Ընտրություններից մինչեւ գագաթնաժողովներ. 2023-ի գլխավոր քաղաքական իրադարձությունները

Ընտրություններից մինչեւ գագաթնաժողովներ. 2023-ի գլխավոր քաղաքական իրադարձությունները

2023 թվականին սպասվում են մի շարք նշանակալից քաղաքական իրադարձություններ, որոնք կարող են ազդել միջազգային հարաբերությունների վրա։ 

Հունվարի 13-14-ը Չեխիայում անցկացվեցին նախագահական ընտրություններ, բայց դրանք չորոշեցին հաղթողին, ուստի հիմնական պայքարը դեռ աջեւում է։

Հունվարի 15-ից մինչեւ ապրիլի 15-ը Բուենոս Այրեսում կանցկացվի World Expo 2023 (Expo 2023) ցուցահանդեսը։ Թեման է՝ «Գիտությունը, նորարարությունը, արվեստը եւ ստեղծագործությունը՝ հանուն մարդու զարգացման. ստեղծագործական արդյունաբերությունը՝ թվային էվոլյուցիայում»։
Փետրվարի 5-ին Կիպրոսում նախագահական ընտրություններ են։ Կիպրոսի ներկայիս նախագահ Նիկոս Անաստասիադիսը կարող է կրկին առաջադրվել նախագահի պաշտոնի համար, սակայն ասել է, որ մտադիր է հեռանալ քաղաքականությունից՝ երկրորդ հնգամյա նախագահական ժամկետի ավարտից հետո:

Փետրվարի 24-ին լրանում է ՌԴ-ի կողմից Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկի մեկ տարին, որի նպատակը, ըստ Կրեմլի, Ուկրաինայի ապառազմականացումն ու ապազգայնացումն է։ ՌԴ ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ պատերազմը կտեւի մինչեւ իր հիմնական նպատակների լիարժեք իրականացումը։

Մարտի 5-ին Էստոնիայում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ։ Էստոնիայի խորհրդարանի՝ Ռիյգիկոգուի 101 անդամներն ընտրվում են համամասնական ընտրակարգով տասներկու բազմանդամ ընտրատարածքներում։ Կուսակցությունները պետք է անցնեն 5%-ի համապետական շեմը՝ մանդատ ստանալու համար։

2023 թվականի մարտի 29-30-ը Միացյալ Նահանգները կհյուրընկալի հանուն ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովը։ «Մենք պաշտպանելու ենք մեր աշխարհի տեսլականը, որը հիմնված է ժողովրդավարական արժեքների վրա. թափանցիկ, պատասխանատու եւ հաշվետու կառավարում, օրենքի գերակայություն եւ մարդու իրավունքների հարգում։ Պատմության այս բեկումնային պահին Միացյալ Նահանգները, իր գործընկերների եւ դաշնակիցների հետ, հավատարիմ է աշխարհը բոլորի համար ավելի խաղաղ եւ բարգավաճ ապագա տանելուն»,- ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում։

Ապրիլի 2-ին Ֆինլանդիայում կարող են անցկացվել խորհրդարանական ընտրություններ, եթե խորհրդարանը ժամկետից շուտ ցրվի։ Նախկին վարչապետ Անտի Ռինեն հրաժարական է տվել Ֆինլանդիայի փոստային ծառայության հետ կապված սկանդալի պատճառով։ Ֆինլանդիայի խորհրդարանի 200 անդամներն ընտրվում են բաց ցուցակով, համամասնական ընտրակարգով 13 ընտրատարածքներում։

Ապրիլին Չեռնոգորիայում նախագահական ընտրություններ կանցկացվեն։ Նախորդ նախագահական ընտրություններում՝ 2018 թվականին, հաղթել է սոցիալիստների Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Միլո Ջուկանովիչը՝ առաջին փուլում հավաքելով ձայների 53,90 տոկոսը։ Պետական ընտրական հանձնաժողովում իրենց թեկնածությունն առաջադրելու համար հնարավոր թեկնածուներին անհրաժեշտ է հավաքել 7 հազար 993 ստորագրություն։ Նոր նախագահն ընտրվում է հինգ տարին մեկ եւ կարող է պաշտոնավարել միայն երկու ժամկետով:

Մայիսի 14-ին Թուրքիայում տեղի կունենան խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանը։ Այսպիսով, համապետական ընտրությունները կանցկացվեն նախատեսվածից շուտ, քանի որ ի սկզբանե դրանց անցկացումը նախատեսված էր այս տարվա հունիսի 18-ին։ Երկրի ներկայիս նախագահ Էրդողանը պաշտոնավարում է 2014 թվականից, 2018 թվականին նա հաղթեց արտահերթ ընտրություններում՝ այն բանից հետո, երբ երկիրն անցավ նախագահական կառավարման։
Հունաստանում հուլիսին կանցկացվեն օրենսդիր մարմինների ընտրություններ. Հունաստանի խորհրդարանի բոլոր 300 տեղերը կվիճարկվեն։ Ընտրություններում գործելու է ընտրողների ավտոմատ գրանցմամբ պարտադիր քվեարկության կարգը։ Այնուամենայնիվ, օրենքով սահմանված տույժերից եւ պատժամիջոցներից որեւէ մեկը երբեւէ չի կիրառվել:

Ռուսաստան-Աֆրիկա երկրորդ գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսին։ Գագաթնաժողովը կներկայացնի մարդասիրական լայնածավալ ծրագիր՝ գիտություն, կրթություն, մշակույթ, ԶԼՄ-ների դերը, սպորտը։

Սեպտեմբերի 10-ին Ռուսաստանում կանցկացվեն ընտրություներ՝ միասնական քվեարկության օր է։ Քաղաքացիները կընտրեն 20 սուբյեկտների ղեկավարներին, նաեւ 16 մարզերում կանցկացվեն պետական իշխանության օրենսդիր մարմինների պատգամավորների ընտրություններ։

Սեպտեմբերի 19-20-ը Գլխավոր ասամբլեայի հովանու ներքո կանցկացվի կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումը։ Պետությունների եւ կառավարությունների ղեկավարները կհավաքվեն ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանում՝ քննարկելու եւ վերանայելու մինչեւ 2030 թվականը կայուն զարգացման առաջընթացի օրակարգը։

Նյու Յորքում սեպտեմբերին տեղի կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթը: 

2022 թ․ հոկտեմբերի 5-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, ինչպես նաեւ Զապորոժիեի եւ Խերսոնի շրջանները Ռուսաստանին միանալու մասին պայմանագրերը վավերացնելու մասին օրենքները։ Այսպիսով, Ռուսաստանի բնակչությունն ավելացել է մինչեւ 152 միլիոն մարդ, իսկ սուբյեկտների թիվը՝ մինչեւ 89։ Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում ռուսերենը կլինի պետական լեզու։ Զապորոժիեի եւ Խերսոնի շրջանների ընդունման օրինագծերում լեզվական կարգավիճակը չի նշվում։ Ռուսաստանի Դաշնությունը նոր տարածքների միացման տարեդարձն է նշում։ 

Մինչեւ հոկտեմբերի 8-ը Լյուքսեմբուրգում պետք է անցկացվեն խորհրդարանական ընտրություններ։ Ընդհանուր առմամբ, Լյուքսեմբուրգի խորհրդարանը՝ Պատգամավորների պալատը, ունի 60 տեղ։ Մեծամասնություն ստանալու համար անհրաժեշտ է 31 մանդատ։ 
Մինչեւ հոկտեմբերի 12-ը Պակիստանում կանցկացվեն համընդհանուր ընտրություններ։ Ազգային ժողովի 336 մանդատը բաղկացած է 266 ընդհանուր մանդատից, որոնք ընտրվում են վաղաժամկետ քվեարկությամբ միամանդատ ընտրատարածքներում, եւ 60 տեղ վերապահված է կանանց, որոնք ընտրվում են համամասնական ընտրակարգով՝ յուրաքանչյուր շրջանում յուրաքանչյուր կուսակցության նվաճած ընդհանուր մանդատների քանակով: Եվս տասը մանդատ վերապահված է ոչ մուսուլմաններին, որոնք ընտրվում են համամասնական ընտրակարգով` յուրաքանչյուր կուսակցության ստացած մանդատների ընդհանուր թվի հիման վրա:

Հոկտեմբերին Շվեյցարիայում տեղի կունենան դաշնային ընտրություններ։ Ընդհանուր առմամբ, Շվեյցարիայի խորհրդարանը՝ Ազգային խորհուրդը, ունի 200 մանդատ։ Մեծամասնության համար անհրաժեշտ է 101 մանդատ։

Հոկտեմբերի 29-ին Ուկրաինայում խորհրդարանական ընտրություններ են։ Երկիրն ունի համամասնական ընտրակարգ՝ բաց կուսակցական ցուցակներով։ Ընտրություններում ընտրողները կարող են քվեարկել ոչ միայն կուսակցության, այլեւ կուսակցության ցուցակի կոնկրետ թեկնածուի օգտին։ Ավելի քան 200 միամանդատ ընտրատարածք ունեցող համակարգի փոխարեն, որը կիրառվել է 2019 թվականի խորհրդարանական ընտրություններում, երկրում կստեղծվի 27 ընտրատարածք, որոնք հիմնականում համընկնում են Ուկրաինայի շրջանների սահմանների հետ։

Հոկտեմբերի 29-ին Արգենտինայում կանցկացվեն համընդհանուր ընտրություններ։ Քաղաքացիները կընտրեն նախագահ, ազգային կոնգրեսի անդամներ, նահանգների մեծ մասում՝ նահանգապետեր։ Գործող նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը հավակնում է երկրորդ ժամկետում պաշտոնավարելուն։
Նոյեմբերին Լեհաստանում խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն։ Երկիրն ունի երկպալատ խորհրդարան։ Ստորին պալատը՝ Սեյմը, ունի 406 տեղ։ Վերին պալատը՝ Սենատը, ունի 100 տեղ։ Ընտրությունների օրը կնշանակի Լեհաստանի նախագահը։

Արա Ալոյան