Առաջին բուհը կարող է ակադեմիական քաղաք տեղափոխվել 5-7 տարի հետո

Առաջին բուհը կարող է ակադեմիական քաղաք տեղափոխվել 5-7 տարի հետո

Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչեւ 2030 թվականի զարգացման պետական ծրագրի համաձայն, ակադեմիական քաղաքը կառուցվելու է Երեւանի 17-րդ թաղամասին հարող մոտ 680 հա տարածքում, որը սահմանակից է Արմավիրի, Արագածոտնի եւ Կոտայքի մարզերին։ Ըստ նախանշվածի, ակադեմիական քաղաքի տարածքում հնարավոր կլինի տեղակայել մինչեւ 16 բուհ՝ օրենքով նախատեսված մինչեւ 8 պետական խոշորացված բուհ եւ մինչեւ 8 ոչ պետական կամ միջազգային բուհ:

Համաձայն ներկայացված հայեցակարգի, ակադեմիական քաղաքում առաջին փուլով նախատեսվում է գործարկել բուհական կլաստերներից չորսը՝ կրթական, արվեստների, տեխնոլոգիական, սպայական ուղղություններով։ Նշված կլաստերներում եւ դրանց հարակից տարածքներում, նախնական հաշվարկով, աշխատելու եւ բնակվելու է մոտ 44 հազար մարդ:

Նախագծման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2025 թվականի աշնանը, որից հետո մեկնարկելու է կառուցապատման առաջին փուլը. նախնական գնահատմամբ՝ առաջին փուլի աշխատանքները կավարտվեն 2030 թվականին:

«Սա ապագայի նախագիծ է՝ հետագա 30 կամ գուցե 50 տարվա համար: Բնականաբար, այս ամբողջ նախագիծը չի կարող միանգամից իրականացվել: Ես հույս ունեմ՝ առաջին բուհը կարող է ակադեմիական քաղաք տեղափոխվել 5-7 տարի հետո»,- նախօրեին Մատենադարանում ասել է գերմանական gmp International GmbH Architects and Engineers ճարտարապետական ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը:

Ի դեպ, բարձրագույն կրթության ոլորտում՝ որպես նոր նախաձեռնություն, նախատեսվում է «Ակադեմիական քաղաք» ծրագրին հատկացնել 2.1 մլրդ դրամ, որը հետագայում աստիճանաբար կմեծանա:

Բայց իշխանությունն այնպիսի փիառ ակցիաներ ու շոուներ է կազմակերպում, այնքան հաճախականությամբ է այս քաղաքի մասին խոսում, որ կարելի է կարծել, թե 2025 ուսումնական տարին բուհական ու ակադեմիական համակարգը դիմավորելու է նոր պայմաններում՝ 17-րդ թաղամասում։