Ինչու ՌԴ-ն չի արտահանձնում հայաստանյան նախկին պաշտոնյաներին․ հարց Կոպիրկինին

Ինչու ՌԴ-ն չի արտահանձնում հայաստանյան նախկին պաշտոնյաներին․ հարց Կոպիրկինին

Հայ-ռուսական հարաբերությունների և փոխգործակցության շատ կարևոր գործոն է ՌԴ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն աջակցությունը։ «Սա եղել և մնում է ՌԴ արտաքին քաղաքականության ամենաառաջնային գերակայություններից մեկը, որը գտնվում է երկրի բարձրագույն ղեկավարության ամենասերտ վերահսկողության ներքո»,-հավելեց Կոպիրկինը՝ ընդգծելով, որ իրենք ամեն ինչ անում են, որպեսզի հակամարտությունը լուծվի խաղաղ և քաղաքական բանակցային ճանապարհով, կողմերի համար ընդունելի լուծումներով։ Սա, դեսպանի հավաստմամբ, կշարունակվի հետայսու ևս։ Ավանդական ներկայացումից հետո դեսպան Կոպիրկինը պատասխանեց հայ լրագրողների հարցերին, մասնավորապես՝ 1,5 տարի է անցել Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո, և Հայաստանի մի շարք պաշտոնատար անձինք, որոնց նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել, գտնվում են Ռուսաստանում, և նրանց ՌԴ-ն չի հանձնում Հայաստանին։

Հարց դեսպանին․ ի՞նչ է կարծում՝ ինչպե՞ս է սա անդրադառնում հայ-ռուսական հարաբերությունների վրա։ Ի պատասխան՝ դեսպան Կոպիրկինն առաջարկեց հարցը չքաղաքականացնել։ «Գիտեք․․․ ինչ վերաբերում է նրան, որ ՌԴ են մեկնում, կարծեմ թե Հայաստանի գլխավոր դատախազն այս առնչությամբ բավականաչափ հստակ արտահայտվել է։ Եվ, գիտեք, մեկնում են ոչ միայն Ռուսաստան։ Մեկնում են այնտեղ, ուր գնալը ամեն մեկն իրեն ավելի նպատակահարմար է գտնում, ըստ որում՝ հաշվի առնելով այն կապերը, որ կան։ Այնպես որ, չէի առանձնացնի Ռուսաստանը։ Ինչ վերաբերում է տալ-չտալուն, սա առաջին հերթին իրավական հարթության հարց է»,-պատասխանեց դեսպանը՝ հավելելով, որ այս հարցը չպետք է դառնա հայ-ռուսական հարաբերություններում հատուկ գրգիռների պատճառ։

Հարց՝ ինչպե՞ս է լուծվելու հայ վարորդական իրավունքների հարցը։ Դեսպանատան պաշտոնյան, ում դեսպան Կոպիրկինը փոխանցեց հարցը, ասաց, որ չգիտի, հենց լինի, կտեղեկացնեն, դեսպանն ավելացրեց, որ առաջընթացի դեպքում, բնականաբար, կտեղեկացնեն։ Ե՞րբ Հայաստան կգան ռուսական կործանիչները։ Կոպիրկինը հաճույքով ծիծաղեց, ապա ասաց, որ ՌԴ ռազմատիեզերական ուժերի հրամանատարը չէ, ոչ էլ ՀՀ պաշտպանության նախարարը, հետևաբար, պատրաստ չէ պատասխանել և խոսել «ՍՈՒ»-ների՝ ՀՀ մատակարարման թվերի ու ժամկետների մասին։ Լիազորված մարմիններն աննհրաժեշտ պահին կհայտնեն։ 

Ինչպե՞ս է գնահատում ռուսաստանցի դիվանագետը Հայաստանի քաղաքական պայքարի ներսում շահարկումները, թե հայ-ռուսական հարաբերությունները վտանգված են։ Դեսպան Կոպիրկինն ասաց, որ յուրաքանչյուր շահարկման վատ է վերաբերվում։ «Ռուսաստանի Դաշնությունը շատ նրբանկատորեն է վերաբերվում ներքին գործընթացներին, որոնք այստեղ ընթանում են, և մեզ համար շատ կարևոր է, որ Հայաստանում լինի խաղաղություն և կայունություն։ Եվ որ լինի առավելագույն քաղաքական, հասարակական կոնսենսուս»։ Դեսպանը հավելեց, որ իրենց համար կարևոր է ոչ թե ինչ-ինչ քաղաքական կոնյունկտուրան, այլ այն, որ հայ-ռուսական փոխգործակցության առանցքը պահպանվի։