Փաշինյանի իշխանությունը սնվում եւ ուժ է ստանում համազգային ողբերգություններից ու դրանց արդյունքում թափվող արյունից
Դեռեւս 44-օրյա պատերազմի ժամանակ համոզված էի եւ ոմանց էլ բացատրում էի, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շահագրգռված է, որ հայկական կողմն ունենա հնարավորինս մեծ թվով զոհեր, ասենք՝ 10-15 հազար: Պարզ է, որ Փաշինյանը չէր կարող ուղիղ հանձնարարական տալ ինչ-որ մեկին, որ վերջինս բանակը կամ կամավորական ջոկատները տաներ սպանդի, բայց ռազմական գործողությունների հատուկ կառավարումը թույլ չէր տալիս այլ բան մտածել: Մշտապես տապալվող ռազմական օպերացիաներ, կոչ կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, համայնքապետերին, որ ջոկատներ կազմեն ու առանց որեւէ մարտական պատրաստության եւ հանդերձանքի մեկնեն ռազմաճակատ։ Այս ամենն այլ եզրահանգումների հնարավորություն չէր թողնում:
Համոզված էի, որ զոհերի հնարավորինս մեծ քանակը կամրապնդեր Փաշինյանի իշխանությունը՝ որքան մեծ լիներ համազգային ողբերգության մասշտաբը, այնքան փոքր կլիներ իշխանափոխություն կազմակերպելու հնարավորությունը: Փաշինյանը կարողացավ իրագործել իր ծրագիր մինիմումը`4-5 հազար զոհ, հարյուրավոր գերեվարվածներ եւ անհետ կորածներ: Ծրագիր մաքսիմումը կարող էր իրագործել, եթե պատերազմը մի փոքր էլ երկարեր, բացի այդ մարդիկ, զուտ ինքնապաշտպանական բնազդից ելնելով, դիմադրում էին, պայքարում իրենց կյանքի իրավունքի համար՝ դրանով խափանելով Փաշինյանի ծրագրերը:
Ընդամենը վեց ամսում երեք համազգային ողբերգություն. անցած տարվա օգոստոսին տեղի ունեցավ «Սուրմալու» շուկայի պայթյունը, որի հետեւանքով կան երկու տասնյակից ավելի զոհ, 60-ից ավելի վիրավոր, սեպտեմբերի 13-15-ը Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժման արդյունքում 200-ից ավելի զոհ եւ անհետ կորածներ, եւ այս տարվա հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորանոցի հրդեհի հետեւանքով ունենք 15 զոհ եւ ծանր վիրավորներ:
Թվում է, թե Փաշինյանը պետք է մտահոգված լինի այս ողբերգություններով, քանի որ դրանց իրական քաղաքական եւ իրավական պատասխանատուն իր իշխանությունն է. փնթի, անկազմակերպ ու արդեն կոռումպացված: Մինչդեռ Փաշինյանը ոչ միայն չի մտահոգվում այդ ողբերգություններով ու դրանց արդյունքում առկա հարյուրավոր զոհերով, այլեւ չափազանց հանգիստ է: Նա գիտի, որ այդ ողբերգություններն ու դրանց զոհերը ոչ միայն չեն խարխլում իր իշխանությունը, այլեւ, ընդհակառակը, ավելի են ուժեղացնում այն, այդ ողբերգություններն ու անընդհատ թափվող արյունը սնում են իր իշխանությունը՝ նոր էներգիա եւ ուժ հաղորդելով իրեն ու իր իշխանությանը:
Իր իշխանությունը պահելու համար Փաշինյանին պետք է, որ հայ հասարակությունն աչք չբացի աղետներից ու ողբերգություններից, որ մարդիկ անընդհատ զբաղված լինեն իրենց մեռելներին որոնելով, գտնելով, թաղելով, նրանց հիշատակը հարգելով: Մեկն իր հարազատին է փնտրում ու չի գտնում «Սումալուի» փլատակների տակ, մյուսը՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական տարածքում, երրորդը՝ զորանոցի մոխրակույտերում: Փաշինյանն ու նրա իշխանության ներկայացուցիչները համոզված են, որ ողբի ու սգի մեջ գտնվող հասարակությունն ապրում է ուրիշ մտահոգություններով, ուրիշ տարածության մեջ: Որդի, եղբայր, հայր, ամուսին, հարազատ կորցրած մարդու համար այլեւս կարեւոր չէ, թե երկրում ինչ իշխանություն է, երկրում գնաճ կա՞, թե՞ չկա, ապրանքները թանկացե՞լ են, թե՞ էժանացել, վառելիք կա՞, թե՞ չկա, տանը ցո՞ւրտ է, թե՞ շոգ, հագին ինչ հագուստ կա, Արցախը շրջափակվա՞ծ է, թե՞ Ադրբեջանի կազմում, թշնամին միջա՞նցք է ուզում, Սյունի՞քը, թե՞ ամբողջ Հայաստանը: Հազարավոր, տասնյակ հազարավոր մարդկանց համար կյանքը, օրը սկսվում եւ ավարտվում է իրենց սիրելիների գերեզմաններ այցելելով, գերեզմանաքարի կողքին նստելով, նրանց հետ խոսելով, ծննդյան տոնը նշելով:
Փաշինյանին պետք է, որ հասարակությունն ուշքի չգա ողբերգությունների պատճառած ցավից ու շոկից, որովհետեւ ինքն ու իր մերձավոր շրջապատը դրա միակ շահառուներն են: Հաստատ պնդել, որ Փաշինյանը հատուկ է կազմակերպում այդ ողբերգությունները, չեմ կարող, բայց դրա համար հատուկ ջանք պետք էլ չէ: Երբ երկրում չկա պետական կառավարում, իսկ չինովնիկության մեծ մասը զբաղված է պետական բյուջեի միջոցները յուրացնելով ու հարստություն կուտակելով, իսկ Փաշինյանի միակ մտահոգությունը ոստիկանության եւ անձնական անվտանգությունն ապահովող ուժերի քանակը եւ տեխնիկական հագեցվածությունը մեծացնելն է, ողբերգական պատահարներն ու դրանց հետեւանքով զոհերն ինքնըստինքյան կլինեն, այնպես, ինչպես 44-օրյա պատերազմի հազարավոր զոհերն ու հարյուրավոր գերեվարվածները պետության ապաշնորհ կառավարման կամ կառավարման իսպառ բացակայության արդյունք էին:
ՀԳ. Ընդամենը հինգ օր առաջ Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը հրաժարական ներկայացրեց՝ կանցլեր Օլաֆ Շոլցին ուղղված դիմումում իր հրաժարականը պայմանավորելով լրատվամիջոցների կողմից իր անձի նկատմամբ սեւեռված ուշադրությամբ, ինչը «հազիվ թե թույլ է տալիս օբյեկտիվ լուսաբանել եւ քննարկել զինվորների, զինված ուժերի եւ անվտանգության քաղաքականության ընթացքը՝ ի շահ Գերմանիայի քաղաքացիների»: Իսկ լրատվամիջոցներն էլ տիկին Լամբրեխտի անձի նկատմամբ սեւեռվել էին ոչ թե բանակում ողբերգական պատահարների, տասնյակ եւ հարյուրավոր զոհերի, երկրի տարածքային կորուստների, այլ ընդամենը նրա ամանորյա մի չհաջողված արտահայտության պատճառով: Ամփոփելով 2022 թվականը՝ նա ասել էր, որ Ուկրաինայի պատերազմն իրեն հնարավորություն տվեց ձեռք բերել «շատ հատուկ փորձառություններ, բազմաթիվ հետաքրքիր հանդիպումներ եւ շփումներ հայտնի մարդկանց հետ»:
Ավետիս Բաբաջանյան
Կարծիքներ