Տեղական մտածողության ֆենոմենը

Տեղական մտածողության ֆենոմենը

Այն, որ արտաքին անվտանգության առումով ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը տապալվել է, կասկած չկա: Կարծում եմ, որ չեն կասկածում նույնիսկ նրա մերձ շրջապատում: Ուրիշ հարց, որ դա խոստովանելը մեծ համարձակություն է ենթադրում: Խոսքն ադեկվատների մասին է, իսկ ոչ ադեկվատների առումով հարց էլ չկա: Միակ խնդիրն այն է, թե որքան անձ կարող է համարվել առաջին տեսակից: Հաշվի առնելով, օրինակ, ՔՊԿ-ական «ազգընտիրների» շրջանում մեծամասնության լռությունը, կարելի է դրանց տեսականորեն դասել ադեկվատների, սակայն համարձակություն չունեցողների շարքում: Իսկ այդ պարագայում ամեն ինչ կմնա նույնը, եւ կամ էլ պետք է տեղի ունենա ֆորսմաժորային լուրջ իրադարձություն: Ասենք՝ այնպիսին, ինչպիսին Նասիմ Թալեբի «սեւ կարապի» հայտնվելն է: Որպեսզի արիությամբ աչքի չընկնող ադեկվատներն արթնանան իրենց պատած «լեթարգիական քնից»: Դժբախտությունն այն է, որ հասարակության գրագետ ու հայրենասեր հատվածն էլ ոչինչ անել չի կարողանում: Եվ երկիրն աստիճանաբար վերածվում է ամբողջությամբ անպաշտպան տարածքի՝ մտածողությամբ նախնադարից շատ չհեռացած թշնամու առջեւ: 

Ինչ մնում է ներքաղաքական կյանքին, ապա այստեղ եւս իրավիճակը չափազանց աննորմալ է: Այն բնութագրվում է նախկինների հետ պատերազմի շարունակմամբ, ընդդիմադիրների դեմ փողոցային «ռազբիրատի» մակարդակի անհանդուրժողականությամբ, ընդդեմ կոռուպցիայի իրական ու ավելի շատ իմիտացիոն պայքարով, իբրեւ թե ժողովրդավարության հաստատման ջանքերով եւ այլն, եւ այլն… Հա, մոռացա նշել բացառիկ կարեւոր հանգամանքի՝ պետության քաղաքացիների գիտակցության վերափոխման ջանքերի մասին: Ինչը եւս տեղի է ունենում աննորմալ տրամաբանությամբ: Ենթադրենք, թե խնդիր է դրվում զանգվածների գիտակցության մեջ ներդնել պետական մտածողության տարրեր: Սակայն դա կատարվում է, նախ, ոչ ընդունելի երեւույթների՝ վարչապետի մակարդակին անհարիր անդրադարձներով: Հիշենք, օրինակ, տարեսկզբի մարզային այցերն ու շինարարական թերություններ բացահայտելը: Նորմալ իշխանության պարագայում դա կարող էր անել, ասենք, մարզպետը, սակայն ոչ աշխարհի մեծամեծների հետ շփվող վարչապետը: Բայց վարչապետ դարձած այդ անձն իր մտածողությամբ մնացել է կենցաղային խնդիրներ լուսաբանող մարզային լրագրողի մակարդակին: Չնայած մարզային լրագրությամբ, կարծեմ, չի զբաղվել:

Երկրորդ․ պետական մտածողության առանցքային հատկանիշը հայրենասիրությունն է, իսկ Արցախի կորուստ պլանավորելը՝ հակահայրենասիրական վարքագիծ: ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձի պարագայում այս հարցում եւս մենք տեսնում ենք ոչ թե պետական, այլ տեղական մտածողություն: Հայաստանյան պայմաններում այն դրսեւորվում է մարզի, բնակավայրի, բակի եւ բնակարանի հարթություններում: Ինչի առկայության դեպքում կարգախոսների են վերածվում «Արցախը հանձնենք, որ լավ (այլ տարբերակ՝ հանգիստ) ապրենք»-ը, «մեր խնդիրը երկրի քաղաքացիներին պաշտպանելն է եւ ոչ թե անբնակ տարածքները», սահմանային դիրքապահ զինվորներին կրակելու հրաման չտալը եւ կամ իր դիրքը պաշտպանող զինվորին կրակելու համար պատժելը եւ այլն, եւ այլն… Ի դեպ, տեղական հայրենասիրության դրսեւորումներին բախվում էինք դեռեւս խորհրդային ժամանակներում, բայց գիտակցում էինք, որ որքան էլ այն աննորմալ, բայց բնական երեւույթ է: Քանի որ պետք է հաշվի առնել բնակչության կրթական ու գիտակցական մակարդակը: Բայց երբ այդ նույն երեւույթին բախվում ենք այսօր եւ այն էլ պետության ղեկավարի մակարդակում, չգիտես՝ լաս թե խնդաս: Իսկ որպեսզի ո՛չ լաս եւ ո՛չ էլ խնդաս, անհրաժեշտ է այդ ղեկավարին ճամփել նրան ավելի հոգեհարազատ վայրեր:   

Վերջաբանի փոխարեն. «Ես չգիտեի, որ մեր կյանքի իմաստը կադաստրի բաժինն է ու անձնագրայինը»,- ասել է վարչապետը: Եվ չի գիտակցել, որ պետության սահմանների առումով այնքան է կարեւորել բացարձակ կարեւորություն չունեցող այդ թղթի կտորը, որ դա արմատավորվել է անվտանգության լուրջ խնդիրներ ունեցող մարզային բնակիչների գիտակցության մեջ: