«Գոբլի ծրագիր»՝ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման համար

«Գոբլի ծրագիր»՝ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման համար

Խոսքն այն ծրագրի մասին է, որն առաջարկել էր Փոլ Գոբլը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առնչությամբ: 

Իսկ Գոբլը 1991 թվականից առաջարկել է Լեռնային Ղա­րա­բաղի հակամար­տության կարգավորման ծրագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև տա­րածքային փոխա­նակումների միջոցով։ Ըստ Գոբլի ծրագրի, մասնավորապես, նախա­տեսվում Էր Արցախի Լաչինի շրջանի և Հայաստանի Մեղրիի շրջանի փոխանակմամբ Ադրբեջանն ուղղակի աշխարհագրական կապ կհաստատի Նախիջևանի, իսկ Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղի հետ։ Այդ դեպքում չի բացառվել նաև <Լեռնային Ղա­րա­բաղի անկախության ճանաչման կամ Հայաստանի կազմի մեջ մտնելու հնարա­վորությունը»։ 
Մի քանի տարի առաջ, Գոբլն իր հարցազրույցում արտահայտվել էր ավելի պարզ. Ադրբեջանին պետք է տալ այն, ինչը նա ուզում է, այսինքն՝ Մեղրին: Մի կողմ թողնենք այն, որ այժմ խոսքը վերաբերում է ամբողջ Սյունիքի մասին: Մենք էլ Մարսն ենք ուզում: 

Այստեղ հիմնաբառն է «տալ այն, ինչը նա ուզում է»: Հետևաբար, քննարկման թեմա չի կարող լինել Ղրիմը, որը մինչև 1956 թվականը ՌՍՖՍՀ-ի կազմում է եղել, իսկ Ուկրաինան ԽՍՀՄ-ին միացել է առանց Ղրիմի: Ուկրաինայի ժողովրդական հանրապետության անկախության հռչակագիրը եղել 1918 թվականին՝ որպես Լենինի ազգային քաղա­քականության դրսևորում: Ղրիմի հարցը բարձրացնողներն ընդամենը տգետներ են, քաղաքագիտության և աշխարհաքաղաքականության առումով, կամ՝ սպեկուլյանտներ: 

Ինչ վերաբերում է Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններին, Զապորոժիեի և Խերսոնի մարզերին, ապա ինչպես միջազգային իրավունքի, այնպես էլ ՌԴ սահմանադրական իրավունքի տեսանկյունից որևէ խնդրահարույց բան չկա: Եթե Ուկրաինան ցանկանում է միանալ ԵՄ ընտանիքին և դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, ապա սա դրա գինն է: Ռուսաստանին պետք է «տալ այն, ինչը նա ուզում է»: Հիրավի՝ հանճարեղ է Փոլ Գոբլի գաղափարը: Հնարավոր է, որ Ռուսաստանի մտքում լինի նաև Օդեսան…

Այսպիսով, խոսքը վերաբերում է ընդհանուր առմամբ 135.7 հազար քառակուսի կիլոմետրին, կամ Ուկրաինայի տարածքի 22.5%-ին, Օդեսայի մարզի հաշվառմամբ՝ մոտ 28%-ին: Առաջին դեպքում Ուկրաինային կմնա 468 հազար քառակուսի կիլոմետր տարածք, այսինքն՝ իր տարածությամբ կլինի Ռուսաստանից և Ֆրանսիայից հետո Եվրոպայում երրորդ երկիրը: Սա լավ փոխզիջումային տարբերակ է, ավելի լավը, քան Գոբլի ծրագիրն էր Լեռնային Ղարաբաղի առնչությամբ: Եվ, այստեղ ոչ այնքան տարածքի հարցն է կարևոր, որքան խնդրի այլ կողմը: Ուկրաինան, այդպիսով, չի կորցնի իր տարածքի կենսունակությունը և ապահով կհանգրվանի Եվրոպայի ու ՆԱՏՕ-ի «գրկերում», ինչպես որ ցանկանում են նրա ներկայիս իշխանությունները: Հատկապես մեծ հնարավորություններ կառաջանան Ստամբուլյան հայտնի կոնվենցիայի դրույթները լիարժեք կիրառելու համար…

Տարածաշրջանի հայերի առնչությամբ Գոբլի ծրագիրը, գուցե դրա հեղինակի կամքից կամ իմացությունից անկախ, հանգեցնելու է իր բնօրրանում հայկական քաղա­քակրթության և պետականության պատմության ավարտին: Հայաստանում 13 անգամ պակաս բնակչություն կա, քան Ուկրաինայում, բայց որևէ մեկը չի կարող պնդել, թե ՌԴ-ի տիրապետության տակ ամբողջությամբ Ուկրաինայի անցնելու դեպքում կվերանա ուկրաինական մշակույթը կամ մի 100 տարում ձևավորված ուկրաինական ինքնությունը: Գոբլի ծրագրի թարմացված տարբերակը ինքնահավան ու ինքնասիրահարված Իլհամն է առաջարկել՝ ինչ-որ միջանցք անվանումով: 
Հետաքրքիր է, թե ինչ կարծիքի են ուկրաինացիները՝ իրենց համար հարմարեցված Գոբլի ծրագրի վերաբերյալ: Ամեն ինչ համեմատության մեջ է գնահատվում: Տեսնենք մեր և Ուկրաինայի Գոբլի ծրագրերի տարբերությունը: Ուկրաինան ցանկանում է Եվրոպային նվիրաբերել ռուսական տարածքներ, որոնք նրանց չի հաջողվել ձեռք գցել հարյուրավոր տարիներ։ Նվիրել կարելի է, բայց Ռուսաստանին էլ պետք է տալ այն, ինչը նա է ուզում:

Գլխավորը՝ անհեռանկարային և եղբայրասպան պատերազմը դադարեցնելն է: Հույս չի կարելի դնել Leopard և Abrams տանկերի վրա, քանի որ, նախ, դրանք հեշտությամբ կխոցվեն «Корнет» հրթիռներով կամ ԱԹՍ-ներով, երկրորդ, հունվարի 20-ին, Ուկրաինայի պաշտպանության Կոնտակտային խմբի հետ հանդիպումից հետո, ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ համաձայնություն ձեռք չի բերվել Leopard –ի առնչությամբ որոշման շուրջ: Ավելին, նա ընդգծել է, որ ուշադրության կենտրոնում է՝ «համոզվել, որ Ուկրաինան ունի հնարավորություն, որն անհրաժեշտ է իրեն հաջողության հասնելու հենց այժմ»: Նման արտահայտություն կարելի էր անել մի դեպքում. երբ հայտարարողն իր համար արդեն պարզել է, որ այդպիսի հնարավորություն Ուկրաինան չունի: Ուղղակի, Զելենսկին նման է կազինոյի գինովցած հաճախորդի, ով տանուլ տալով ամեն ինչ, այս ու այն կողմ ընկած փող է խնդրում՝ կրկին ու կրկին խաղադրույքներ անելու, կրկին ու կրկին տանուլ տալու համար: Տանուլ տալ մի ամբողջ ժողովուրդ՝ հանուն ինչի՞: 

Հայերս մեր գոյաբանական հարցն ենք լուծում, արդեն 100 տարի, Գոբլից ծրագիր չենք խնդրել: 

Գագիկ Վարդանյան

Հ.Գ. Գերմանիան և ԱՄՆ-ը, փաստորեն, այս ընթացքում ավելի զուսպ են, քան Լեհաստանը, որը պատրաստ է իր մոտ եղած Leopard-ներն ուղարկել Ուկրաինա, սակայն դրա համար կպահանջվի արտադրող երկրի՝ Գերմանիայի համաձայնությունը: 

Այդ հրապարակմանը օգտատեր A.Scott-ի երկար արձագանքում առանձնանում է հետևյալը. «Վերջապես, դիտարկում ՆԱՏՕ-ի վերաբերյալ: Լեհաստանի կոշտ խոսակցութ­յունները կարող են թույն (ռուսերեն՝ крутой) թվալ, բայց իրականում կարող են թուլացնել Շվեդիայի և Ֆինլանդիայի հետաքրքրությունը դաշինքին միանալու հարցում: Այդ ազգերն ավանդաբար հակված են հանգիստ սպասել պատերազմների ավարտին, իսկ հիմա հակառակն է՝ միանալ դաշինքին, որտեղ թեժ գլուխները մտադիր են էսկալացնել հրաձգություննները:ՆԱՏՕ-ն պետք է կարգի հրավիրի Լեհաստանին և Թուրքիային: YESTERDAY»: 

Թուրքիայի առումով հատկապես դիպուկ է ասված, դեռ երեկ: Մեզ համար «դեռ երեկը» 2020 թվականն էր: Եթե ՆԱՏՕ-ն արգելած լիներ Թուրքիային՝ միջամտել արցախյան պատերազմին…

Հ.Գ.Գոբլատիպ բոլոր ծրագրերը (Իրանի հետ ՀՀ-ի սահմանակից լինելը վերացնելու առումով) հակահայկական են, միտված տարածաշրջանից հայերին դուրս մղելուն: Մեր ներուժը չի բավականացնում դիմակայել աշխարհի տիրակալների ծրագրերին: Մնում է ապավինել նրան, որ երբևէ խղճի խայթ կզգան ու հայ ժողովրդին այլևս ցավ չեն պատճառի: Սա ֆանտաստիկայի ժանրից է: Ավելի ֆանտաստիկ է հետևյալ արդարացի ծրագիրը. Արցախի և Նախիջևանի վերամիավորումը Հայաստանին, Արցախի արհեստածին անկլավային վիճակի վերացմամբ: Մնացած բոլոր լուծումները կհանգեցնեն հայերի արտագաղթին՝ կենսական տարածքում հուսալի ու տևական անվտանգության բացակայության պատճառով: 

Խղճի խայթ: Հիմարություն: Հիմարություն է նման արտահայտություն օգտագործել մեծ քաղաքականության, ռեալպոլիտիկի առնչությամբ: Դրա հավաստումը ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսի՝ Ադրբեջան կատարած այցի կապակցությամբ թվիթերյան գրառումն է «Հունվարի 20-ին՝ 1990 թվականի «Արյունոտ հունվարի» դեպքերի հիշատակի օրը, ավարտում եմ իմ 3-րդ այցը Բաքու»։ Արցախի հարցը, իմա հայ ժողովրդի ճակատագիրը դիտվում է «Արյունոտ հունվարի» պրիզմայով: Սա, կուլտուրական ու մեղմ ասած: Իսկ ոչ կուլտուրական կամ ինչպես ասում են ուղիղ խոսքով (որը մի խելացի կենդանու առնչությամբ է ասված) սա նշանակում է թքել հայերի վրա, թքել Սումագայիթի և Բաքվի ջարդերի զոհերի շիրիմների վրա: Մինչդեռ օգտատեր A.Scott-ը, միամտաբար, հորդորում է ՆԱՏՕ-ին՝ կարգի հրավիրել Թուրքիային (ենթադրաբար՝ փոքր եղբոր հետ միասին):
Դպրացական հասակից պետք է որ սերտած լինենք. ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր: