Այս իշխանությունը ժառանգել է նախորդ իշխանության չտեսնելու տալու սկզբունքը

Այս իշխանությունը ժառանգել է նախորդ իշխանության չտեսնելու տալու սկզբունքը

Մինչ Նիկոլ Փաշինյանն այցելում էր Հանրային հեռուստաընկերություն, Լոս Անջելեսի ARTN հեռուստաընկերության տնօրեն Ռոբերտ Օղլաղչյանը սկանդալային բացահայտումներ արեց Հանրայինի կնքած գործարքների մասին։ Ըստ դրա՝ Հ1-ի վերահեռարձակումը Հյուսիսային Ամերիկայում ապահովում էր «ՊանԱրմ Ինք» մեդիահոլդինգը, որը պատկանում է Միքայել Մինասյանին, եւ նրան է պատկանում Հ1-ի արտադրանքն ԱՄՆ հասցելու մենաշնորհը։ Ըստ սփյուռքահայ գործարարի՝ պայմանագիրը կնքվել է 5 տարի առաջ՝ Ռուբեն Ջաղինյանի եւ Մարգարիտա Գրիգորյանի կողմից։ Եվ պարզվում է՝ 5 տարի շարունակ հեռարձակման իրավունքի համար ընկերությունը վճարել է ամսական 2 հազար 500 դոլար, իսկ երբ պայմանագրի ժամկետը լրացել է, Գրիգորյանը նոր պայմանագիր է կնքել՝ 4 հազար դոլարով։ Ու սա այն պարագայում, երբ կա տնտեսվարող, որը պատրաստ է վճարել 5 միլիոն դոլար: Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Արա Շիրինյանը խոստացել էր Օղլաղչյանի կողմից Հանրային հեռուստաընկերությանը ներկայացված մեղադրանքների վերաբերյալ պարզաբանումները հրապարակել։ 

Ինչեւէ, Մարգարիտա Գրիգորյանն այս որոշումները միայնա՞կ է ընդունել, թե՞ Հանրային հեռուստառադիոխորհրդի հետ՝ կոլեգիալ։ Խորհրդի անդամ Մերուժան Տեր-Գուլանյանը զարմացած է, որ Հանրայինն այդպիսի պայմանագիր ունի։ «Որոշումը Մարգարիտ Գրիգորյանինն է, այսինքն՝ հեռուստաընկերության տնօրինությանը, մենք չենք հաստատում այդպիսի բան, ինչի մասին Շիրինյանը  կխոսի ժամը 7-ին։ Ես իրեն զանգահարեցի, ասացի, որ սենց բան եմ լսել, բայց չեմ հիշում, որ մենք ըտենց բան ենք հաստատել։ Ասաց, որ, այո, խորհուրդը չի հաստատել։ Հեռուստատեսությունն ինքնուրույն մարմին է, ինչպես ինքնուրույն մարմին է ռադիոն, եւ մենք իրենց բյուջեն չենք հաստատել, ստեղծագործական գծով հարցերի հանդեպ․․․ էսպես ասենք՝ հայեցողական բան ունի»։ 

Մինչ գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանին մեղադրում էին կոռուպցիոն գործարքի մեջ, նա սեպտեմբերի 19-ին Հանրայինում մեծ ոգեւորությամբ ընդունում էր Նիկոլ Փաշինյանին, Արխիվի նոր մասնաշենքում ուղեկցելով՝ ծանոթացնում կատարված աշխատանքներին եւ նոր տեխնիկական միջոցներին։ Մարդիկ առայսօր զարմացած են, թե ինչպես պատահեց, որ խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը «հին» էր եւ պետք է գնար, իսկ Մարգարիտա Գրիգորյանը «նոր» է եւ կարողացավ հեղափոխականների հետ լեզու գտնել ու մնալ։
Երեկ այս թեմայով զրուցեցինք Արա Շիրինյանի նախկին խորհրդական, վերջերս հայտարարությամբ Հ1-ից հեռացած Տիգրան Պասկեւիչյանի հետ։ 

- Պարոն Պասկեւիչյան, այդ պայմանագրի կնքմանը Ձեր աշխատած ժամանակ դեմ արտահայտվե՞լ եք։

- Ես առաջարկել եմ անցկացնել մրցույթ, մրցույթով որոշել՝ ում են տալիս, ինչ գումարով։ Ասում էի՝ դա լավ առիթ կլինի պարզելու, թե իրական գինն ինչ է, որովհետեւ այդ 2 հազար 500-ը, որ հիմա դարձրել են 4 հազար, մտացածին գին է եւ ռեալ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում։

- Իսկ ի՞նչ պատճառաբանությամբ մերժվեց մրցույթի անցկացումը։

- Մրցույթը պետք է անցկացվեր օգոստոսին, ես հուլիսի կեսին դուրս եկա, հետո իրենք որոշեցին, որ մրցույթ չեն անցկացնելու, ուղղակի որոշ պայմաններ փոխելով՝ երկարացնելու են պայմանագիրը «Panarm»-ի հետ։ Այսինքն՝ այս 2․5-ը դարձնելու են 4 հազար եւ շարունակելու են այդ ընկերության հետ աշխատել։

- Իսկ ինչո՞ւ մրցույթ չհայտարարվեց։

- Չեմ կարող ենթադրություն անել, պարզապես գիտեմ, որ այս մարդիկ որեւէ բան չեն ուզում անել մրցույթով։ Սա՛ է խնդիրը։

- Երեկ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Հանրային հեռուստաընկերություն, եւ Մարգարիտա Գրիգորյանը նրան էր ներկայացնում, թե տեխնիկական եւ բովանդակային ինչ ձեռքբերումներ ունեն․․․

