Թեհրանի հայոց թեմը դատապարտել է Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունը

Թեհրանի հայոց թեմը դատապարտել է Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունը

Թեհրանի հայոց թեմի ազգային առաջնորդարանը հաղորդագրություն է հրապարակել, որում դատապարտել է Իրանի Սիստան և Բալուչեստան նահանգի Ռասկ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը և վշտակցություն է հայտնել այդ վայրագ ահաբեկչական հարձակման կապակցությամբ։

Հաղորդագրության մեջ ասված է․ «Ցավոք, ևս մեկ անգամ ականատես եղանք, թե ինչպես են թշնամու և նրա կամակատարների կեղտոտ ձեռքերը շաղախվել Իրանի մի շարք ոստիկանական ուժերի և անվտանգության աշխատակիցների մաքուր արյամբ, որի հետևանքով զոհվել ու վիրավորվել են Իրանի մի շարք պատվախնդիր ու արժանավոր զավակներ»։

Դատապարտելով Սիստան և Բալուչեստան նահանգի Ռասկ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը, Թեհրանի հայոց թեմը վշտակցություն է հայտնել իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդին, նահատակների հարազատներին, իրավապահ ուժերին և այլ պաշտոնատար անձանց և շուտափույթ ապաքինում է մաղթել վիրավորներին։

Թեհրանի հայոց թեմի ուղերձում ասված է․ «Խնդրում ենք երկրի իրավապահ, անվտանգության և դատական ​​ուժերին ու կառույցներին հնարավորինս արագ բացահայտել և պատժել այս ահաբեկչական միջադեպի մեղավորներին։ Ամենակարող Աստծուց հայցում ենք խաղաղություն և կայունություն մեծ և հզոր Իրանի համար»։