Ի՞նչ է տեղի ունեցել իրականում․ ինչու է «Փյունիկը» խաղալու «Հանրապետականում»

Ի՞նչ է տեղի ունեցել իրականում․ ինչու է «Փյունիկը» խաղալու «Հանրապետականում»

«Հանրապետական մարզադաշտում հանդիպումն անցկացնելու համար դիմել էինք ՀՖՖ-ին, բայց մեր խնդրանքը մերժվեց։ Մոնոպոլիա է դառնում, ինչ կուզեն՝ կտան, ոնց կուզեն՝ կանեն։ Նրանք ոչ մեկի հետ էլ չէին պայմանավորվել»,- այս մասին օրերս հայտարարել էր «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը՝ «Կալմարի» հետ պատասխան խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։

«Փյունիկը», հիշեցնենք, Աբովյանի մարզադաշտում ևս առավելության հասավ «Կալմարի» նկատմամբ ու հայտնվել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում, որտեղ Եղիշե Մելիքյանի թիմը  մրցելու է Նորվեգիան ներկայացնող «Բուդյո Գլիմտի» դեմ։

Դիմակայության առաջին հանդիպումը կկայանա այսօր՝ օգոստոսի 10-ին` Նորվեգիայի Բուդյո քաղաքի «Ասպմիրա» մարզադաշտում, իսկ պատասխան հանդիպումը՝ օգոստոսի 17-ին Երևանում՝ «Հանրապետական» ստադիոնում։

Հաշվի առնելով «Փյունիկի» գլխավոր մարզչի վերոնշյալ խոսքերը՝  մենք օրերս նյութ էին հրապարակել՝ ենթադրելով, որ ՀՖՖ-ն օգոստոսի 17-ին կայանալիք հայաստանյան հանդիպման համար ընդառաջել է «Փյունիկին»՝ տրամադրելով «Հանրապետական» մարզադաշտը, սակայն «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մամուլի խոսնակի պնդմամբ իրականությունն այլ է։

«Ֆեդերացիան ոչ թե չի մերժել «Փյունիկին» առաջիկա խաղի համար, այլ ֆեդերացիայի ու «Փյունիկի» միջև, ինչպես նաև հայկական մյուս ակումբների միջև եղել է պայմանավորվածություն, որ «Հանրապետական» մարզադաշտը տրամադրվելու է այն թիմերին, որոնք կհասնեն Կոնֆերենցիաների լիգայի երրորդ փուլ։ Սրա վերաբերյալ նաև նախապես փաստաթուղթ է կնքվել, իսկ հիմա «Փյունիկը» հասել է Կոնֆերենցիաների լիգայի երրորդ փուլ, դրա համար էլ «Հանրապետական» մարզադաշտը տրամադրվել է»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց ակումբի մամուլի խոսնակ Լիանա Մկրտչյանը։