Մի քիչ անհանգիստ եմ Նիկոլի ապագայով

Մի քիչ անհանգիստ եմ Նիկոլի ապագայով

Այս օրերին համաշխարհային անցուդարձին հետևելը մեզ այնքան էլ չէր խանգարի: Այնպես ենք խրվել մեր պատյանի մեջ, որ ոչինչ չենք տեսնում ու չենք լսում: Մինչդեռ մեր շուրջը սկսել են գործընթացներ զարգանալ, որոնք կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանում ձևավորված փնթի իշխանության ապագայի վրա:

Թվում է՝ առանձնապես որևէ արտառոց բան չկա Երևանի ավագանու ընտրությունների մեջ: Ընտրություններ են՝ կգան, անց կկենան… Բայց ինչի՞ համար է այս աղմուկն ու իրարանցումը: Մի՞թե Երևանի քաղաքապետի աթոռը ձեռք գցելու համար միայն: Պարզվում է՝ ոչ: Փաշինյանին այս աղմուկ-աղաղակը պետք է դրսից եկող տեղեկատվությունն աննլսելի դարձնելու համար: Իսկ այդ տեղեկատվությունն իր համար նպաստավոր չէ, ավելին՝ իր վերջի մասին է: Փաշինյանին շուտով կհեռացնեն, մինչդեռ մենք՝ անտեղյակներս, իրար առաջ կտրած, գնում ենք Երևանի ընտրությունների: Մի անգամ գլխավոր խմբագիրս նեղացավ ինձնից, երբ այդ ընտրությունները որոկեցի էի՝ էշի հարսանիք: Ներողություն խնդրելով՝ պիտի հաստատեմ, որ Նիկոլն այսօր մեզ հրապուրում է այդ էշի հարսանիքով, որպեսզի մենք չկարողանանք խորապես ըմբռնել Ուկրաինայի, Վրաստանի, ռուս-թուրքական հարաբերությունների, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի և մի շարք այլ հարցերի շուրջ սկսված բոլորովին նոր և բովանդակալից քննարկումների էությունը: Մինչդեռ դրանք այն մասին են, որ ավարտին է մոտենում աշխարհաքաղաքական հերթական շրջափուլը, ինչից հետո լուրջ վերադասավորումներ են լինելու այդ շրջափուլում ձախողումներ արձանագրած գերտերությունների իշխանական էլիտաներում: Իրավիճակը շատ նման է սիրիական ճգնաժամի օրերի իրավիճակին: Սիրիայում պարտություն կրած ԱՄՆ-ում ըստ էության իշխանափոխություն տեղի ունեցավ՝ հանրապետական Թրամփը հաղթեց դեմոկրատ Քլինթոնին՝ նախագահ Օբամայի թեկնածուին: Ծախսված միլիարդավոր դոլարներ և զրոյական արդյունք՝ սա էր պատճառը: ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները միանշանակ ձախողել են նաև ուկրաինական կոմպանիան, թեև, ի տարբերություն Սիրիայի Ուկրաինայում ունեին արևմտամետ իշխանություններ, նախ ի դեմս Պորոշենկոյի և ապա Զելենսկու:

Եթե նոր պատերազմ, ապա նոր տարածքներ՝ Ռուսաստանի տեսանկյունից այսպես կարելի է բնորոշել ամերիկյան հերթական արկածախնդրության վերջաբանը: Ուկրաինայում տապալվել է ողջ հավաքական Արևմուտքը, բացահայտվել հակառուսական պատժամիջոցների կատարյալ սնանկությունը: Տրիլիոնի հասնող ծախսեր և զրոյական արդյունք: Բանը հասել է սովյալ աշխարհը հացով ապահովելու համար Ռուսաստանի բարի կամքը հայցելուն: Իսկ առանց հացի սովյալ աշխարհում շատ բաներ կարող են տեղի ունենալ: Նիգերը ձեզ վառ օրինակ: Կիևի մայդանի ամերիկացի սոխակ Նուլանդին Նիգերում նույնիսկ թույլ չեն տվել հանդիպել զինվորական վերնախավի հետ, որ վերջերս պաշտոնանկ արեց այդ երկրի նախագահին: Իսկ 2024 թվականին ԱՄՆ-ում ընտրություններ են սպասվում, ասել է թե գործող դեմոկրատ նախագահ Բայդենի հաշվետվությունը ամերիկացի հարկատուներին: Ի՞նչ պետք է ասի, ո՞ւր են հարկատուների վճարած փողերը, որոնք կարող էին էականորեն բարելավել հենց իրենց՝ հարկատուների կյանքը: Մի՞թե Ուկրաինան ամբողջությամբ խժռեց դրանք: Այս հարցում Բայդենն, ինչպես Նիկոլը, պետք է մեղավորներ փնտրի, իսկ ամենահարմարը, բնականաբար, Զելենսկին է՝ իր անճարակ և կոռումպացված պաշտոնյաներով: Եվ արդեն իսկ խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ ՆԱՏՕ-ի և G7-ի գագաթաժողովներում Զելենսկու հետ քննարկվել են նրա անվտանգության երաշխիքների հետ կապված հարցեր: Ռուսական ոչ պաշտոնական շրջանակներից կարծիքներ են հնչում, որ Զելենսկին շուտով, գուցե առաջիկա շաբաթներին, կկրկնի Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլու ճակատագիրը: ԱՄՆ-ը կփորձի այդ քայլով կենդանություն ու նոր բովանդակություն հաղորդել Ուկրաինայի խամաճիկ իշխանությանը և զսպել ուկրաինացի ժողովրդի դժգոհությունը, քանի դեռ Ուկրաինայում իշխանափոխություն տեղի չի ունեցել Վրաստանի օրինակով:

