Սյունիքում բախվել են քաղաքական, քրեական և բիզնես շահերը

Սյունիքում բախվել են քաղաքական, քրեական և բիզնես շահերը

Կապանի մեկօրյա ցույցը թերեւս ամենազանգվածային բողոքն էր հեղափոխական իշխանության դեմ: Մարդիկ հավաքվեցին, տեղեկանալով, որ իրենց հարազատներին ոստիկանության բաժանմունքում ծեծի են ենթարկել, ու ցրվեցին տներով, երբ իրավապահները Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի միջոցով հաղորդեցին, որ ձերբակալված 3 երիտասարդների հետ որեւէ հակաօրինական գործողություն չի կատարվի, իսկ նրանց բռնության ենթարկած «պագոնավորները» կպատժվեն: Ցույցը ցրվեց, բայց երեկվա դրությամբ էլ Կապանում ու Քաջարանում լարված վիճակ էր: 

Մարդիկ պատմում են, որ ձերբակալվածներից մեկի՝ Համբարձումյանի տանը 92 տարեկան տատիկ է ապրում: Նա հատուկջոկատայինների այցից հետո այնպես է վախեցել, որ անկողին է ընկել: «Այդ կնոջը վախեցրել են, զենքը պահել են վրան, թոռանն էլ իր աչքի առաջ բռնի, դաժան ձեւով տարել են: Էդ կինը ցնցումների մեջ է»,- ասաց կապանցի մեր զրուցակիցը: Կապանում ու Քաջարանում երեկ ամենուրեք ոստիկաններ էին, կարմիր բերետավորներ: Նրանք մտնում էին օբյեկտներ, մարդկանց հարցեր տալիս: «Աղջիկներին են խոսեցնում: Շատրվանների մոտ կանանց են կպել, միջադեպ է եղել: Կանայք էլ ասել են՝ ձեզ կգցենք Ողջի գետը, խելոք պահեք»,- պատմեց մի կապանցի: 
 

Մայիսի 24-ի ցույցը ցրվեց, բայց հարցերը մնացին: Օրինակ, թե ինչու էր պարտադիր երիտասարդներին տեղափոխել Երեւան, եթե քննվում է Քաջարանի բնակիչների միջեւ վեճի գործ, եւ բոլոր փաստերը, հնարավոր վկաները, ապացույցներն այստեղ են: Ո՛չ դատախազությունը, ո՛չ ՔԿ-ն չեն պատասխանում այս հարցին: ՔԿ մամուլի քարտուղարը միայն ասաց, որ 4 ձերբակալված կա, որոնցից մեկը ձերբակալվել է Երեւանում: ՔԿ հաղորդագրությունից պարզ է, որ ապրիլի 26-ին վեճ է եղել ընկերների միջեւ, հետո Քաջարանի համայնքի ղեկավար Փարամազյանը շուրջ 20 հոգու կանչել է մի չգործող ռեստորան, որտեղ ծեծկռտուք է եղել, եւ 3 օր անց՝ ապրիլի 29-ին, Զանգեզուրի կոմբինատի 3 աշխատակից առեւանգել են Շ. Մ․-ին ու երկու անգամ խմբակային ծեծի ենթարկել, վերջին անգամ՝ Ագարակում: Ծեծողների տներում մարիխուանա են գտել, իսկ մայիսի 24-ին 3 երիտասարդ ձերբակալվել է: Նրանք մեղադրվում են ՔՕ 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 268-րդ հոդվածի 3-րդ մասով՝ մարդու առեւանգում եւ թմրանյութերի ապօրինի շրջանառություն:  
 Քաջարանի քաղաքապետին մոտ աղբյուրը վստահեցնում է, որ կռվի պատճառը նյութական է եղել: Իշխանության հետ փոխկապակցված անձինք փորձել են «փայ մտնել»: «Պատմությունը սկսվել է նրանով, որ փոխմարզպետը մարդ է ուղարկել, որ փայ մտնի ինչ-ինչ բիզնեսներում, իսկ Քաջարանի քաղաքապետն ասել է՝ դու ո՞վ ես, որ գաս, մեզնից բան խլես: Ուղարկվածներին ծեծել-լարել են»,- ասում է տեղեկացված անձը: Նարեկ Բաբայանը մեզ հետ զրույցում հերքել էր, թե որեւէ կոնֆլիկտ ունի Մանվել Փարամազյանի հետ, ասելով, որ իրենք շատ լավ հարաբերություններ ունեն, իսկ Փարամազյանը զանգերին չի պատասխանում կամ անհասանելի է: 

Սյունեցի մեր զրուցակցին հարցրինք՝ իսկապե՞ս Քաջարանի քաղաքապետը կանչել է «ռազբորկայի»՝ 20 մարդու: «Դե, որ Քաջարանի ղեկավարն է կանչել, կազմակերպչին ինչո՞ւ չեն ձերբակալել, դրանց են ձերբակալել: Լավ, եթե Քաջարանի ղեկավարն է կանչել այդ մարդկանց, բա Տաթեւի, Ղափանի համայնքի ղեկավարների տներում ինչո՞ւ էին խուզարկում, զենք փնտրում կամ նրանց կողմնակիցների: Նրանք ի՞նչ են արել, Սիսիանի համայնքի ղեկավա՞րն ինչ է արել: Ինչպե՞ս կարող են բոլորը հանցագործ լինել»: 

Քննչական կոմիտեն չի պատասխանել մեր հարցմանը․ խնդրել էինք տվյալներ ներկայացնել Սյունիքի քաղաքապետերի դեմ մեղադրանքների վերաբերյալ: Առհասարակ, կա պաշտոնական ինֆորմացիայի պակաս, իշխանությունը չի ուզում պատասխանել, թե ինչպես հանկարծ պատահեց, որ մի ամբողջ մարզի խոշոր համայնքների ղեկավարները հանցագործ համարվեցին։ Հիմնական վարկածն այն է, որ հետապնդումները քաղաքական են եւ հների դեմ պայքարի նպատակ ունեն: Եվ իրոք՝ Գորիսի քաղաքապետ Առուշան Առուշանյանը, որի դեմ քրգործ կա հարուցված, ընտրվել է 2017-ին, Քաջարանի քաղաքապետը՝ 2016-ին, նույնը՝ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, որը նույնպես խնդիրներ ունի իրավապահների հետ: Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանն է միայն հեղափոխությունից հետո ընտրվել՝ 2018-ի հոկտեմբերին, բայց հաղթել է նիկոլական թեկնածու Նարեկ Բաբայանին, որն այժմ Սյունիքի փոխմարզպետն է, եւ որին սյունեցիները չեն սիրում: 

ՀԱԿ ներկայացուցիչ, Մեղրու ՆԳ վարչության նախկին պետ Դավիթ Մաթեւոսյանը հարցին, թե ինչ է կատարվում Սյունիքում, ասաց․ «Ճիշտն ասած՝ շատ հետաքրքրված չեմ, բայց համայնքների ղեկավարները մեծամասամբ շարունակում են մնալ այն մարդիկ, որոնք նախկին հանցավոր ռեժիմի հետ համագործակցել են, այնպես որ, չեմ զարմանում որեւէ քրեական հետապնդումից»: 
Ազատամարտիկ, Մեղրու մաքսատան նախկին պետ Աշոտ Մինասյանն էլ կարճ մեկնաբանեց. «Էդ հանցագործությունները տենց չի, էլի: Մարդ ծեծելով չեն ասում՝ գնա, վիզ վերցրու, որ հանցագործ ես դու: Տանում են, ստուգում են, պարզում են, նոր են էդ բառն օգտագործում: Թե չէ, էն գլխից մարդուն ծեծելով տանում են, սիրուն չի»: Ըստ սյունեցիների շրջանում տարածված վարկածի, իրենց համայնքապետերին ուզում են ստիպել, որ «մուծվեն», իշխանությունը պատրաստ է կարճել քրեական վարույթները՝ ահռելի գումարների դիմաց միայն: «Բոլոր քրեական գործերը հարուցում են ու պահում են այնքան, որ մարդիկ համաձայնեն Նիկոլին ծառայել»,- ասաց մեկ այլ սյունեցի՝ Քաջարանի քաղաքապետի շրջապատից: Նախկին բարձրաստիճան ոստիկաններից մեկն էլ, ով ժամանակին համակարգել է Սյունիքի ոստիկանության աշխատանքը, կարծում է, որ Սյունիքի «ռազբորկաները» սովորական հանցագործություն են, որը տեղում էլ կարող էին քննել: «Գործը հարուցել են ՀԿԳ-ում: Պիտի անընդհատ տանեն մարդկանց, բերեն, ի՞նչն է խանգարում, որ ՔԿ տեղական ապարատը քննի: Կոմիտեն վստահություն չունի՞ իր տեղական ապարատի նկատմամբ: Դա պարզ իրավիճակ է: Բռնությունների փաստով պարտադիր պետք է քրեական գործ հարուցեին, ոչ թե բավարարվեին ծառայողական քննությամբ, ինչպես արեցին նաեւ Գավառում: Սխալ էր»: Հարցին, թե ինչու էին գիշերով ոստիկանական ուժեր տեղափոխում Կապան, նախկին պաշտոնյան ասաց. «Դրանք ներքին զորքերն էին, դա դեր խաղաց, որ ժողովուրդը «զադնի» գցեց: Մի նրբություն կա: Դիմակայությունը սկսվել է, ոստիկանությունը տուպիկի առաջ է հայտնվել, չի կարող բաց թողնել ձերբակալվածներին ու վերջ: Եթե այդպես անեին, կլիներ անարխիա: Արդեն մյուս շրջաններում էլ մարդիկ նույնը կանեին»: 

Ինչո՞վ եք բացատրում, որ սյունեցիները հակամարտության մեջ են ոստիկանության հետ, Սիսիանում եղան դեպքեր, հիմա էլ՝ Կապանում: «Այսօր տեղերում էլ քաղաքապետեր, համայնքապետեր, ավագանիներ՝ ամեն մեկն իր շահն ունի, ու ամեն հարց գցում են ոստիկանության վրա, ոստիկանությունն անընդհատ առաջին պլան է ընկնում ու նեգատիվ վերաբերմունքի է արժանանում: Կոնկրետ Քաջարանում միշտ շատ խճճված շահեր կան, որոնք հիմնականում կապված են կոմբինատի հետ»,- պատասխանեց նախկին պաշտոնյան: