Ի՞նչ ճանապարհով այս փաստաթուղթը կարելի է համարել իրավական հետեւանքներ չունեցող

Ի՞նչ ճանապարհով այս փաստաթուղթը կարելի է համարել իրավական հետեւանքներ չունեցող

Ադրբեջանի նախագահը նոյեմբերի 11-ին վիրավոր զինծառայողներին հոսպիտալում այցելության ժամանակ հայտարարել է, որ Բաքուն միջազգային փորձագետներ է հրավիրելու՝ գնահատելու այն նյութական եւ բարոյական վնասները, որոնք հասցվել են հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող իր տարածքներին: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ գործակալությունը: Իլհամ Ալիեւն ասել է, որ միջազգային դատարան է դիմելու եւ փոխհատուցում է պահանջելու հայկական կողմից: Ըստ Ադրբեջանի նախագահի, «ազատագրված» տարածքների շինությունների 99 տոկոսը՝ բնակելի տների, դպրոցների, հիվանդանոցների, մզկիթների, գերեզմանների ու պատմական հուշարձանների, ոչնչացվել է: 

Իրավապաշտպան, ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ Ադրբեջանի նախագահի այս պահանջը հետեւանք է մեր սխալ ձեւակերպումների: «Բազմիցս զգուշացրել ենք, որ մենք չպետք է ասենք, որ այդ հողերն անվտանգության գոտի են, եւ հիմա էլ սուս-փուս հանձնենք: Մենք պետք է ապացուցեինք, որ այդ հողերը միջազգային իրավունքի կոռեկտ առումով երբեւիցե չեն պատկանել Ադրբեջանին: Իսկ հիմա, քանի որ Հայաստանը չի ասում՝ դու ես զավթել, այլ ասում է՝ վերադարձնում եմ, նա էլ հարցը դնում է այսպես. քանի որ դրանք օկուպացվել են, ամբողջովին ոչնչացրել են եւ դեգրադացիայի են ենթարկել, փոխհատուցում ենք պահանջում»,- ասաց նա, պատասխանելով մեր հարցերին:   

- Այդ դեպքում որքանո՞վ է հեռանկարային այս պահանջը:  

- Հեռանկարները չեմ կարող ասել, որովհետեւ միջազգային իրավունքը ոչ միայն իրավական նորմերի, այլեւ միջազգային հարաբերությունների վրա է հիմնվում, եւ թե դա ինչպես կլինի, որ կողմը ծանր կլինի, դժվար է ասել: Իսկ եթե նայենք թուրքական եւ ադրբեջանական, անունը դնենք՝ դիվանագիտական կողմի ակտիվությունը եւ հայկական կողմի պասիվ, եթե չասենք, նահանջողական կեցվածքն այս տարիների ընթացքում, ապա, իհարկե, մեզ այս առումով սպասվում են դժվար ժամանակներ: 

- Տիկին Ալավերդյան, հայտարարություն կոչվող այս փաստաթուղթն իրավական ուժ ունի՞: Իհարկե, գործնական ուժ ունի, եւ արդեն կրակի դադարեցման, խաղաղապահների տեղակայման մասով իրականացվել է: 

-  Այդ հայտարարությունը կարող է դիտարկվել որպես միջազգային պայմանագիր, քանի որ մեր միջազգային պայմանագրերի մասին օրենքի երկրորդ հոդվածով, բացի նշվածից՝ համաձայնագիր, համաձայնություն, պայմանագիր, նշված է նաեւ հետեւյալը՝ «եւ ցանկացած այլ անվանումով փաստաթուղթ, որը միջազգային պրակտիկայում ունի նախադեպեր»: Հիմա, հայտարարությունն այս ունի նախադեպեր, եւ տարածական մեկնաբանության դեպքում մի կողմից այն կարելի է ընդունել որպես միջազգային պայմանագիր:

- Ո՞րն է այն չեղարկելու տարբերակը, կա՞ այն հետ պտտեցնելու իրավական ճանապարհ: 

- Այո, պարզ իրավական ճանապարհ կա, որը մենք դեռ չենք էլ սկսել: Նախագահը երկրի շատ ճիշտ է արել, որ ասել է, որ փաստաթղթի մասին տեղյակ չէի: Տեղյակ չէր ե՛ւ Ազգային ժողովը, իսկ այս դեպքում ցանկացած միջազգային պայմանագիր, որտեղ շոշափվում է Հայաստանի տարածքների հարցը, պարտադիր պետք է անցնի ԱԺ-ով: Ազգային ժողովը պետք է դիմի Սահմանադրական դատարան, եւ հետագայում ինչ որոշում էլ որ ՍԴ-ն կայացնի, նախագահը պետք է իր ստորագրությամբ դա հաստատի: Այս գործընթացը չի եղել: Այսինքն, Նիկոլ Փաշինյանի կողմից միանձնյա ստորագրված նյութը դեռ իրավական հետեւանք ունեցող փաստաթուղթ չի կարող համարվել: Բայց մի հնարավորություն փակվեց: «Իմ քայլը», որքան ես հասկացա, ոչ բոլոր պատգամավորների իմացությամբ, հայտարարել է, որ ընդունում է հայտարարության պայմանները: Սակայն մնում է դեռ նախագահի իրավունքը՝ դիմելու Սահմանադրական դատարան՝ այդ նյութի՝ չեմ ուզում անվանումը տալ, սահմանադրականության հարցը քննարկելու համար: ՍԴ-ն կարող է ընդունել երկու տիպի որոշում: Մեկը՝ որ դա միջազգային պայմանագիր է եւ չի կարող համարվել ուժի մեջ մտած, որովհետեւ դեռ պետք է անցնի որոշակի գործընթաց, եւ երկրորդ՝ որ նա չի ընդունում այս փաստաթուղթը դիտարկման, որովհետեւ չի տեսնում այդտեղ անհրաժեշտ պայմանները: Այս երկու որոշումներն էլ կարող են հիմք ծառայել՝ այդ փաստաթուղթը համարել իրավական հետեւանքներ չունեցող: Բայց այս ամենի համար անհրաժեշտ է նախագահի քաղաքական կամքը: 

- Եթե այս ճանապարհն իրագործվի, չկա՞ վտանգ, որ Հայաստանն այս փաստաթղթով ստացածն էլ կկորցնի, որովհետեւ Ադրբեջանը պատերազմը կվերսկսի անմիջապես: 

- Նախ, Ադրբեջանը, եթե պատրաստ լիներ շարունակելու պատերազմը, կշարունակեր: Եվ նա այսօր էլ, մինչեւ մենք ձեզ հետ խոսում ենք, պատրաստվում է, վերակառուցում է իր հնարավորությունները եւ երբեւիցե չի դադարեցնելու իր նկրտումներն այլ ուղղություններով եւս: Երկրորդ․ ունենք հիմնավոր կասկածներ, որ այս ամբողջ ընթացքում տեղի են ունեցել զինվորականներին խանգարելու գործընթացներ: Մեր բանակը՝ ե՛ւ Արցախի, ե՛ւ Հայաստանի, դեռ չի ներդրել հնարավորությունները, որոնք ունի: Արդեն սա է խոսում այն մասին, որ եղել են քաղաքական եւ ռազմական վերնախավի չհամաձայնեցված գործողություններ: Մենք կհաջողենք, եթե կարողանանք ունենալ միաժամանակ ե՛ւ Արցախում, ե՛ւ Հայաստանում ամբողջովին ազնիվ ղեկավարություն, որը չի խանգարի մեր ռազմական ղեկավարներին: 

- Այս հայտարարության հիման վրա դեռ պետք է այլ փաստաթուղթ ստեղծվի, այնպես չէ՞․ խաղաղության պայմանագիր կամ համաձայնագիր: Կարո՞ղ է այս փաստաթուղթը հենց այս տեսքով էլ մնալ: 

- Չէ, երկու բան կա: Նախատեսվում է, որ դրանից հետո պաշտպանության նախարարները պետք է հանդիպեն, ճիշտ այնպես, ինչպես 1994 թվականին եղավ, Բիշկեքյան արձանագրության ժամանակ, կազմվեց կրակի դադարեցման մասին համաձայնագիր: Նույնը այսօր պետք է տեղի ունենա, եւ այստեղ կան վիճահարույց հարցեր. պե՞տք է գնա պաշտպանության նախարարը, թե՞ առայժմ պետք է մնա այս փաստաթուղթը, մինչեւ որ հաստատվի դրա սահմանադրականությունը: