Մեկ ծիծաղում է, մեկ` լացում, մեկ` զայրանում եւ օգնություն աղերսում, մեկ` անիծում իր բախտը

Մեկ ծիծաղում է, մեկ` լացում, մեկ` զայրանում եւ օգնություն աղերսում, մեկ` անիծում իր բախտը

Անգամ ամենադրական հայացքի ու տրամադրվածության դեպքում հնարավոր չէ Նիկոլ Փաշինյանի ելույթներում կառչելու տեղ, լավատեսության հիմք, պետության ղեկավարին գովելու պստլիկ առիթ գտնել: Խառնափնթոր մտքերի ու հակասությունների մի անիմաստ շարան էր այսօրվա եզրափակիչ ելույթը, որտեղ սուտն ու ճիշտը, անկեղծ ու կեղծավորը, հայրենասիրականն ու դավաճանականն այնպես էին միահյուսված, որ սատանան անգամ գլուխ չէր հանի:

Առհասարակ անշնորհակալ գործ է Նիկոլ Փաշինյանի ելույթները վերլուծելը կամ դրանց մեջ ռացիոնալ հատիկ, ծրագրային մեսիջ գտնելը: Մենք` ազգովի նստած վերլուծում ենք, քննարկում ենք, ամեն բառի ներքո իմաստ ենք փնտրում, հետեւություններ անում, վաշ-վիշ դնում կամ դատապարտվածի հուսահատության մատնվում, իսկ ինքը պարզվում է, որ ոչ թե խոսելուց առաջ է մտածում, թե ինչ ասի, ինչն ինչպես ասի, այլ` խոսելուց հետո:
Այսօր խորհրդարանում ասված մի նախադասությունից հետո` երբ ասում էր, թե` «Երեկվանից շատ է քննարկվում, ասում են՝ ինչ ասեց, և ինչ է երեկվա ելույթը նշանակում: Ես էլ եմ մտածել երեկվա իմ ելույթի մասին, թե ինչ էր նշանակում այն...», անիմաստ է նման վերլուծություններ անելը:

Մարդը չորս տարի է կառավարում է եւ չի զգում, չի գիտակցում իր պատասխանատվությունը: Չի հասկանում, որ ոչ թե ելույթից հետո պետք է մտածի, թե` ինչ է ասել, այլ ելույթից առաջ: Նման մարդու խոսքին ինչպե՞ս կարելի է լուրջ վերաբերվել: Եւ ընդհանրապես` նման մարդուն ինչպե՞ս կարելի է երկիր վստահել:

Պարզ չէ՞, որ այս մարդը խոր եւ անվերադարձ անձի երկվություն ունի իր ներսում եւ նրա այսօրվա խոսքը հակասելու է երեկվա խոսքին, անգամ` նույն օրվա խոսքի ընթացքում է իրար հակասող բաներ ասելու: Նա չի զգալու, թե որտեղ սուտ ասաց, որտեղ փաստերը խեղաթյուրեց ու մանիպուլացրեց, որտեղ ցանկալին իրականության տեղ անցկացրեց, որտեղ էմոցիոնալ բան ասաց, որի համար հաջորդ պահին զղջաց: Եւ մենք լուրջ-լուրջ քննարկում ենք նրա ներկայացրած փաթեթային-փուլային տարբերակները, վկայակոչում Պուտինին ու Պոպովին, որ Շուշիի տարբերակը երբեք չի քննարկվել, զարմանում ենք, թե ինչպես կարող էր պետության ղեկավարը չիմանալ, որ բանակում զրահաբաճկոն ու սաղավարտ չկա, երբ 24 ժամ շարունակ խոսում էր մայկա-տռուսիկի ու զինվորին ելակով կերակրելու մասին, եթե ասում է` զենք չենք ունեցել` բանակը թալանված էր, այդ դեպքում ինչու էր ՍՈՒ-երի ղեկին նստած նկարվում եւ հայտարարում` «նոր պատերազմ`նոր տարածքներ» ասող նախարարին ես եմ հանձնարարել, որ նման բան ասի:

Իսկ ինքը մեկ ծիծաղում է մեզ վրա, մեկ լաց է լինում` ինչ որ մեկի ստատուսի պատճառով, մեկ զայրանում է, որ իրեն` Աստծո ընտրյալին չենք հասկանում ու կարեկցում, մեկ վրդովվում է, որ մեր հարյուրամյա պատմության ամենաբարդ շրջանն իրեն է բաժին հասել` չհասկանալով, որ այս խառնաշփոթն ու աղետը ինքն է ստեղծել, ոչ մեկը մեղավոր չէ դրանում: Ավելին` այդ մենք կարող ենք իրեն մեղադրել, ինքը որեւէ մեկին մեղադրելու իրավունք պարզապես չունի: