ԵՄ դիտորդական առաքելությունը նոր լարվածություն է հաղորդել

ԵՄ դիտորդական առաքելությունը նոր լարվածություն է հաղորդել

Մեր տարածաշրջանում իրադարձությունները բավականին բարդ փուլ են մտել, այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Ըստ նրա՝ այս զարգացումները պայմանավորված են ոչ միայն Հայաստան-Ադրբեջան բանակցությունների կիսափակուղային հանգամանքով, այլև ռեգիոնալ, աշխարհաքաղաքական բախումների ու կոշտ դիմակայությունների պատճառով:

«Երկրորդ հանգամանքը կտրուկ սրվեց Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումից անմիջապես հետո:
Սրա դեմ ոչ միայն Ադրբեջանն է հանդես գալիս, այլև հարևան Իրանն ու ՌԴ-ն:

Ադրբեջանի դեպքում ամեն ինչ պարզ է` սահմանագծին լրացուցիչ «աչքերի» ներկայությունն արդեն խնդիր է, հատկապես, որ Ադրբեջանը չի հրաժարվում ուժի կիրառման իր ավանդական մոտեցումներից:

ՌԴ-ն դիտորդների տեղակայումն ընդունում է որպես իր ներկայությանը, ազդեցությանն ու հեղինակությանը հասցվող վտանգ:

Իրանն էլ նշում է, որ տարածաշրջանում երրորդ երկրների նման ներկայությունն անթույլատրելի է` սպառնալիք տեսնելով, որ մի փուլում դա իր դեմ կարող է ուղղվել:

Երբ սրան գումարվում է ՀՀ իշխանությունների անկանխատեսելի և ոչ ընկալելի արտաքին քաղաքականությունը, պատկերն առավել ամբողջական է դառնում:

Թե ի՞նչ է տալիս կամ ի՞նչ կտա ԵՄ դիտորդական առաքելությունը` հարցի միայն մի կողմն է, բայց այն, որ նրանց տեղակայումն ու ընդլայնումը իրադրությանը նոր լարվածություն և անկանխատեսելիություն է հաղորդել, արդեն տեսանելի է»,- Facebook-ում գրել է Աբրահամյանը։