- Ես չեմ կարծում, որ այդ այցը որեւէ կապ ունի այդ սկանդալի հետ, համընկավ, որովհետեւ այդ այցելությունը վաղուց սպասվում էր եւ միշտ հետաձգվում էր, ճապոնական դրամաշնորհով այդ թվայնացված արխիվի բացումը պետք է լիներ։ Դրա նման մի բան փորձեցին անել երեկ։

- Նախկինների հետ կապված՝ իշխանությունից, հենց առաջինը Նիկոլ Փաշինյանը, պարբերաբար հայտարարում  են, թե գողերի տեղը բանտում է։ Բայց կան մարդիկ, որոնց նկատմամբ թավշյա մոտեցում կա։ Ասում են՝ դատարանի որոշում չկա, կա անմեղության կանխավարկած, կամ ասում են՝ պրոֆեսիոնալներ են, ոչ մի արհեստական զտում չի լինելու, մարդկանց էլ Մարսից չեն բերելու աշխատելու։ Հիմա սա, Ձեր կարծիքով, երկակի ստանդարտ չէ՞։

- Իսկ Գագիկ Խաչատրյանը պրոֆեսիոնալ չէ՞ր, որ ձերբակալեցին։ Ի՞նչ կապ ունի պրոֆեսիոնալը հանցագործության հետ։ 

- Լավ, ինչո՞ւ են նախկինների մի մասին ինտեգրում իրենց մեջ, մի մասին՝ ոչ միայն մերժում, այլեւ՝ հետապնդում։ 

- Ընդհանուր առմամբ, կարծում եմ՝ չկա համակարգային մոտեցում։ Օրինակ, եթե հարցը տալիս եք Հ1-ի մասով, ապա կարող եմ ասել, որ նոր իշխանությունն իր առաջ խնդիր չի դրել, թե ինչ Հանրային է ուզում։ Եթե այդ հարցն իր առաջ դներ, միանգամից լուծումներ կգտնվեին։ Սա՝ մեկ։ Երկրորդ․ եթե ասում եք՝ ինտեգրվում են, թե ինչ են անում, նույն Մարգարիտա Գրիգորյանի վրա քրեական գործ կա, որը ո՛չ փակում են, ո՛չ էլ ընթացք տալիս։ Հայտնի 174 միլիոնի պատմությունն է։

- Իսկ Դուք փորձե՞լ եք գտնել հարցի պատասխանը՝ Մարգարիտա Գրիգորյանն ունի՞ ինչ-որ հզոր հովանավորներ։  

- Կարծում եմ՝ այո, ով է՝ չգիտեմ։

- Ամեն դեպքում, այդ տիկնոջ պատմությունն առեղծվածային է։

- Այո, նաեւ այդ միֆերը, որ լավ մենեջեր է, փայլուն մասնագետ։ Դրանք բոլորն առեղծվածներ են՝ բառիս բուն իմաստով։ Լավ մենեջերի վրա 174 միլիոնի գործ չի լինում, որը փորձում են ներկայացնել իբր որպես անփութություն։

- Իշխանության մեջ բազմաթիվ գաղափարակից ընկերներ ունեք․ այդքան բարձրաձայնեցիք Հանրայինի խնդիրների, մթնոլորտի մասին, որեւէ մեկն արձագանքե՞ց։ 

- Ոչ, իշխանությունից որեւէ մեկը չի արձագանքում, որովհետեւ այս իշխանությունն ուղղակիորեն ժառանգել է նախորդ իշխանության չտեսնելու տալու սկզբունքը։ Ավելի պարզ, քան ես եմ գրել Հանրայինից դուրս գալուց հետո, դժվար կլիներ բացատրել, թե ինչ է այնտեղ կատարվում։ Դեռ կտեսնենք, բայց կարծում եմ՝ այդ ընկերության տնօրենը շատ պարզ էր խնդիրը դրել, ասում էր՝ ես կարող եմ այսքան գումար տալ, բայց մրցույթ հայտարարեք, գուցե ինձնից լավին գտնեք։

 - Հանրայինի վերափոխման հետ կապված՝ շատ մեծ ակնկալիքներ կային։ Ձեր տպավորությամբ՝ ի՞նչն է փոխվել, այսօրվանը Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հանրայիններից տարբերվո՞ւմ է։ 

- Որեւէ բանով չի տարբերվում էս պահին։

- Ի՞նչ նկատի ունեք, ուղղակի դեմքե՞րն են փոխվել։

- Դեմքերն էլ չեն փոխվել, «Կենտրոնից» Պետրոս Ղազարյանը գնացել է, հայտնվել է Հ1-ում, դա ի՞նչ փոփոխություն է։

- Նորից իշխանություններին միայն դրական լույսի ներքո ներկայացնելու միտում կա։

- Գուցե կա հավասարակշռությունը պահպանելու միտում, բայց դա չէ Հանրայինի իրական առաքելությունը։ Հանրայինն այսօր շարունակում է փակ մնալ նոր մարդկանց եւ նոր գաղափարների համար։

ՀԳ․ Պարոն Շիրինյանը մեր այն հարցին, թե ինչու ոչ թե ինքը, այլ  տնօրեն Մարգարիտան էր ներկայացնում իրենց ձեռքբերումները վարչապետին, ասաց, որ հարցը թե՛ անհեթեթ է, թե՛ հանրային նշանակությունից զուրկ։ Իզուր, պարոն Շիրինյա՛ն, վստահեցնում եմ, որ հանրությանը լավ էլ հետաքրքրում էր, թե ինչպես է ստացվել, որ ինքն է դե յուրե Հ1-ի առաջին դեմքը, սակայն դե ֆակտո Մարգարիտա Գրիգորյանն է։ Ի դեպ, Ջաղինյանի օրոք էլ էր այդպես։