Երկու խոսք Վրաստանի մասին: Այդ երկիրը գիտե սեփական անհաջողություններից դասեր քաղել: Հեռացրին Արևմուտքի դրածո կապիտուլյանտ Սահակաշվիլիին, դանդաղ, սրտմաշուկ, նույնիսկ տանջալի բանակցությունների մեջ մտան Ռուսաստանի հետ: Այսօր արդեն ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման հեռանկարներ են երևում: Վարչապետ Ղարիբաշվիլին 2008թ. ռուս-վրացական 5-օրյա պատերազմի հերթական տարելիցին արևմտյան բզբզոցներին, թե օկուպանտ ռուսները պետք է անհապաղ հեռանան Աբխազիայից և Հարավային Օսիայից, միանշանակ պատասխան տվեց. «Մենք մեր տարածքների վերադարձին պետք է հասնենք բացառապես խաղաղ ճանապարհով»: Ղարիբաշվիլին դրանով Արևմուտքին ևս մեկ անգամ հասկացրեց՝ տղաներ, ես ձեզ համար Սահակաշվիլի ու Զելենսկի չեմ, իսկ այն անկարգությունները, որ կազմակերպում եք իմ երկրում, ապագա չունեն այլևս:
Վաշինգտոնում և եվրոպական մայրաքաղաքներում նստած շատ լուրջ քեռիներ այսօր արդեն Բայդենից հետաքրքրվում են՝ իսկ ինչպե՞ս են մեր գործերը Հարավային Կովկասում, ինչո՞վ ավարտվեց Ալիևի հետ 44-օրյա արկածախնդրությունը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքվե՞ց: Բայդենի ամենատարբեր խոսնակներ ամենատարբեր թերթերի ու հեռուստատեսությունների հարցազրույցներ են տալիս, թե քիչ է մնացել, թե ուր-որ է Նիկոլն ու Ալիևը կստորագրեն այդ փաստաթուղթը:

Բայց մեկ էլ ՌԴ ԱԳՆ-ից ապտակ են ստանում, որ այդպես հապճեպ բազմանում են միայն ճագարները, իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու համար դեռ պետք է շատ հարցեր իրենց լուծումն ստանան: Հասկանալի է, չէ՞, որ Արևմուտքը, Ադրբեջանը և Թուրքիան ոչ այնքան Հայաստանի ճակատագրով են մտահոգված, որքան ռուսական խաղաղապահ ուժերը Ադրբեջանից, ինչու ոչ նաև Հայաստանից դուրս բերելու հարցով: Բայդենի փորացավն էլ դա է: 44-օրյա պատերազմի արդյունքում Հարավային Կովկասում, ըստ էության, երկրորդ ռուսական ռազմաբազան ստեղծվեց: Եվ ի՞նչ պատասխան պետք է տա Բայդենը լուրջ քեռիներին, որոնց խոստացել էր այլընտրանքային գազ ու այլ էներգակիրենր՝ շրջանցելով Ռուսաստանը: Կկարողանա՞ Նիկոլն այդ քեռիների առաջ պարզերես անել Բայդենին և արագ ստորագրել խաղաղության պայմանագիրը: Նիկոլն առայժմ խոստանում է, որ կանի, որ պատրաստ է ամեն ինչ տալ, միայն թե այդ պայմանագիրը ստորագրվի: Արցախը տվել է, պատրաստ է անկլավներն էլ տալ, Սյունիքն էլ կտա, միայն թե մնա իշխանության, չդառնա Զելենսկի: Կհավատա՞ Բայդենի վարչակազմը նրան: Հազիվ թե: Նիկոլին արդեն իր ընտանիքի անդամները չեն հավատում, էլ ուր մնաց օվկիանոսից այնկողմ ապրող ամերիկացի հարկատուները:

Այս իրավիճակում է Նիկոլը գնում Երևանի ընտրություններին: Նրան օդուջրի պես է անհրաժեշտ այս հաղթանակը, որ արևմտյան տերերի մոտ խոսելու, արդարանալու նյութ ունենա՝ իմ ժողովուրդն ինձ է ուզում: Եվ ուրեմն հասկանալի է, թե Նիկոլն ինչու է բարձրացրել այս աղմուկ-աղաղակը: Նա ուզում է մեծ շուքով վերընտրվել՝ Արևմուտքի համար իրեն այլընտրանք չթողնելով:

Հ.Գ. Հաջողություն և բարձր տրամադրություն եմ մաղթում Նիկոլի կազմակերպած էշի հարսանիքի բոլոր մասնակիցներին: Ամեն հարսանիք իր հարսանքավորներով է գեղեցիկ: