրեց՝ նախկիններ-ներկաներ, սեւեր-սպիտակներ, ինչը կապիտուլյացիոն հայտարարությունից հետո դարձավ իշխանության փրկօղակը։

Զինադադարից հետո պատերազմի մասնակիցներն ազգաբնակչության կողմից հիմնականում որպես նվիրյալներ էին ընկալվում, սակայն առկա էին որոշ շերտեր, որոնք, ընդհակառակը, սկզբնական շրջանում թաքուն, ժամանակի ընթացքում բացահայտ արհամարհում եւ ոտնահարում էին պատերազմի մասնակիցների իրավունքները։ Դրանք այն մարդիկ էին, որոնք ժամանակին խուսափել էին պատերազմին մասնակցելուց՝ նրանց մեծ մասը պետական կառավարման եւ ինքնակառավարման համակարգից էր, ավելին՝ այդ մարդիկ Երկրապահ կամավորական միության ձեւավորումից հետո սողոսկեցին «Երկրապահ», շատ ժամանակ նաեւ պատերազմի մասնակցի հաշմանդամության իրավունքից էին օգտվում, այն դեպքում, երբ կոռումպացված մասնագիտական հանձնաժողովները պատերազմի իրական մասնակիցներին դժվարությամբ էին հաշմանդամության կարգ տալիս, իսկ շատ դեպքերում՝ միայն կաշառքով։
1995-ից իշխանությունը պատերազմի մասնակից տղաների մեջ տեսնում էր խնդիրներ ստեղծողների, եւ տպավորություն էր ձեւավորվում, թե իշխող քաղաքական թիմը նպատակ ուներ հաղթահարել հետպատերազմյան սինդրոմը, բայց նույն իշխանության մեջ ուժային կենտրոն էր ձեւավորվում՝ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ, որը փորձում էր այդ նույն պատերազմի մասնակից տղաներին համախմբել, ներքաշել քաղաքական գործընթացների մեջ, որպես հակակշիռ իշխող քաղաքական ուժին՝ ՀՀՇ-ին։

Իշխանության ներսում հետպատերազմյան սինդրոմի հաղթահարման հողի վրա եւ հատկապես Արցախի հարցի լուծման մոտեցումների շուրջ, գնալով խորանում էին հակասությունները ՀՀՇ-ի եւ երկրապահների միջեւ, շատ ժամանակ բացահայտ առճակատում էր գնում, որը 1998-ին հանգեցրեց պալատական հեղաշրջման՝ իշխանության ուժային՝ երկրապահական թեւն իշխանությունը վերցրեց։

1998-ի փետրվարին, երբ հայտնի դարձավ, որ վարչապետ Ռոբերտ Քոչարյանը նախագահի թեկնածու է առաջադրվելու, «Հայրենիք» պատգամավորական խումբը դիմեց Քոչարյանին, «․․․ճիշտ չէ իր թեկնածության առաջադրումը, անգամ եթե նա լավագույն նախագահը լինի, միեւնույն է՝ կգտնվեն ուժեր, որոնք կստեղծեն խնդիրներ հայության երկու հատվածների միջեւ»։ Քոչարյանը չհամաձայնելով՝ հայտարարեց, որ ինքը դառնալու է «կամուրջ արցախահայության եւ Հայաստանի միջեւ»։

1999թ․ հոկտեմբերի 27-ից հետո 2000թ․ մայիսից իշխանությունը մենաշնորհային ձեւով անցավ այն խմբին, որն ինչ-որ ժամանակ անց հանրության կողմից ընկալվեց որպես ղարաբաղյան կլան։ Վերջիններս իշխանությունն ամրացնելու եւ վերարտադրելու նպատակով ներգրավեցին եւ հենվեցին հասարակության այն շերտերի վրա, որոնց համար հիմնական արժեհամակարգն իրենց անձնական շահն էր, ինչն իրականացվում էր ցանկացած ձեւերով՝ սպասարկել իշխող վերնախավին եւ ստանալ որոշակի «քվոտա»՝ ժողովրդից եւ պետությունից թալանելու, որը, բնականաբար, ուղղակի հարված էր մեր անվտանգությանը։ Առավել վտանգավոր էր դառնում այն քարոզչությունը, որ բանակը եւ անվտանգային համակարգը հնարավորինս անձեռնմխելի էին եւ փակ, նույնիսկ ընդդիմությունը խուսափում էր անդրադառնալ բանակին։ Ինչից օգտվեց քաղաքական վերնախավը՝ անձնական շահերի սպասարկման նպատակով թույլ տրվեց բանակում ձեւավորել կոռուպցիոն եւ ոչ կանոնակարգային հարաբերություններ, ինչի հետեւանքով ամբողջ պաշտպանական համակարգը վերածվեց բիզնես ոլորտի, իր կործանարար հետեւանքներով, որն արձանագրեց 2020թ․ 44-օրյա պատերազմում մեր պարտությունը։

Շարունակելի

Պետրոս Մակեյան